01.11.2006 | 
Հասարակություն
ԵՊՀ ԳՐԱԴԱՐԱՆԸ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
Այս աշնանը ԵՊՀ գիտական գրադարանն ակտիվ գործունեություն է ծավալել: Բազմաթիվ միջոցառումներն ու նախաձեռնությունները այդ մասին են պատմում:

Հոկտեմբերի 9-ին Հայաստանում նշվում էր «Գրադարանավարի օրը», ինչին Երեւանի պետական համալսարանի գիտական գրադարանը, բնական է, անմասն չէր մնացել: Գիտական գրադարանի տնօրենի օգնական Անի Քամալյանի նախաձեռնությամբ այդ օրը համերգային ծրագիր էր կազմակերպվել: Ռուբեն Հախվերդյանի եւ Արթուր Մեսչյանի երգերը նորովի ներկայացրին ԵՊՀ ուսանողները: Միջոցառումն անցավ ուրախ և հաճելի մթնոլորտում, իսկ վերջում գրադարանի լավագույն աշխատակիցներին գրադարանի կողմից հանձնվեցին պատվոգրեր։ Կազմակերպիչները մաղթեցին գրադարանավարներին հավատարիմ մնալ իրենց առաքելությանը` հոգեւոր արժեքները սերնդեսերունդ փոխանցելով:

Արժեքների պահպանման, ուսանողների եւ դասախոսների գիտելիքների գնահատման եւ պարզապես հետաքրքիր ժամանակ անցկացնելու հետաքրքիր մի նախաձեռնություն էր նաեւ «Ի՞նչ, ե՞րբ, որտե՞ղ” խաղը» Համալսարանի տարբեր ֆակուլտետների 7 ուսանողներից կազմված թիմը մրցելու էր տարբեր ֆակուլտետների 7 դասախոսներից կազմված թիմի հետ: Մտահղացումն, իրոք, նորություն էր, մասնակիցները շատ ոգեւորված էին: Խաղն անցավ աշխույժ մթնոլորտում եւ ավարտվեց 6:4 արդյունքներով` հօգուտ դասախոսների: Ինչ-որ տեղ նույնիսկ ուրախալի է, որ մեր ուսանողները դեռ սովորելու բան ունեն:

Երևանի Զեյթուն համայնքի Հատուկ տիպի մանկատուն ԵՊՀ գիտական գրադարանի աշխատակիցները այցելեցին խղճի կանչով։ Շուրջ 15 հոգի` գրադարանի աշխատակիցներ և ուսանողներ, խաղալիքներ, գրքեր և երեխաներին անհրաժեշտ այլ իրեր, որպես օգնություն, հանձնեցին մանկատուն: «Երեխաները մշտապես ծնողական գուրգուրանքի, ջերմության կարիք ունեն: Մեր այս այցը ինչ-որ կերպ նրանց օրը լցնելու, տխուր իրականությունից մի քիչ կտրելու նպատակ ուներ»,- ասաց ԵՊՀ գիտական գրադարանի տնօրենի օգնական Անի Քամալյանը:

Այլ նորություններ
«ԵՐԿԻՐԸ ԱՐՏԵՐԿՐԵՆ». ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ ԵՊՀ ՀԱՅ ԲԱՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ
ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետում այսօր տեղի է ունեցել սփյուռքահայ մտավորական, հրապարակախոս Վաչե Բրուտյանի «Երկիրը Արտերկրեն» գրքի շնորհանդեսը։
«ԿՅԱՆՔԻ ՆԵՐԿԱՅԻՍ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԻ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ԿՑԱՆԿԱՆԱՅԻ ՍԵՐՏԱՑՆԵԼ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ԿԱՊԸ». ՄԱՐԻՆԵ ՅԱՂՈՒԲՅԱՆ
ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի միջմշակութային հաղորդակցության անգլերենի ամբիոնի դոցենտ Մարինե Յաղուբյանը «Երևանի պետական համալսարանում դասավանդման գերազանցության մրցանակ» ամենամյա մրցույթի բանասիրական անվանակարգի հաղթողներից մեկն է: Տիկին Յաղուբյանի հետ զրուցել ենք մասնագիտական գործունեության, կրթության և գիտության ոլորտների հիմնախնդիրների և այլ թեմաների մասին: