11.10.2010 | 
Հասարակություն
ԹԱՐԳՄԱՆՉԱՑ ՏՈՆԸ ՆՇՎԵՑ ՆԱԵՎ ԵՊՀ-ՈՒՄ
ԹԱՐԳՄԱՆՉԱՑ ՏՈՆԸ ՆՇՎԵՑ ՆԱԵՎ ԵՊՀ-ՈՒՄ
«Ճանաչել զիմաստություն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյ…»:

ԵՊՀ ուսանողական գիտական ընկերությունը, ուսանողական խորհուրդը, ուսանողների հետ տարվող աշխատանքների բաժինը, մշակույթի կենտրոնը եւ Էջմիածնի հոգեւոր երիտասարդական կենտրոնը համատեղ կազմակերպել էին միջոցառում` նվիրված Թարգմանչաց տոնին: ԵՊՀ մշակույթի կենտրոնի տնօրեն Կարինե Դավթյանի խոսքերով` առաջին տարին է, որ այս միջոցառումը նշվում է այսքան ընդարձակ ծրագրով, մինչ այս Թարգմանչաց տոնը նշվել է ֆակուլտետային մակարդակով, բայց բոլոր կազմակերպիչները հույս են հայտնում, որ այն շարունակական կլինի: Միջոցառման սկզբում Ավետարանի առաջին հայատառ արտահայտությունը ԵՊՀ տարբեր ֆակուլտետների ուսանողներն ասացին մի քանի լեզուներով, որից հետո Մշակույթի կենտրոնի պարի համույթը ներկայացրեց հայկական այբուբենի տառերի տեսքով խորհրդանշական պարը: ԵՊՀ ուսանողական գիտական ընկերության կողմից Թարգմանչաց տոնի կապակցությամբ հայտարարվել էր թարգմանությունների մրցույթ:

 

106 թարգմանություններից, ըստ ՈՒԳԸ նախագահ Կառլեն Խաչատրյանի, ընտրվել են 35-ը, որոնցից էլ ժյուրին կատարել է իր ընտրությունը: Հաղթողներ են ճանաչվել երեքական մասնակիցներ երեք անվանակարգերում` գրաբար-աշխարհաբար եւ հակառակը, ռոմանագերմանական լեզուներ-հայերեն եւ հակառակը, ռուսերեն-հայերեն եւ հակառակը: ՈՒԳԸ նախագահ Կառլեն Խաչատրյանի վստահեցմամբ` թեմատիկ եւ ժանրային սահմանափակումներ չեն եղել, իտալերեն են թարգմանվել Գրիգոր Նարեկացու եւ Ավետիք Իսահակյանի որոշ ստեղծագործություններ: Առաջին անվանակարգում հաղթող ճանաչվեց Աստվածաբանության ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանողուհի Աննա Ադամյանը, ով գրաբարից աշխարհաբար էր թարգմանել Անանիա Սանահինեցու «Ընդդեմ երկաբնաց» երկը, երկրորդ անվանակարգում հաղթեց Ջորջ Բայրոնի «Տեսա լացը քո» ստեղծագործության թարգմանող Լիլիթ Աբգարյանը: Երրորդ անվանակարգում հաղթողները երկուսն էին` Մերի Սարգսյանը եւ Լուսինե Մուրադյանը, ովքեր ռուսերենից հայերեն էին թարգմանել Վիկտորյա Տոկարեւայի «Թեւավոր ձիեր» ստեղծագործությունը: Հաղթողներին շնորհվեցին պատվոգրեր, իսկ մնացած մասնակիցներին` մասնակցության հավաստագրեր:

 

ԵՊՀ ուսանողների, շրջանավարտների եւ հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանն էլ, ողջունելով մասնակիցներին եւ շնորհավորելով հաղթողներին, նշեց. «Ինձ համար հատկապես ուրախալի է այն, որ այս միջոցառումն առավել մեծ շուքով է նշվում: Թարգմանչաց տոնը, կարծում եմ, հարիր է մեր ներհամալսարանական էությանը, քանի որ այն իր մեջ խտացնում է ոչ միայն մեր ժողովրդի ձգտումը դեպի գիտություն եւ կրթություն, այլ նաեւ մեր ժողովրդի հոգեւոր արժեքներն ու ազգային ինքնությունը»: Բուհերի երիտասարդության հոգեւոր պատասխանատու Գեղամ սարկավագ Ավետիսյանի խոսքերով`բուհերում իրականացվող հոգեւոր ծրագրերի մասն է կազմում նաեւ հոգեւոր, եկեղեցական տոների կարեւորումը: «Ոչ միայն գրերի գյուտով, այլ նաեւ 5-րդ դարում եւ դրանից հետո կատարված թարգմանությունների շնորհիվ է, որ Հայաստանի համար պատմական դժվար ժամանակներում հնարավոր եղավ պահպանել ազգի ինքնությունն ու ոգին: Մեր հայրերի մեկնաբանությամբ` «Ճանաչել իմաստություն»-ը, որը հենց ինքը Հիսուս Քրիստոսն է, իսկ «խրատն ու հանճարի խոսքերը» Աստծո խոսքն են: Եվ Թարգմանչաց տոնի շնորհիվ է, որ մենք կարողանում ենք տեսնել գիտության եւ հավատի ամբողջականությունը: Եվ ինչպես Ալբերտ Էյնշտեյն է ասել. «Հավատն առանց գիտության կաղ է, իսկ գիտությունն առանց հավատի` կույր»: Այսինքն` ճշմարիտ հավատի եւ առողջ գիտության շնորհիվ մենք կարող ենք կերտել մեր ապագան»,-նշեց Գեղամ սարկավագ Ավետիսյանը: Վաղը Էջմիածնում միջոցառման կազմակերպիչներն ու բոլոր մասնակիցները կհանդիպեն նաեւ Ն.Ս.Օ.Տ.Տ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդին:

Այլ նորություններ
ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՀԱՆՐԱՔՎԵՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ. ՍԵՄԻՆԱՐ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի նախաձեռնությամբ դասախոսությամբ է հանդես եկել ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի քարտուղարության ղեկավարի տեղակալ, Ժողովրդավարության, պառլամենտարիզմի զարգացման և ԱՊՀ երկրների քաղաքացիների ընտրական իրավունքների պաշտպանության մոնիթորինգի միջազգային ինստիտուտի տնօրեն Մուշկետ Իվան Իլիչը։
«ՄԵԾԱՊԵՍ ԱՐԺԵՎՈՐՈՒՄ ԵՄ ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ, ԵՎ ԵԹԵ ՄԵՆՔ ԿԱՐՈՂԱՆԱՆՔ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ ԱՅԴ ՈՒՂՈՒ ՎՐԱ ԴՆԵԼ, ՄԵՐ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐԵԼԻ Է ՀԱՋՈՂՎԱԾ ՀԱՄԱՐԵԼ ». ԼԻԼԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ
ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի անգլերենի թիվ 2 ամբիոնի դոցենտ Լիլիթ Սարգսյանը «Երևանի պետական համալսարանում դասավանդման գերազանցության մրցանակ» ամենամյա մրցույթի բանասիրական անվանակարգի հաղթողներից մեկն է: Տիկին Սարգսյանի հետ զրուցել ենք մանկավարժական ու գիտական գործունեության, կրթության և գիտության ոլորտների հիմնախնդիրների, դրանց լուծման ճանապարհների և այլ թեմաների մասին: