25.06.2010 | 
Հասարակություն
ՄԻ ԱՄԲՈՂՋ ԱԶԳԻ «ՀՈՒՇԵՐԻ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ»
ՄԻ ԱՄԲՈՂՋ ԱԶԳԻ «ՀՈՒՇԵՐԻ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ»
«Իմ հուշերի ճանապարհով». հայ ազգի պատմությունը 100-ամյա պապիկի հուշերով:

ԵՊՀ Երկանյանների անվան լսարանում այսօր կայացավ Երվանդ Կյուրեղյանի «Իմ հուշերի ճանապարհով» գրքի շնորհանդեսը: Գիրքը հրատարակվել է ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտի եւ «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի կողմից` հեղինակի զավակների` Վարուժան Կյուրեղյանի եւ Անժել Ալթունյանի անմիջական աջակցությամբ:

 

«Տասնյակ տարիներ ես համոզում էի հորս` գրի առնելու իր հիշողությունները, սակայն չէր համոզվում. հիշելիս հուզվում էր, արտասվում: Երկար պատմում էր, խոսում, սակայն գրել չէր ուզում, որովհետեւ ինքնուսույց պարզ ռամիկ հայ էր: Այս գիրքը բոլոր նրանց համար է, ովքեր ուզում են իմանալ մեր պատմությունը, մեր նախնիների սխրանքներն ու կորուստները, դրանց իրական պատճառները: Մեր նոր սերունդը չգիտի, թե ինչպես է այս հողը մեզ բաժին հասել, ինչ գնով է գոյացել Հայաստան պետությունը, ու գուցե այս գիրքն օգնի նրանց հասկանալու»,- ասում է հեղինակի որդին` Վարուժան Կյուրեղյանը: Երվանդ Կյուրեղյանը ծնվել է 1888 թ-ին Վան նահանգի Հայոց ձոր գավառակի Քերծ գյուղում: Դեռեւս պատանի` նա Օսմանյան կայսրության հայահալած քաղաքականության պատճառով զինվորագրվել է հայ ազգային-ազատագրական պայքարին, մասնակցել Վանի եւ Սարդարապատի հերոսամարտերին: 1921-ին անցել է Պարսկաստան: Իրանում տիրող քաղաքական իրավիճակի պատճառով չի կարողացել վերադառնալ հայրենիք: 1988 թ-ից մինչեւ մահ ապրել է Լոս-Անջելեսում:

 

Հեղինակին միայն մեկ անգամ է հաջողվել լինել Հայաստանում, այն էլ` որպես զբոսաշրջիկ: Վարուժան Կյուրեղյանը հորը միայն 1988 թ-ին համոզեց հուշերը գրառել, նրա մահից 10 տարի առաջ: Հեղինակն այդ ժամանակ արդեն 100 տարեկան էր, սակայն աներեւակայելի մանրամասնությամբ ու ճշգրտությամբ է շարադրել իր մեկդարյա կյանքի ուղին: Գիրքն առաջին անգամ հեղինակի հարազատների համար հապճեպ տպագրվել է դեռեւս 1990-ականներին: Գիրքը երկրորդ անգամ հրատարակության են պատրաստել ՀՀ ԳԱԱ հայագիտության եւ ազգագրության ինստիտուտի գիտաշխատող Սերգեյ Վարդանյանը եւ ԵՊՀ օսմանագիտության կենտրոնի ղեկավար Լուսինե Սահակյանը: Միջոցառման բացման խոսքում Լուսինե Սահակյանը կարեւորեց հեղինակի զավակների հետեւողական վերաբերմունքը` նշելով, որ շատ ու շատ ականատեսներ մեռան գնացին` իրենց հետ տանելով պատմական ու փաստագրական անփոխարինելի տեղեկություններ, իսկ շատերի ձեռագիր գրառումներն էլ այդպես էլ մնացին պահարանում:

 

«Գիրքը միայն տառապանքի ուղիներով անցած մարդու պատմություն չէ, այն ընթերցողին է մատուցում նաեւ ազգագրական հարուստ նյութ գյուղացիների կենցաղի, ընտանեկան սովորույթների, աշխատանքի եւ աշխատանքային երգերի, հայ-թուրքական հարաբերությունների մասին»,- գրքի նախաբանում գրում են հուշագրության խմբագիրները, ովքեր վստահ են, որ գիրքը նաեւ գիտական աշխատությունների համար հարուստ նյութ է` հաշվի առնելով այն հանգամանքը, որ հեղինակը գրքում հիշատակում է բազմաթիվ հանրաճանաչ ու անծանոթ մարդկանց, մոռացումից փրկում նրանց անուններն ու գործերը, համարյա անսխալ հիշում է մեկ-երկու անգամ տեսած տասնյակ ու տասնյակ տեղանուններ, ականատես զինվորի աչքերով ներկայացնում մինչ այժմ զուտ գիտական ու պատմական շարադրանքով ներկայացվող իրադարձությունները: «Երբ առաջարկ ստացա աշխատելու այս գրքի վրա, անմիջապես համաձայնեցի, որովհետեւ հեղինակը Հայոց ձորից էր, այնտեղից էր նաեւ պապս: Եվ ով գիտի, թե գաղթի ու կռվի այդ ճամփեքին չեն հանդիպել արդյո՞ք նրանք: Ու երբ կարդում էի գիրքը, ինձ անընդհատ թվում էր, թե ներկայացվող մարդիկ ու տեղանքն ինձ ծանոթ են, հարազատ»,- նշում է Սերգեյ Վարդանյանը:

 

«Հեղինակի հուշերում արտապատկերվել են ոչ միայն նրա կյանքի դեպքերը, այլեւ վերջին հարյուրամյակում մեր ժողովրդի համար ճակատագրական նշանակություն ունեցող գրեթե բոլոր իրադարձությունները: Գիրքը հրապարակվել է արդի հայերենի ուղղագրությամբ` հարազատ մնալով բնագրին, որը շարադրված է Վանի ու Թավրիզի բարբառներով, ընթերցվում է բուռն հետագրքրքրությամբ ու ավելի ձգողական է, քան հանրահայտ արկածային վեպերից շատերը, քանի որ երկի հեղինակ պատմողի կյանքն էլ եղել է անկարելի թվացող իրական արկածներով լի»,- նշվում է գրականագետ Սամվել Մուրադյանի` գրքին նվիրված հոդվածում: Գիրքը հարուստ է տեղեկատվական օժանդակ նյութերով:

 

Բնագրին ավելացվել են 390 ծանոթագրություններ եւ հեղինակի մարտական ուղին արտացոլող քարտեզներ, որոնց հեղինակն է պատմաբան-քարտեզագիր Գեղամ Բադալյանը: «Երվանդ Կյուրեղյանի գործը մահացած կլիներ, եթե չլիներ Վարուժան Կյուրեղյանը: Վարուժանը շարունակում է այն կռիվը, որ դրված է մեր ուսերին, Վարուժանը կրողն է այն խաչի, որ պարտադրված է մեզ: Վարուժան Կյուրեղյանի բարեգործական ծրագրերը իր հոր գործի շարունակությունն է, այն նույն պայքարը»,- իր ելույթում նշեց ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի դեկան Գուրգեն Մելիքյանը, ում անունը կրող բարեգործական հիմնադրամի ամենաակտիվ աջակիցներից մեկը հենց Վարուժան Կյուրեղյանն է: Գրքին կցված է նաեւ խտասկավառակ, որտեղ շուրջ 30 րոպեանոց ֆիլմով ներկայացվում են հուշագրությունն ու հեղինակի կյանքի պատմությունը:

Այլ նորություններ
ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՀԱՆՐԱՔՎԵՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ. ՍԵՄԻՆԱՐ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի նախաձեռնությամբ դասախոսությամբ է հանդես եկել ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի քարտուղարության ղեկավարի տեղակալ, Ժողովրդավարության, պառլամենտարիզմի զարգացման և ԱՊՀ երկրների քաղաքացիների ընտրական իրավունքների պաշտպանության մոնիթորինգի միջազգային ինստիտուտի տնօրեն Մուշկետ Իվան Իլիչը։
«ՄԵԾԱՊԵՍ ԱՐԺԵՎՈՐՈՒՄ ԵՄ ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ, ԵՎ ԵԹԵ ՄԵՆՔ ԿԱՐՈՂԱՆԱՆՔ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ ԱՅԴ ՈՒՂՈՒ ՎՐԱ ԴՆԵԼ, ՄԵՐ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐԵԼԻ Է ՀԱՋՈՂՎԱԾ ՀԱՄԱՐԵԼ ». ԼԻԼԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ
ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի անգլերենի թիվ 2 ամբիոնի դոցենտ Լիլիթ Սարգսյանը «Երևանի պետական համալսարանում դասավանդման գերազանցության մրցանակ» ամենամյա մրցույթի բանասիրական անվանակարգի հաղթողներից մեկն է: Տիկին Սարգսյանի հետ զրուցել ենք մանկավարժական ու գիտական գործունեության, կրթության և գիտության ոլորտների հիմնախնդիրների, դրանց լուծման ճանապարհների և այլ թեմաների մասին: