15.10.2007 | 
Հասարակություն
ՀԱՅ ԴՈՒԴՈՒԿԻ ԵՐԳԸ ՌՈՒՍԵՐԵՆ
ՀԱՅ ԴՈՒԴՈՒԿԻ ԵՐԳԸ ՌՈՒՍԵՐԵՆ
«Միակ նպատակը, որին ձգտում եմ, այն է, որ մեր երկու ժողովուրդները երբեք չկորցնեն իրենց ընկերությունը»,- ասաց Անատոլի Եգինը:

Այսօր Պալեանների անվան դահլիճում ԵՊՀ-ն հյուրընկալեց Ռուսաստանի վաստակավոր բժիշկ, հասարակական եւ քաղաքական գործիչ, Վոլգոգրադի քաղաքային դումայի պատգամավոր, քաղաքային դումայի «Միացյալ Ռուսաստան» խմբակցության նախագահ, բանաստեղծ եւ հայերի մեծ բարեկամ Անատոլի Եգինին:

«Նա խորությամբ ուսումնասիրել է հայ ազգի եւ նրա մշակույթի պատմությունը, հրաշալի գիտի մեր բոլոր պատմական հուշարձանները, իսկ Հայաստանի հանդեպ նրա սերն իր արտացոլումն է գտել նաեւ իր գրած բանաստեղծություններում»,- ասաց ԵՊՀ ռուս բանասիրության ֆակուլտետի դեկան Պավել Բալայանը:

Հայ ժողովրդի մեծ բարեկամն արդեն տասներորդ անգամ է Հայաստանում, սակայն առաջին անգամ է այցելում ԵՊՀ: 

Երկու բանաստեղծական ժողովածուների հեղինակը համալսարանականներին ներկայացրեց իր «Դուդուկի երգերը» պոեմը: Հայ ժողովրդի պատմության գրեթե ողջ ընթացքը ներկայացնող պոեմը նվիրված է Հայոց մեծ եղեռնին եւ առաջին անգամ հնչել է այս տարվա ապրիլի 24-ին:

Ներկաները հնարավորություն ունեցան «Դուդուկի երգերը» լսել ամբողջությամբ: Դուդուկի կենդանի երաժաշտության ուղեկցությամբ պոեմը կարդացին հեղինակը` Անատոլի Եգինը, եւ Վոլգոգրադում Երեւանի ներկայացուցիչ Աշոտ Գրիգորյանը: Պոեմի վերջին լավատեսական տողերից հետո Նոր Նորք համայնքի պարի խումբը պարեց հայկական «Բերդը»:

Շնորհակալական ելույթից հետո ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը Անատոլի Եգինին հանձնեց ԵՊՀ արծաթե մեդալ:

«Ի նշան մեր ժողովուրդների բարեկամությունը ամրապնդող Ձեր ծավալած գործունեության, ի նշան Երեւանի եւ Վոլգոգրադի համագործակցության եւ ի նշան Ձեր` ԵՊՀ այցելության մասին բարի հուշերի»,- ասաց ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը:

Այլ նորություններ
ՀԱՄԱՐԵՔ, ՈՐ ԵՍ ԵՄ ՀՈՐԴՈՐԵԼ ՀԽ ԱՆԴԱՄՆԵՐԻՆ՝ ԳՐԵԼՈՒ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԻ ԴԻՄՈՒՄՆԵՐ. ՎԱՀՐԱՄ ԴՈՒՄԱՆՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ԵՊՀ ԳԻՏԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՀԵՏ
ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում այսօր տեղի է ունեցել ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի հանդիպումը ԵՊՀ գիտխորհրդի անդամների հետ:
ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՄՐՑԱՆԱԿԱՅԻՆ ՏԵՂԵՐ ԵՆ ԶԲԱՂԵՑՐԵԼ ԵՐԳԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՄՐՑՈՒՅԹՈՒՄ
Ա. Բաբաջանյանի անվան համերգասրահում այսօր տեղի է ունեցել Հայրենական մեծ պատերազմին նվիրված երգերի՝ «Военные песни России» խորագիրը կրող հանրապետական մրցույթի գալահամերգը: