26.11.2010 | 
Կրթություն
ՉՀԱՍՑՐԻՆ ՎԵՐՋԱՑՆԵԼ
ՉՀԱՍՑՐԻՆ ՎԵՐՋԱՑՆԵԼ
ԵՊՀ-ում այսօր «Լեզուն, միջմշակութային հաղորդակցումը եւ կրթությունը գլոբալացման գործընթացում գտնվող աշխարհում» թեմայով ինտերակտիվ սեմինար-քննարկում էր:

Սեմինարը նախաձեռնել էին ԵՊՀ ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի անգլիական բանասիրության ամբիոնը եւ Անգլերենի ուսումնասիրության հայկական ասոցիացիայի (AASE) երիտասարդական թեւը: Ասոցիացիայի երիտասարդական թեւի համակարգող Մառա Բաղդասարյանը նշում է, որ սեմինարի թեման ընտրվել է ասոցիացիայի անդամների կողմից: «Մենք փորձ ենք արել բարձրացնելու ոչ թե տիպիկ լեզվաբանական խնդիրներ, այլ այն հասարակական հարցերը, որոնք իրենց դրսեւորումներն են գտնում լեզվի մեջ, եւ հակառակը»: Սեմինարի համար նախատեսված էր 11 զեկուցում:

 

Կազմակերպիչները նշում են, որ թե՛ զեկուցումների քանակը, թե՛ դրանց ներկայացման ձեւն ու տեւողությունը հաշվարկված են այնպես, որ սեմինարն իսկապես ինտերակտիվ լինի: «Բոլոր զեկուցողներն էլ իրենց կողմից ներկայացվող ոլորտում` կա՛մ գործնական, կա՛մ տեսական, գիտական գործունեություն են ծավալում: Մեր խնդիրը, սակայն, ունկնդրին այդ տեղեկատվությամբ ծանրաբեռնելը չէ. մենք պարզապես հարց ենք բարձրացնում եւ ստեղծում համապատասխան միջավայր այն քննարկելու համար»,- պարզաբանում է Մառա Բաղդասարյանը:

 

Կազմակերպիչները վստահ են, որ նմանօրինակ աշխատաոճը ե՛ւ մասնակիցներին, ե՛ւ զեկուցողներին օգնում է չհոգնել, լինել ակտիվ, ազատորեն արտահայտել թեմայի վերաբերյալ իրենց կարծիքներն ու դիրքորոշումները: Ըստ երիտասարդների` իրականում դա անհամեմատ ավելի արդյունավետ միջոց է` հասկանալու, թե բարձրացված հարցի ոլորտում ինչ ենք արել, ինչ բացթողումներ ենք ունեցել եւ ինչ հնարավոր ուղղությամբ կարող ենք աշխատել: Ընտրված ձեւաչափն իսկապես որ արդյունավետ էր. մասնակից ուսանողներն այնքան ակտիվորեն էին մասնակցում քննարկումներին, որ շատ արագ պարզ դարձավ` սեմինարը նախատեսված ժամին չի ավարտվի: Կազմակերպիչները որոշեցին քննարկումները սահմանափակելու փոխարեն սեմինարը դարձնել երկօրյա: Զեկուցումների մնացած մասը կներկայացվի հաջորդ ուրբաթ կայանալիք հանդիպման ժամանակ: Կազմակերպիչները տեղեկացրին, որ կան նախնական ծրագրեր` սեմինարը ներկայացնելու նաեւ այլ` ոչ միայն երեւանյան, այլեւ մարզային բուհերում:

Այլ նորություններ
ԵՊՀ-Ն ԻՐԱԿԱՆԱՑՆՈՒՄ Է ՊԱՐՏԱԴԻՐ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑ
Երևանի պետական համալսարանը երաշխավորվել է որպես ատեստավորման ենթակա ուսուցչին վերապատրաստող կազմակերպություն, որի ներկայացրած դասընթացի մոդուլը հաստատվել է ԿԳՄՍ նախարարի կողմից:
«ԸՆՏԱՆԻՔԻ ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ». ՄԱԳԻՍՏՐՈՍԱԿԱՆ ՆՈՐ ԾՐԱԳԻՐ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետում ներդրվել է «Ընտանիքի հոգեբանություն» մագիստրոսական նոր ծրագիրը, որի նպատակն է ընտանիքի հետ աշխատող ապագա մասնագետներին տրամադրել տեսական և գործնական գիտելիքներ, որոնք կհամապատասխանեն ժամանակակից ընտանիքի հիմնախնդիրների լուծման ու հաղթահարման պահանջներին: