29.10.2010 | 
Հասարակություն
ԵՊՀ-Ն ՊԱՏՎՈԳՐԵՐ ՀԱՆՁՆԵՑ ՂԱԶԱԽ ԳՐՈՂՆԵՐԻՆ
ԵՊՀ-Ն ՊԱՏՎՈԳՐԵՐ ՀԱՆՁՆԵՑ ՂԱԶԱԽ ԳՐՈՂՆԵՐԻՆ
Ղազախ գրողներն այցելեցին ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի նորաբաց Ղազախական լեզվի, պատմության եւ մշակույթի կենտրոն:

Բախիտժան Կանապյանովը եւ Կայրատ Բակբերգենովը Հայաստանում են Երեւանում անցկացվող ԱՊՀ եւ Բալթյան երկրների թարգմանիչների ու հրատարակիչների 4-րդ համաժողովի շրջանակներում, որը կրում է «Թարգմանական գրականության տարածումն ու ֆինանսավորումը» խորագիրը: Այցի շրջանակներում նրանք այսօր հյուրընկալվեցին նաեւ ԵՊՀ թյուրքագիտության ամբիոնում: Նորաբաց Ղազախական լեզվի, պատմության եւ մշակույթի կենտրոնում կայացած հանդիպման հյուրերն էին Հայաստանում Ղազախստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Այիմդոս Բոզժիգիտովը, ԵՊՀ ընդհանուր հարցերի գծով պրոռեկտոր Արարատ Մալխասյանը, արեւելագիտության ֆակուլտետի ուսանողներն ու դասախոսները: Ողջունելով ու բարի գալուստ հայտնելով ղազախ հյուրերին` ԵՊՀ թյուրքագիտության ամբիոնի վարիչ Ալեքսանդր Սաֆարյանն ասաց. «Հայ-ղազախական կապերը շատ խորը արմատներ ունեն, ինչպես ղազախական գրականության արմատները, որոնք յոթ հարյուրամյակների պատմություն ունեն:

 

Վստահեցնում եմ, որ Հայաստանում շատ լավ գիտեն ղազախական մշակույթի գործիչների, գրականության վառ ներկայացուցիչների անունները»: Բախիտժան Կանապյանովը ներկայացրեց իր խմբագրությամբ լույս տեսնող գրական մի հանդես, որի համարներից մեկն ամբողջությամբ նվիրված է հայ գրականությանը եւ որտեղ թարգմանաբար ներկայացված են Սիլվա Կապուտիկյանի, Հրանտ Մաթեւոսյանի, Մարգո Ղուկասյանի եւ այլոց գործերը: Գրող, սցենարիստ, թարգմանիչ եւ անիմատոր Կայրատ Բակբերգենովը երկրորդ անգամ էր գալիս Հայաստան: Նախորդ այցելության առիթը մուլտիպլիկատորների սեմինարն է եղել Դիլիջանում, որտեղ եւ ծանոթացել է անվանի հայ մուլտիպլիկատոր Ռոբերտ Սահակյանցի հետ: Կայրատ Բակբերգենովի հայ ընկերների ցանկը, սակայն, դրանով չի սահմանափակվում: Գրող Էդվարդ Միլիտոնյանը եւս այդ ցուցակի առաջին հորիզոնականներում է: Հենց վերջինիս բանաստեղծությունների թարգմանություններն էլ ղազախ գրողը ներկայացրել է իր «Արտացոլված տարածություններ» գրքում, որտեղ, հայ հեղինակի գործերից բացի, թարգամանված են նաեւ համաշխարհային հանճարներ Կաֆկայի, Հայնեի եւ այլոց ստեղծագործությունները:

 

«Թարգմանչի համար լավագույն գնահատականն այն է, երբ լռում են ու չեն քննադատում, որովհետեւ իրականում գրականություն թարգմանելը ծանր ու պատասխանատու աշխատանք է»,- կարծում է Կայրատ Բակբերգենովը, ով ղազախերեն է թարգամանել ոչ միայն հայ, այլեւ գերմանացի, բուլղարացի, հունգարացի եւ մի շարք այլ ազգերի գրողների` իրեն հոգեհարազատ ստեղծագործությունները: Հանդիպման ավարտին ԵՊՀ պրոռեկտոր Արարատ Մալխասյանը ռեկտորատի անունից պատվոգրեր հանձնեց երկու ղազախ հյուրերին` հայ-ղազախական մշակութային կապերի ամրապնդան եւ հայ գրականության նմուշների` ղազախերեն թարգամանությունների համար:

Այլ նորություններ
ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՀԱՆՐԱՔՎԵՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ. ՍԵՄԻՆԱՐ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի նախաձեռնությամբ դասախոսությամբ է հանդես եկել ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի քարտուղարության ղեկավարի տեղակալ, Ժողովրդավարության, պառլամենտարիզմի զարգացման և ԱՊՀ երկրների քաղաքացիների ընտրական իրավունքների պաշտպանության մոնիթորինգի միջազգային ինստիտուտի տնօրեն Մուշկետ Իվան Իլիչը։
«ՄԵԾԱՊԵՍ ԱՐԺԵՎՈՐՈՒՄ ԵՄ ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ, ԵՎ ԵԹԵ ՄԵՆՔ ԿԱՐՈՂԱՆԱՆՔ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ ԱՅԴ ՈՒՂՈՒ ՎՐԱ ԴՆԵԼ, ՄԵՐ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐԵԼԻ Է ՀԱՋՈՂՎԱԾ ՀԱՄԱՐԵԼ ». ԼԻԼԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ
ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի անգլերենի թիվ 2 ամբիոնի դոցենտ Լիլիթ Սարգսյանը «Երևանի պետական համալսարանում դասավանդման գերազանցության մրցանակ» ամենամյա մրցույթի բանասիրական անվանակարգի հաղթողներից մեկն է: Տիկին Սարգսյանի հետ զրուցել ենք մանկավարժական ու գիտական գործունեության, կրթության և գիտության ոլորտների հիմնախնդիրների, դրանց լուծման ճանապարհների և այլ թեմաների մասին: