11.10.2010 | 
Հասարակություն
ԻՋԵՎԱՆԻ ՈՒ ՎԱԼԱՆՍԻ ՄԻՋԵՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ «ՆՈՐՈԳՎԵԼ Է»
ԻՋԵՎԱՆԻ ՈՒ ՎԱԼԱՆՍԻ ՄԻՋԵՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ «ՆՈՐՈԳՎԵԼ Է»
ԵՊՀ Իջեւանի մասնաճյուղում կգործի Ֆրանսերեն լեզվի մարզային կենտրոն:

Հոկտեմբերի 4-ին Իջեւանի քաղաքապետ Վարուժան Ներսիսյանը եւ Վալանս քաղաքի քաղաքապետ Ալեն Մորիսը կնքել են համագործակցության հզորացման պայմանագիր: Ֆրանսիական Վալանսն ու հայկական Իջեւանը 1996 թվականից քույր քաղաքներ են եւ համագործակցում են հատկապես կրթության ոլորտում: Իջեւան այցի ընթացքում քաղաքապետը եղել է նաեւ ԵՊՀ Իջեւանի մասնաճյուղում: Այցի ընթացքում Ալեն Մորիսը եւ ԵՊՀ Իջեւանի մասնաճյուղի տնօրեն Սամվել Առաքելյանը պայմանավորվածություն են ձեռք բերել` բուհում Ֆրանսերեն լեզվի մարզային կենտրոն ստեղծելու մասին: Բուհի` ֆրանսերեն դասավանդող դասախոսները եւ ֆրանսերեն սովորող, գերազանց առաջադիմություն ունեցող բարձր կուրսեցիները կենտրոնում հասարակական հիմունքներով ֆրանսերեն կսովորեցնեն բոլոր ցանկացողներին: Սամվել Առաքելյանը նշում է, որ անհրաժեշտության դեպքում իրենք կարող են մասնագետներ ուղարկել Տավուշի մարզի հեռավոր դպրոցներ, որպեսզի դպրոցի ուսուցիչները տեղում վերապատրաստվեն:

 

«Ֆրանսերենի ուսուցման մակարդակը Տավուշի մարզում միշտ էլ բարձր է եղել: Վերջին տարիներին, սակայն, այն սկսել է զիջել անգլերենին: Մենք ուզում ենք վերականգնել այդ լավ ու բարի ավանդույթը, քանի որ մեր երկրի ու Ֆրանսիայի միջեւ կապը ոչ միայն դիվանագիտական է, այլեւ բարոյական»,- ընդգծեց ԵՊՀ Իջեւանի մասնաճյուղի տնօրեն Սամվել Առաքելյանը: Ալեն Մորիսը խոստացել է, որ առաջիկայում կուղարկեն հիմնականում տեղեկատվական նյութեր` գրքեր, թերթեր եւ այլն: Իսկ ավելի ուշ կլուծեն նաեւ լսարանի կահավորման ու տեխնիկական հագեցվածության խնդիրը: Նախատեսվում է, որ կենտրոնը հնարավորություն կունենա 30-40 հոգու ընդունել: Սամվել Առաքելյանը նաեւ առաջարկել է Իջեւանի եւ Վալանսի ուսանողների փոխայցերի, ուսանողական ճամբարների ստեղծման ծրագիր մշակել, որի շնորհիվ իջեւանցի ուսանողները կմեկնեն Վալանս, իսկ ֆրանսիացի ուսանողներն էլ Իջեւանում կհյուրընկալվեն ուսանողների ընտանիքներում: Վալանսի քաղաքապետ Ալեն Մորիսն իր հերթին հավանություն է տվել այս ծրագրին: Ի դեպ, նմանատիպ փորձ իջեւանցիներն արդեն ունեն: Ընդամենը մեկ ամիս առաջ` սեպտեմբերին, ԵՊՀ Իջեւանի մասնաճյուղի 4 ուսանողներ մեկ շաբաթով հյուրընկալվել են Վալանսում, ծանոթացել իրենց ֆրանսիացի հասակակիցների հետ եւ նույնիսկ հաղթել նրանց ֆուտբոլի մրցաշարում:

Այլ նորություններ
ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՀԱՆՐԱՔՎԵՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ. ՍԵՄԻՆԱՐ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի նախաձեռնությամբ դասախոսությամբ է հանդես եկել ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի քարտուղարության ղեկավարի տեղակալ, Ժողովրդավարության, պառլամենտարիզմի զարգացման և ԱՊՀ երկրների քաղաքացիների ընտրական իրավունքների պաշտպանության մոնիթորինգի միջազգային ինստիտուտի տնօրեն Մուշկետ Իվան Իլիչը։
«ՄԵԾԱՊԵՍ ԱՐԺԵՎՈՐՈՒՄ ԵՄ ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ, ԵՎ ԵԹԵ ՄԵՆՔ ԿԱՐՈՂԱՆԱՆՔ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ ԱՅԴ ՈՒՂՈՒ ՎՐԱ ԴՆԵԼ, ՄԵՐ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐԵԼԻ Է ՀԱՋՈՂՎԱԾ ՀԱՄԱՐԵԼ ». ԼԻԼԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ
ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի անգլերենի թիվ 2 ամբիոնի դոցենտ Լիլիթ Սարգսյանը «Երևանի պետական համալսարանում դասավանդման գերազանցության մրցանակ» ամենամյա մրցույթի բանասիրական անվանակարգի հաղթողներից մեկն է: Տիկին Սարգսյանի հետ զրուցել ենք մանկավարժական ու գիտական գործունեության, կրթության և գիտության ոլորտների հիմնախնդիրների, դրանց լուծման ճանապարհների և այլ թեմաների մասին: