09.06.2010 | 
Հասարակություն
ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՆՈՐԱԾԻՆՆԵՐԻ ԾՆՈՂՆԵՐԻՆ
ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՆՈՐԱԾԻՆՆԵՐԻ ԾՆՈՂՆԵՐԻՆ
ԵՊՀ-ում մեկնարկեց սոցիալական նոր ծրագիր:

Երեւանի պետական համալսարանի Արհեստակցական կազմակերպության նախագահի առաջարկով Արհկոմիտեի 07.06.2010 թվականի նիստի որոշմամբ` համալսարանի հաստիքային աշխատողներին առաջին երեխայի ծնվելու կապակցությամբ այսուհետ ԵՊՀ Արհկոմիտեի բյուջեից տրամադրվելու է միանվագ դրամական աջակցություն 35 հազար դրամի չափով:

 

Երկրորդ երեխայի դեպքում գումարը կրկնապատկվելու է, երրորդի դեպքում` եռապատկվելու: Զույգ երեխա ունենալու դեպքում սահմանված գումարի չափը հաշվարկվելու է առաջին և երկրորդ երեխայի սկզբունքով, երկրորդ զույգ երեխայի դեպքում` երկրորդ և երրորդ երեխայի սկզբունքով: Ծրագիրը մեկնարկել է հունիսի 1-ին` Երեխաների պաշտպանության միջազգային օրը, այն շարունակական բնույթ է կրելու: Այս պահին, Արհկոմիտեի տվյալներով, համալսարանում կա 43 հղի աշխատակցուհի կամ աշխատակցի հղի կին. նրանցից 24-ը առաջին երեխային են սպասում, որոնցից մեկը զույգ է լինելու, 18-ը` երկրորդ երեխային, իսկ մեկը` երրորդ:

 

Համաձայն սահմանված կարգի, եթե ծնված երեխայի մայրն է համալսարանական, ապա պետք է ներկայացնել մոր անձնագրի եւ ծնված երեխայի ծննդյան վկայականի պատճենները, իսկ եթե նորածնի հայրն է համալսարական` ամուսինների անձնագրերի, ամուսնության վկայականի եւ երեխայի ծննդյան վկայականի պատճենները: Երկրորդ երեխաների դեպքում պետք է ներկայացնել առաջինի ծննդյան վկայականի պատճեն, երրորդի դեպքում` առաջին և երկրորդ երեխաներինը: Զագսով ամուսնացած չլինելու դեպքում պետք է ներկայացնել հայրությունը ճանաչող փաստաթուղթ: Սոցիալական այս ծրագրի շրջանակում ԵՊՀ արհկոմիտեն ցանկանում է հնարավորինս խրախուսել ծնելիության բարձրացմանը եւ աջակցել երիտասարդ համալսարանականների ընտանիքներին: Պարոն Ավետիսյանն ասում է, որ նման դեպքերում մարդկանց` իրենց մասին տեղեկություն հայտնելու կապակցությամբ խուսափողականության հետևանքով, հավանաբար, վերը նշված տվյալները կարող են փոփոխվել:

 

Արհկոմիտեի նախագահի կարծիքով` ծրագրի ընթացքի մեջ մտնելուց հետո այս թիվը կավելանա: Արմեն Ավետիսյանն ասում է, որ 35 հազար դրամով հնարավոր չէ բարելավել մարդկանց սոցիալական պայմանները, սակայն աջակիցներ ու գործընկերներ ունենալու դեպքում ԵՊՀ արհկոմիտեն պատրաստ է միանվագ աջակցության գումարը ավելացնել, որպեսզի գիտակրթական գործունեությամբ զբաղվող մարդիկ կարողանան որոշակի սոցիալական խնդիրներ լուծել:

 

«Մենք մեծ սիրով կողջունենք եւ կհամագործակցենք այն կազմակերպությունների ու հիմնադրամների հետ, ովքեր ցանկություն կհայտնեն այս սոցիալական ծրագրի շրջանակում միանալ ԵՊՀ արհկոմիտեի նախաձեռնությանը»,- ասում է պարոն Ավետիսյանը: Նրա կարծիքով, այս ծրագիրը խթան կարող է հանդիսանալ մյուս բուհերի արհեստակցական կազմակերպությունների համար:

Այլ նորություններ
ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՀԱՆՐԱՔՎԵՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ. ՍԵՄԻՆԱՐ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի նախաձեռնությամբ դասախոսությամբ է հանդես եկել ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի քարտուղարության ղեկավարի տեղակալ, Ժողովրդավարության, պառլամենտարիզմի զարգացման և ԱՊՀ երկրների քաղաքացիների ընտրական իրավունքների պաշտպանության մոնիթորինգի միջազգային ինստիտուտի տնօրեն Մուշկետ Իվան Իլիչը։
«ՄԵԾԱՊԵՍ ԱՐԺԵՎՈՐՈՒՄ ԵՄ ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ, ԵՎ ԵԹԵ ՄԵՆՔ ԿԱՐՈՂԱՆԱՆՔ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ ԱՅԴ ՈՒՂՈՒ ՎՐԱ ԴՆԵԼ, ՄԵՐ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐԵԼԻ Է ՀԱՋՈՂՎԱԾ ՀԱՄԱՐԵԼ ». ԼԻԼԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ
ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի անգլերենի թիվ 2 ամբիոնի դոցենտ Լիլիթ Սարգսյանը «Երևանի պետական համալսարանում դասավանդման գերազանցության մրցանակ» ամենամյա մրցույթի բանասիրական անվանակարգի հաղթողներից մեկն է: Տիկին Սարգսյանի հետ զրուցել ենք մանկավարժական ու գիտական գործունեության, կրթության և գիտության ոլորտների հիմնախնդիրների, դրանց լուծման ճանապարհների և այլ թեմաների մասին: