26.10.2010 | 
Հասարակություն
ԲԱՐԵԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆ Է
ԲԱՐԵԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆ Է
ԵՊՀ ուսանողների հյուրը «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանն էր:

ԵՊՀ հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության ու «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախաձեռնությամբ այսօր ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում համալսարանականները հյուրընկալեցին հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանին: Հանդիպման հիմնական նպատակն էր ուսանող երիտասարդներին ներկայացնել հիմնադրամը, դրա գործունեության հիմնական ուղղություններն ու առանձնահատկությունները: «Հայաստան» համահայկական հիմնադրամը ստեղծվել է 1992 թ-ին` արտաքին եւ ներքին բարեգործական հոսքերը նպատակաուղղված եւ արդյունավետ ծախսելու նպատակով: Հիմնադրամն ունի 2 տասնյակ կենտրոն աշխարհի 17 երկրներում: Առաջիկայում կենտրոններ կբացվեն նաեւ Ռուսաստանի Դաշնությունում եւ Իրանում: Խոսելով հիմնադրամի ներկա գործունեության մասին` գործադիր տնօրենը մանրակրկիտ ներկայացրեց դրամահավաքի եւ հանգանակված գումարների օգտագործման վերահսկողական համակարգը: Հիմնադրամը ֆինանսական եւ ֆիզիկական ամենամյա աուդիտ է անցնում, սակայն վերահսկողական այդ համակարգում կարող է ներգրավվել ցանկացած բարերար` անկախ այն հանգամանքից` 1 դրամ է նվիրաբերել հիմնադրամին, թե 1000:

 

«Հիմնադրամը առանձին մարմին չէ, հիմնադրամը նվիրատվություն կատարած մարդիկ են: Երբ ասվում է` հիմնադրամը դպրոց է կառուցել, դա նշանակում է, որ դպրոցը կառուցել են այն մարդիկ, ովքեր իրենց գումարներով աջակցել են այդ գործընթացին: Այս պարագայում հիմնադրամը դառնում է կապող օղակ, միջոց` այդ դպրոցը ճիշտ կառուցելու համար»,- պարզաբանում է Արա Վարդանյանը: Հիմնադրամի տնօրենը նշեց, որ իրենց կողմից պարբերաբար արվող դրամահավաքի կոչերի հիմնական նպատակը ոչ այնքան հավաքվող գումարների չափերի մեծացումն է, որքան այդ գործընթացում հնարավորինս շատ մարդկանց ներգրավվումը` անկախ նվիրատվության չափերից: «Դուք կարող եք ընդամենը 10 դրամ ներդնել: Մի՛ կարծեք, թե այդ փոքրիկ գումարը ոչինչ չի փոխում. ձեզ նման միլիոնավոր մարդիկ կարող են լինել: Կատարե՛ք ձեր ներդրումը, թեկուզ չնչին, ու հետագայում անպայման հետեւե՛ք, թե ինչին է ուղղվել ձեր գումարը»,- կոչ է անում Արա Վարդանյանը եւ վստահեցնում, որ եթե ուսանողները տեսնեն իրենց բարեգործության արդյունքները, ապա մեկընդմիշտ կվարակվեն «բարեգործություն» հիվանդությամբ: Հանդիպման երկրորդ մասում Արա Վարդանյանը պատասխանեց ուսանողների հարցերին: Հիմնադրամի աշխատանքների իրականացման գործընթացում երիտասարդությանը ներգրավելու առաջարկին ի պատասխան` հիմնադրամի տնօրենը նշեց, որ իրենց կառույցն այս առումով ամբողջովին բաց ու թափանցիկ է աշխատում:

 

«Ես չգիտեմ, թե հատկապես ինչ ձեւաչափով կարելի է իրականացնել այդ համագործակցությունը, սակայն վստահեցնում եմ, որ ձեզանից յուրաքանչյուրը կարող է առանց խոչընդոտի մասնակցել հիմնադրամի կողմից իրականացվող ցանկացած աշխատանքի»: Արա Վարդանյանը խոսեց նաեւ հասարակության շրջանում տարածված այն վերաբերմունքի մասին, թե «Հայաստան» համահայկական հիմնադրամը գումարային հիմնական հոսքերն ուղղում է Լեռնային Ղարաբաղ: «Իրականում ըստ քանակի` Հայաստանում եւ ԼՂ-ում իրականացվող ծրագրերը հավասար են: Սակայն, եթե անգամ ԼՂ-ին ավելի շատ գումար հատկացվի, երեւույթը չպետք է քննադատության առարկա դառնա: Այսօր Հայաստանը երկու չլուծված խնդիր ունի` ԼՂ-ի ինքնավարության եւ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցերը, ու մենք պետք է մեր ջանքերն ու ռեսուրսներն ուղղենք այդ խնդիրների լուծման ուղղությամբ: Մենք պետք է աշխարհին ցույց տանք, որ Արցախը պետք է հայերին»,- նշեց հիմնադրամի տնօրենը: Հանդիպման վերջում ԵՊՀ ուսանողների, շրջանավարտների եւ հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանն առաջարկեց ուսանողների հետ հանդիպումներին պարբերական բնույթ տալ: Հիմնադրամի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Հասմիկ Գրիգորյանն իր հերթին առաջարկեց այսուհետ իրականացված աշխատանքների բացման արարողություններին մասնակից դարձնել նաեւ համալսարանական մի քանի ուսանողների, ինչն իր անմիջական ազդեցությունը կունենա նրանց` հիմնադրամի աշխատանքների մասին տեղակացվածության եւ դրանց հանդեպ ունեցած վստահության բարձրացման վրա:

Այլ նորություններ
ԵՊՀ-Ն ԿՏՐԱԿԱՆԱՊԵՍ ԴԵՄ Է ՆՇՎԱԾ ԳՈՒՅՔԻ ՕՏԱՐՄԱՆԸ. ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Երեկ մամուլում տարածվեց ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեի մի հարցման պատասխան, որով Կոմիտեն տեղեկացնում էր, որ «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի՝ Աբովյան 52 հասցեում գտնվող գույքի (ավտոկայանատեղի, 197.27 մ2) օտարման վերաբերյալ ունեն առաջարկ, որը քննարկում են շահագրգիռ կողմերի հետ։
ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՎՐԱ ՀԻՄՆՎԱԾ ՓՈՐՁԱՌԱԿԱՆ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ԽԹԱՆՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՔՆՆԱՐԿՈՒՄ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետը Միջազգային համագործակցության վարչության հետ «PRO EXTOUR» նախագծի շրջանակում կազմակերպել էր կոնֆերանս-քննարկում «Սևծովյան ավազանում ժառանգության և մշակույթի վրա հիմնված փորձառական զբոսաշրջության խթանում» խորագրով: