22.09.2010 | 
Հասարակություն
ԲԱՆԱԿ. ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ԵՐԱՇԽԻՔԸ
ԲԱՆԱԿ. ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ԵՐԱՇԽԻՔԸ
Հայոց բանակի կուրսանտներն ու Մայր բուհի ուսանողները միասնաբար նշեցին անկախության 19-ամյակը:

Հայ բանասիրության ֆակուլտետի ուսանողական խորհուրդը նոր ուսումնական տարվա միջոցառումների շարքն սկսեց Հայաստանի Հանրապետության անկախությանը նվիրված միջոցառմամբ: Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի սաներն ու Հայ բանասիրության ֆակուլտետի ուսանողները համատեղ տոնական միջոցառում էին կազմակերպել` նվիրված անկախության 19-ամյակին: Հայ բանասիրության ֆակուլտետի ուսանողական խորհրդի նախագահ Գայանե Դալլաքյանն ասում է, որ այս միջոցառմանը հիմնականում փորձել են ներգրավել 1-ին կուրսեցիներին` նրանց մեջ սերմանելով հայրենասիրության ոգին:

 

Հայ բանասիրության ֆակուլտետի ՈՒԽ նախագահը նկատել է, որ, «անկախություն» ասելով, մեր հայրենակիցներն առաջին հերթին հասկանում են Հայոց ազգային բանակ: Հենց այս պատճառով էլ որոշել են միջոցառումը կազմակերպել Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտների հետ համատեղ: Հայ գրականության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Սամվել Մուրադյանն էլ, ողջունելով զինվորականների ու ուսանողների նախաձեռնությունը, հիշեց, որ 19 տարի առաջ այս օրն ինքը եւս մեր բոլոր ազգակիցների հետ ուրախության եւ ցնծության մեջ էր: «Այդ օրն իրականանում էր մեր ժողովրդի մեծ ու ճակատագրական երազանքներից մեկը. Հայաստանը ձեռք էր բերում պետական անկախություն»,- ասում է պրոֆեսոր Մուրադյանն ու հավելում, որ մեր ազգային բանակն իր ռազմական գիտելիքների հետ մեկտեղ պետք է ունենա հոգու ամրություն, իսկ այդ ոգու ամրությունը հայոց զինվորը կարող է ստանալ Հայոց մայր բուհից, որովհետեւ այստեղ է, որ հայ մարդու նկարագիր է ձեւավորվում` հայոց պատմություն, հայ գրականություն, եկեղեցու եւ արվեստի պատմություն դասավանդելու միջոցով:

 

«Ազատ միտք, ազատ խոսք եւ ազատ բանականություն»,- այսպես բնութագրեց անկախությունը ռազմական ինստիտուտի կուրսանտ Պավլիկ Քարամյանը: Անկախության հասակակից, ապագա բանասեր Գայանե Դալլաքյանն էլ կարծում է, որ անկախություն ձեռք բերելով` հայ երիտասարդն իր ոտքերի տակ ունի հաստատուն հող, եւ որեւէ մեկը չի կարող կտրել այդ հողից, եւ վստահաբար քայլելով այդ հողի վրայով` կարող ենք ասել, որ մեր գլխին ամուր տանիք ունենք: Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուլտուրլուսավորչական աշխատանքի բաժանմունքի պետ, մայոր Սպանդար Մուրադյանը կարեւորեց պետական բուհերի հետ համագործակցությունը եւ հույս հայտնեց, որ այսուհետ Համալսարանի հետ համագործակցությունը կլինի շարունակական:

Այլ նորություններ
ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՀԱՆՐԱՔՎԵՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ. ՍԵՄԻՆԱՐ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի նախաձեռնությամբ դասախոսությամբ է հանդես եկել ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի քարտուղարության ղեկավարի տեղակալ, Ժողովրդավարության, պառլամենտարիզմի զարգացման և ԱՊՀ երկրների քաղաքացիների ընտրական իրավունքների պաշտպանության մոնիթորինգի միջազգային ինստիտուտի տնօրեն Մուշկետ Իվան Իլիչը։
«ՄԵԾԱՊԵՍ ԱՐԺԵՎՈՐՈՒՄ ԵՄ ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ, ԵՎ ԵԹԵ ՄԵՆՔ ԿԱՐՈՂԱՆԱՆՔ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ ԱՅԴ ՈՒՂՈՒ ՎՐԱ ԴՆԵԼ, ՄԵՐ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐԵԼԻ Է ՀԱՋՈՂՎԱԾ ՀԱՄԱՐԵԼ ». ԼԻԼԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ
ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի անգլերենի թիվ 2 ամբիոնի դոցենտ Լիլիթ Սարգսյանը «Երևանի պետական համալսարանում դասավանդման գերազանցության մրցանակ» ամենամյա մրցույթի բանասիրական անվանակարգի հաղթողներից մեկն է: Տիկին Սարգսյանի հետ զրուցել ենք մանկավարժական ու գիտական գործունեության, կրթության և գիտության ոլորտների հիմնախնդիրների, դրանց լուծման ճանապարհների և այլ թեմաների մասին: