26.11.2010 | 
Քաղաքականություն, Հասարակություն
ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ ՀԵՏԱՁԳՎԵՑ
ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ ՀԵՏԱՁԳՎԵՑ
ՀՀ Ազգային ժողովի հերթական նիստն անցկացվեց ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում:

Օրենսդրական նախագծեր ներկայացնողի եւ քննարկողի դերում ֆակուլտետի ուսանողներն էին: Իրավագիտության ֆակուլտետի ուսումնական դատական նիստերի դահլիճում խորհրդարանի հաստատմանն էր ներկայացվել «Իրավական ակտերի մասին» օրենքի նախագիծը:

 

«Մեր կրթական համակարգի պայմաններում պրակտիկայի պակաս կա, ուստի պետք է դա ապահովել ուսանողների տեսական գիտելիքների հիման վրա: Լավ մասնագետ դառնալու համար դա է ամենակարեւորը, որպեսզի հետագայում աշխատելիս էլ նրանք խնդրի առաջ չկանգնեն»,- նշում է Սահմանադրական իրավունքի ամբիոնի դասախոս Անահիտ Մանասյանը: Նշենք, որ ԱԺ նիստը կազմակերպվել էր «Սահմանադրական իրավունք» դասընթացի շրջանակներում, երբ ուսանողներն արդեն ուսումնասիրել էին Ազգային ժողովին վերաբերող իրավական հարաբերությունները: Մոտ ապագայում սպասվում է նաեւ Սահմանադրական դատարանի խաղարկային նիստ: «Ես ներկայացնում էի հակասահմանադրական եւ ոչ կոռեկտ նորմերով ակտ, որը պետք է կարողանայի պաշտպանել: Կան բացեր, որոնցով օրենքը կարող է գոյություն ունենալ, բայց դրանց հաղթահարման դեպքում այն ավելի կատարյալ կդառնա»,- պատմում է օրենսդրական ակտի հեղինակ Վարդան Խաչատրյանը, ով չնայած պաշտպանում էր այն, բայց իրականում ինքն էլ էր դեմ:


Ըստ նախագծի` միջազգային պայմանագրերը պետք է համապատասխանեն ՀՀ Սահմանադրությանը, սակայն ըստ ՀՀ Սահմանադրության` միջազգային նորմերը ՀՀ-ի կողմից վավերացվելու դեպքում պետք է համապատասխանեցվեն տեսական սահմանադրությանը եւ վավերացվեն: Ի վերջո, պատգամավորների` բանավեճի հասնող քննարկումների արդյունքում որոշվեց հարցի քննարկումը տեղափոխել հաջորդ քառօրյա: Չնայած հարցին վերջնական լուծում այդպես էլ չտրվեց, այնուամենայնիվ, ապագա իրավագետները կարճ ժամանակով իրենց զգացին տեսական գիտելիքների իրականացնողի դերում:

Այլ նորություններ
«ԵՐԿԻՐԸ ԱՐՏԵՐԿՐԵՆ». ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ ԵՊՀ ՀԱՅ ԲԱՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ
ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետում այսօր տեղի է ունեցել սփյուռքահայ մտավորական, հրապարակախոս Վաչե Բրուտյանի «Երկիրը Արտերկրեն» գրքի շնորհանդեսը։
«ԿՅԱՆՔԻ ՆԵՐԿԱՅԻՍ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԻ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ԿՑԱՆԿԱՆԱՅԻ ՍԵՐՏԱՑՆԵԼ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ԿԱՊԸ». ՄԱՐԻՆԵ ՅԱՂՈՒԲՅԱՆ
ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի միջմշակութային հաղորդակցության անգլերենի ամբիոնի դոցենտ Մարինե Յաղուբյանը «Երևանի պետական համալսարանում դասավանդման գերազանցության մրցանակ» ամենամյա մրցույթի բանասիրական անվանակարգի հաղթողներից մեկն է: Տիկին Յաղուբյանի հետ զրուցել ենք մասնագիտական գործունեության, կրթության և գիտության ոլորտների հիմնախնդիրների և այլ թեմաների մասին: