12.11.2009 | 
Ուսանողական, Հասարակություն, Մշակույթ
«ՄԻ ՎԱԽԵՑԵՔ ԽԵՆԹ ԵՐԵՎԱԼՈՒՑ»
«ՄԻ ՎԱԽԵՑԵՔ ԽԵՆԹ ԵՐԵՎԱԼՈՒՑ»
ԵՊՀ ուսանողների հետ հանդիպման ժամանակ ասաց ժամանակակից արվեստի քննադատ, ազգությամբ իտալացի Ֆրանչեսկո Գալլոն:

«Բոլոր հանճարներն էլ իրենց ժամանակին խենթ են համարվել: Նրանք խենթ չեն, պարզապես ժամանակից առաջ են, դրա համար էլ չեն հասկացվում»,- պարզաբանում է հայտնի արվեստաբանը, ում հետ հանդիպումը նախաձեռնել էին ԵՊՀ պատմության ֆակուլտետի հայ արվեստի պատմության եւ տեսության ամբիոնն ու ՀՀ մշակույթի նախարարությունը:

 

Պրոֆեսոր Ֆրանչեսկո Գալլոն աշխատում եւ գործում է միաժամանակ երեք քաղաքներում` Հռոմում, Նեապոլում եւ Պալերմոյում: Ճանաչված արվեստագետն այսօր արվեստի պատմություն է դասավանդում Նեապոլում, բազմաթիվ աշխատությունների հեղինակ է, ինչպես նաեւ կազմակերպում է ցուցահանդեսներ: Թեման, որի մասին դասախոսություն կարդաց Ֆրանչեսկո Գալլոն, գեղեցիկի ընկալման մասին էր: «Միայն ազատ մարդիկ կարող են զգալ, շնչել գեղեցկությունը:

 

Եթե դու ազատ չես, ապա գեղեցիկը քեզ համար կարող է պոռնոգրաֆիա թվալ»,- ասում է պրոֆեսորը: Սկսելով դասախոսությունը գեղեցիկի ծնունդից, որը, ըստ նրա, ի հայտ է եկել Հին Հունաստանում, բանախոսը ներկայացրեց նաեւ գեղեցիկի մերօրյա ընկալումը. «Այսօր բոլորս էլ կարող ենք դառնալ գեղեցիկ, քանի որ կարող ենք փոխել մեր մարմինը: Ամերիկայում ապրում է 80 տարեկան մի կին, ով 20 տարեկանի մարմին ունի: Բոլորս էլ ուզում ենք գեղեցիկ լինել, այդ թվում եւ` ես, բայց գեղեցիկը պետք է փնտրել մարդու աչքերի մեջ, քանի որ աչքերն են հոգու հայելին, եւ ոչ թե մարմինը»: Ապագա արվեստաբան Անի Նալբանդյանը շատ տպավորված էր դասախոսությամբ:

 

«Ինձ համար ցավալի է, որ գեղեցկությունը մեր օրերում չունի այն ոգեղենությունը, այն էմոցիոնալ ընկալումը, որ ուներ հնում: Դասախոսությունից հասկացա այն, որ գեղեցկությունը հիմա ավելի նյութական է դարձել, կորել է անհատի հասկացությունը գեղեցկության մեջ»,-իր տպավորություններն է կիսում 3-րդ կուրսի ուսանողուհին: Ֆրանչեսկո Գալլոն, այնուամենայնիվ, իրեն լավատես է համարում: «Եթե մարդիկ այսօր խոսում են մշակույթի ճգնաժամի մասին, ապա ես խոսում եմ ճգնաժամի մշակույթից»,- ասում է նա եւ ավելացնում, որ մերօրյա մշակույթի գաղափարախոսությունն այսօր կարելի է ամփոփել այսպես. «Ես գիտեմ միայն այն, որ ոչինչ չգիտեմ»:

Այլ նորություններ
«ԵՐԿԻՐԸ ԱՐՏԵՐԿՐԵՆ». ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ ԵՊՀ ՀԱՅ ԲԱՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ
ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետում այսօր տեղի է ունեցել սփյուռքահայ մտավորական, հրապարակախոս Վաչե Բրուտյանի «Երկիրը Արտերկրեն» գրքի շնորհանդեսը։
«ԿՅԱՆՔԻ ՆԵՐԿԱՅԻՍ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԻ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ԿՑԱՆԿԱՆԱՅԻ ՍԵՐՏԱՑՆԵԼ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ԿԱՊԸ». ՄԱՐԻՆԵ ՅԱՂՈՒԲՅԱՆ
ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի միջմշակութային հաղորդակցության անգլերենի ամբիոնի դոցենտ Մարինե Յաղուբյանը «Երևանի պետական համալսարանում դասավանդման գերազանցության մրցանակ» ամենամյա մրցույթի բանասիրական անվանակարգի հաղթողներից մեկն է: Տիկին Յաղուբյանի հետ զրուցել ենք մասնագիտական գործունեության, կրթության և գիտության ոլորտների հիմնախնդիրների և այլ թեմաների մասին: