14.10.2010 | 
Հասարակություն
ՄԱՐԴԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ` ԻՐԱՎՈՒՆՔԻ ԼԵԶՎՈՎ
ՄԱՐԴԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ` ԻՐԱՎՈՒՆՔԻ ԼԵԶՎՈՎ
Մարդասիրական իրավունքի մասին խոսում են ոչ միայն իրավաբանները:

Այսօր ԵՊՀ էկոլոգիական իրավունքի կենտրոնում գիտագործնական սեմինար-քննարկում էր: Ներբուհական սեմինարը կազմակերպվել էր ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ՈւԳԸ-ի ջանքերով: Սեմինար-քննարկման թեման մարդասիրական իրավունքն էր: Ըստ միջոցառման ձեւաչափի` մասնակիցները նախ պետք է թեման արծարծող որեւէ ֆիլմ դիտեին, ապա միասին քննարկեին, թե ֆիլմի հերոսների այս կամ այն գործողությունը որքանով է իրավաչափ միջազգային մարդասիրական իրավունքի տեսանկյունից: Նման ձեւաչափով ուսանողական հանդիպում ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ՈւԳԸ-ն կազմակերպել էր նաեւ նախորդ տարի: Այն ժամանակ մասնակիցները ներկայացնում էին տարբեր բուհերի իրավագիտության ֆակուլտետներ, եւ քննարկումը զուտ մասնագիտական էր: Այս անգամ սեմինարը նախատեսված էր միայն ԵՊՀ ուսանողների համար, իսկ մասնակցության նախապայմանը իրավաբանական կրթություն չունենալն էր: «Պատահական չէ, որ մասնակիցները իրավաբանի մասնագիտական գիտելիքներ չունեցող ուսանողներ են: Սեմինարի միջոցով մենք նպատակ ունենք միջազգային մարդասիրական իրավունքին առնչվող խնդիրներին նայել ոչ մասնագետի աչքերով եւ հասկանալ, թե որքանով են տարբերվում տվյալ հարցի շուրջ մասնագիտական կրթություն ունեցող եւ չունեցող ուսանողների դիրքորոշումները»,- պարզաբանում է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ՈւԳԸ անդամ Արտակ Գեւորգյանը:

 

 

Սեմինարի համար ընտրված էր «Պայքար Հադիտայի համար» վերնագրով ամերիկյան արտադրության օսկարակիր գեղարվեստական ֆիլմը, որը պատմում է իրաքցիների եւ ամերիկյան ռազմական ուժերի ընդհարումների մասին: ԵՊՀ տարբեր ֆակուլտետներից հավաքված ուսանողները քննարկման միջոցով ֆիլմից նախապես առանձնացված կոնկրետ դրվագները դիտարկում էին բարոյական, զուտ մարդասիրական տեսանկյունից, ապա նաեւ փորձում եզրակացնել, թե հերոսների արարքները որքանով են իրավաչափ: Իրավունքի մասին համեմատաբար քիչ տեղեկացվածությունը քննարկմանը նաեւ կրթական, ուսուցողական երանգ էր հաղորդել. յուրաքանչյուր դրվագի քննարկումից հետո կազմակերպիչները տալիս էին իրավիճակի իրավական գնահատականը: «Ինձ համար շատ հետաքրքիր էր թե՛ քննարկման թեման եւ թե՛ ձեւաչափը: Եթե հնարավորություն ստեղծվի, հաճույքով նորից կմասնակցեմ նմանօրինակ սեմինարների»,- ասում է ԵՊՀ պատմության ֆակուլտետի ուսանող Ռուբեն Դավթյանը: Մասնակիցների թվում էր նաեւ ԵՊՀ հոգեբանության եւ փիլիսոփայության ֆակուլտետի ՈւԳԸ նախագահ Զոհրաբ Քոչարյանը: Վերջինս խիստ դրական գնահատեց կազմակերպիչների կողմից ընտրված աշխատաոճը: ««Ֆիլմ+քննարկում» ձեւաչափի շնորհիվ այսօրվա հանդիպումը գիտելիքներ ձեռք բերելու տեսանկյունից անհամեմատ ավելի արդյունավետ էր, քան շատ ու շատ գիտաժողովներ: Աշխատանքի այս տարբերակը քննարկումն ավելի անմիջական է դարձնում, հաճույքով արտահայտվում են նաեւ ուսանողներ, ովքեր ավելի լուրջ եւ պաշտոնական միջավայրում խուսափում են հայտնել իրենց կարծիքն ու դիրքորոշումը»,- նշեց Զոհրաբ Քոչարյանը: Արտակ Գեւորգյանը տեղեկացրեց, որ շուտով նմանատիպ մեկ այլ սեմինար կանցկացվի, որին կմասնակցեն բացառապես ռազմական ուղղվածություն ունեցող կրթական կենտրոնների ուսանողները:

Այլ նորություններ
ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՀԱՆՐԱՔՎԵՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ. ՍԵՄԻՆԱՐ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի նախաձեռնությամբ դասախոսությամբ է հանդես եկել ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի քարտուղարության ղեկավարի տեղակալ, Ժողովրդավարության, պառլամենտարիզմի զարգացման և ԱՊՀ երկրների քաղաքացիների ընտրական իրավունքների պաշտպանության մոնիթորինգի միջազգային ինստիտուտի տնօրեն Մուշկետ Իվան Իլիչը։
«ՄԵԾԱՊԵՍ ԱՐԺԵՎՈՐՈՒՄ ԵՄ ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ, ԵՎ ԵԹԵ ՄԵՆՔ ԿԱՐՈՂԱՆԱՆՔ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ ԱՅԴ ՈՒՂՈՒ ՎՐԱ ԴՆԵԼ, ՄԵՐ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐԵԼԻ Է ՀԱՋՈՂՎԱԾ ՀԱՄԱՐԵԼ ». ԼԻԼԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ
ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի անգլերենի թիվ 2 ամբիոնի դոցենտ Լիլիթ Սարգսյանը «Երևանի պետական համալսարանում դասավանդման գերազանցության մրցանակ» ամենամյա մրցույթի բանասիրական անվանակարգի հաղթողներից մեկն է: Տիկին Սարգսյանի հետ զրուցել ենք մանկավարժական ու գիտական գործունեության, կրթության և գիտության ոլորտների հիմնախնդիրների, դրանց լուծման ճանապարհների և այլ թեմաների մասին: