20.04.2021 | 
Կրթություն
«…ՈՐՊԵՍԶԻ ԵՐԵԽԱՆԵՐԸ ՄՈՏ ԼԻՆԵՆ ԳԻՏՈՒԹՅԱՆԸ, ԳԻՏԵԼԻՔԻՆ»․ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՈՂՄՆՈՐՈՇՄԱՆ ԱՅՑԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ
«…ՈՐՊԵՍԶԻ ԵՐԵԽԱՆԵՐԸ ՄՈՏ ԼԻՆԵՆ ԳԻՏՈՒԹՅԱՆԸ, ԳԻՏԵԼԻՔԻՆ»․ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՈՂՄՆՈՐՈՇՄԱՆ ԱՅՑԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ
ԵՊՀ մինչհամալսարանական կրթության վարչության կողմից կազմակերպվող մասնագիտական կողմնորոշման նպատակով փոխայցելությունները շարունակվում են։ Այս անգամ աշակերտները եղել են համալսարանում, իսկ Հայ բանասիրության ֆակուլտետի դոցենտը՝ դպրոցում։

Երևանի պետական համալսարանն այսօր հյուրընկալել էր Կոտայքի մարզի Նոր Գեղի համար 1 միջնակարգ դպրոցի 8, 9, 10, 11-րդ դասարանների աշակերտներին։


Աշակերտներն սկզբում այցելեցին ԵՊՀ Լ. Ղարիբջանյանի անվան պատմության թանգարան, որտեղ թանգարանի տնօրեն Հեղինե Գասպարյանը պատմեց Հայաստանի առաջին բարձրագույն ուսումնական հաստատության ստեղծման պատմությունը և ներկայացրեց նրա ավելի քան մեկդարյա կրթական ու գիտական նվաճումները։


Տիկին Գասպարյանը մանրամասն ներկայացրեց Հայաստանում բուհ ունենալու գաղափարը, դրա իրագործումն ու զարգացումը։ Նա թանգարանի նմուշների միջոցով աշակերտներին ցույց տվեց համալսարանի հիմնադրման հրամանը, առաջին շենքն ու առաջին դասացուցակը։ Թանգարանի տնօրենը խոսեց նաև հանրաճանաչ համալսարանականների մասին՝ նշելով, որ ԵՊՀ-ն մինչ օրս ունեցել է 148 հազար շրջանավարտ, որոնցից շատերն ունեն միջազգային ճանաչում գիտության, քաղաքականության, մշակույթի ասպարեզում։

 


Թանգարան շրջայցի ընթացքում աշակերտները հնարավորություն ունեցան հարցեր հղելու Հ. Գասպարյանին։


Աշակերտների՝ ԵՊՀ այցը շարունակվեց Միջազգային հարաբերությունների, Աշխարհագրության և երկրաբանության, Իրավագիտության ֆակուլտետներում։ Ֆակուլտետների դեկաններն ու պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներն աշակերտներին պատմեցին ֆակուլտետների հիմնադրման, առկա մասնագիտությունների ու ավարտելուց հետո աշխատաշուկայում դրանց ընձեռած հնարավորությունների մասին:

 


Մեզ հետ զրույցում Նոր Գեղի միջնակարգ դպրոցի կազմակերպիչ Մարինե Օհանյանն ասաց, որ նմանատիպ հանդիպումների շնորհիվ աշակերտները ծանոթանում են համալսարանին, հասկանում բարձրագույն կրթության դերը։


«Նմանօրինակ այցերը շատ ենք կարևորում։ Այսքան տարածություն ենք հաղթահարում, գալիս, որպեսզի երեխաները մոտ լինեն գիտությանը, գիտելիքին»,- ասաց նա։


Հավելենք, որ Մինչհամալսարանական կրթության վարչության կողմից կազմակերպվող այցելությունների շրջանակում այսօր ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի հայ գրականության պատմության ամբիոնի դոցենտ Հայկ Համբարձումյանը եղել է Երևանի թիվ 94 ավագ դպրոցում և «Սասնա ծռեր» խորագրով դասախոսություն կարդացել։

Այլ նորություններ
«ԸՆՏԱՆԻՔԻ ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ». ՄԱԳԻՍՏՐՈՍԱԿԱՆ ՆՈՐ ԾՐԱԳԻՐ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետում ներդրվել է «Ընտանիքի հոգեբանություն» մագիստրոսական նոր ծրագիրը, որի նպատակն է ընտանիքի հետ աշխատող ապագա մասնագետներին տրամադրել տեսական և գործնական գիտելիքներ, որոնք կհամապատասխանեն ժամանակակից ընտանիքի հիմնախնդիրների լուծման ու հաղթահարման պահանջներին:
ՎԵՐԱԶԻՆՎԱԾ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՅԻ ԲԱՑՈՒՄ, ԴԻՊԼՈՄՆԵՐԻ ՀԱՆՁՆՈՒՄ ՄԱԹԵՄԱՏԻԿԱՅԻ ԵՎ ՄԵԽԱՆԻԿԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ
ԵՊՀ մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետում այսօր տեղի է ունեցել լաբորատորիայի վերաբացման, ինչպես նաև շրջանավարտների դիպլոմների հանձնման արարողություններ: