23.11.2009 | 
Ուսանողական, Հասարակություն
ԲԱՐՁՐ ՄՐՑՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԵՐԱՇԽԱՎՈՐՎՈՒՄ Է
ԲԱՐՁՐ ՄՐՑՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԵՐԱՇԽԱՎՈՐՎՈՒՄ Է
«Մեր նպատակը երիտասարդների մրցունակությունը բարձրացնելն է»:

ԵՊՀ շրջանավարտների եւ կարիերայի կենտրոնը ԵՊՀ Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազայում կազմակերպել էր երկօրյա սեմինար-պարապմունք` «Աշխատաշուկայի մարտահրավերները եւ դրանց արձագանքելու ուղիները» թեմայով: Մասնակցում էին ԵՊՀ բարձր կուրսերի 35 ուսանողներ եւ շրջանավարտներ:

 

Շրջանավարտների եւ կարիերայի կենտրոնի գործառույթներից է ոչ միայն աշխատաշուկայում առկա թափուր աշխատատեղերի մասին տեղեկացնելը, այլեւ համալսարանականի մրցունակության բարձրացումը: «Եթե դու լավ մասնագետ ես եւ ունես նաեւ այլ որակներ, բնականաբար, դու ավելի գրավիչ կլինես որպես աշխատող: Մենք պատասխան ենք տալիս այդ որակների համար»,- ասում է ԵՊՀ շրջանավարտների եւ կարիերայի կենտրոնի տնօրեն Արմեն Եսայանցը:

 

Առաջին օրվա թեման թրաֆիքինգն էր` հատկապես երիատասարդության շրջանում: «Դեմոկրատիան այսօր» հ/կ-ի ներկայացուցիչ Հասմիկ Էդիլյանը եւ «ԱՄՔՈՐ» կազմակերպության ներկայացուցիչ Վիկտորիա Ավակովան խոսեցին երիտասարդների թրաֆիկինգի կանխարգելման եւ զոհերի աջակցության կազմակերպման մասին, պատասխանեցին մասնակիցների բազմաթիվ հարցերին:

 

Կազմակերպիչները թեմայի ընտրությունը պայմանավորել են շուկայում առկա վտանգով` աշխատանքային թրաֆիքինգով, երբ մարդուն տանում են արտասահման, խլում փաստաթղթերը եւ աշխատեցնում ստրուկի կարգավիճակով: Սեմինարի երկրորդ օրն ավելի հագեցած էր: Խոսում էին ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի եւ ՄԱԿ-ի կամավորական ծրագրերի մասին: Քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանը հակիրճ ներկայացրեց այդ կառույցը:

 

«Պետական համակարգը կարիք ունի ձեզ նման ազատ, անկաշկանդ ու մաքուր ձեռքերով մարդկանց: Այսօր միայն դիպլոմ ունենալը բավարար չէ. այն պետք է ամրապնդված լինի գիտելիքներով: Ցանկանում եմ, որ հայտնվեք այն օղակներում, որտեղ կզգաք, որ առաքելություն եք կատարում»,- դիմելով մասնակիցներին` ասաց պարոն Բադալյանը:

 

Այնուհետեւ ներկաներին առաջադրվեց խաղ, որի նպատակն էր ցույց տալ, թե ինչպես կարող են դառնալ քաղծառայող, ինչ փուլեր պետք է հաղթահարեն, ինչպիսի ընթացակարգով: Նախ մասնակիցները լրացրին հարցաթերթեր, որոնք ներառում էին ՀՀ Սահմանադրությանը վերաբերող եւ ընդհանուր զարգացվածությունը ստուգող 30 հարցեր, որոնց 90%-ին ճիշտ պատասխանելու դեպքում հրավիրվում են հարցազրույցի:

 

Այդ փուլն էլ բարեհաջող ավարտելուց հետո նրանք աշխատանքի են անցնում պետական որեւէ գերատեսչությունում: Այս դեպքում 35 մասնակիցներից 3-ը հասան հարցազրույցի փուլ, իսկ դարձյալ մասնակիցներից կազմված հանձնաժողովը 3-ին էլ տվեց դրական պատասխան: «Հարցերն այնքան էլ բարդ չէին, ուղղակի ստեղծված իրավիճակն անսովոր էր: Բոլոր ոլորտներն էլ ներառված էին, իրավաքաղաքականին ավելի շատ էին տեղ հատկացրել: Շատ ուրախալի եւ հաճելի էր, որ ներառված էր նաեւ հայագիտության ոլորտը, որին յուրաքանչյուր քաղծառայող պարտավոր է ծանոթ լինել»,- ասում է ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետի ուսանող Հարություն Ազգալդյանը:

 

Մասնակիցներին ներկայացրին նաեւ ՄԱԿ-ի կամավորական ծրագրերը, որոնց շնորհիվ նրանք ե՛ւ աշխատանքային փորձ են ձեռք բերում, ե՛ւ աշխատանքի անցնելու հնարավորություն են ստանում: Ներկա էին նաեւ Ճապոնիայից եւ Իսպանիայից ժամանած երկու երիտասարդ, ովքեր Հայաստանում իրականացնում են կամավորական գործունեություն: Նրանք խոսեցին իրենց փորձի, մեր երկրում ստացած տպավորություների մասին, ինչպես նաեւ պատասխանեցին ներկաների հարցերին:

 

Կազմակերպիչները, հաշվի առնելով այն, որ մասնակիցները նոր են մտնում աշխատաշուկա եւ շատ մանրուքների ծանոթ չեն, անցկացրին նաեւ մի դասընթաց, որի շրջանակներում բացատրեցին, թե ինչպես է պետք ճիշտ ռեզյումե կազմել, ինչպես է պետք ներկայանալ հարցազրույցի եւ այլն: Իսկ հոգեբան Մամիկոն Թոսունյանը ծանոթացրեց ժեստերի լեզվին, որին տիրապետելու դեպքում մարդիկ որոշ առավելություն են ստանում: Իսկ ՈՒԽ-ի անդամները, ովքեր օգնում էին կազմակերպչական հարցերում, անցկացրին մի քանի խաղեր, որոնք մարդու մեջ զարգացնում են վերջնական ունակություններ:

Այլ նորություններ
ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՀԱՆՐԱՔՎԵՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ. ՍԵՄԻՆԱՐ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի նախաձեռնությամբ դասախոսությամբ է հանդես եկել ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի քարտուղարության ղեկավարի տեղակալ, Ժողովրդավարության, պառլամենտարիզմի զարգացման և ԱՊՀ երկրների քաղաքացիների ընտրական իրավունքների պաշտպանության մոնիթորինգի միջազգային ինստիտուտի տնօրեն Մուշկետ Իվան Իլիչը։
«ՄԵԾԱՊԵՍ ԱՐԺԵՎՈՐՈՒՄ ԵՄ ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ, ԵՎ ԵԹԵ ՄԵՆՔ ԿԱՐՈՂԱՆԱՆՔ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ ԱՅԴ ՈՒՂՈՒ ՎՐԱ ԴՆԵԼ, ՄԵՐ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐԵԼԻ Է ՀԱՋՈՂՎԱԾ ՀԱՄԱՐԵԼ ». ԼԻԼԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ
ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի անգլերենի թիվ 2 ամբիոնի դոցենտ Լիլիթ Սարգսյանը «Երևանի պետական համալսարանում դասավանդման գերազանցության մրցանակ» ամենամյա մրցույթի բանասիրական անվանակարգի հաղթողներից մեկն է: Տիկին Սարգսյանի հետ զրուցել ենք մանկավարժական ու գիտական գործունեության, կրթության և գիտության ոլորտների հիմնախնդիրների, դրանց լուծման ճանապարհների և այլ թեմաների մասին: