13.11.2010 | 
Կրթություն
ՍՈՑԻՈԼՈԳԻԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԸ 6 ՏԱՐԵԿԱՆ Է
ՍՈՑԻՈԼՈԳԻԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԸ 6 ՏԱՐԵԿԱՆ Է
Նոյեմբերի 13-ին ֆակուլտետի ուսանողներն իրենց հերթական տարեդարձը նշեցին տոնական միջոցառմամբ:

Տարեդարձի ավանդական միջոցառումը կազմակերպել էին ԵՊՀ ամենաերիտասարդ ֆակուլտետի ուսանողները: Երգ, պար, կատակներ… նաեւ մրցանակների ու հավաստագրերի հանձնում. սա տարեդարձի օրակարգն էր: Բացի մշակութային մասից` միջոցառման ընթացքում ամփոփվել են նաեւ նախօրեին տեղի ունեցած ուսանողական գիտաժողովի արդյունքները: Գիտաժողովի շուրջ 20 մասնակիցներից երեքը (Սյունե Հարությունյան, Գայանե Հարությունյան, Հակոբ Մաթեւոսյան) ստացան մրցանակներ եւ դրամական պարգեւներ` 20, 30 եւ 50 հազարական դրամի չափով:

 

IPSC (Քաղաքական եւ սոցիոլոգիական խորհրդատվության ինստիտուտ) ընկերությունը միջոցառման ընթացքում հատուկ մրցանակ հանձնեց Ֆրանկֆուրտի համալսարանի պրոֆեսոր Թիլման Ալերթին Հայաստանում սոցիոլոգիայի ոլորտում ունեցած զգալի ներդրման համար: IPSC-ը այս ուսումնական տարվա համար հայտարարել է նաեւ կրթաթոշակի մրցույթ, որի համար հետազոտության նախագիծը պետք է ներկայացնել մինչև փետրվարի 28-ը: Մրցույթի արդյունքում ընտրված հաղթողը 6 ամիսների ընթացքում հետազոտական աշխատանք կատարելու հնարավորություն կունենա` ամսական ստանալով 50.000 դրամ կրթաթոշակ: 2009-2010 ուսումնական տարում ֆակուլտետի շուրջ երեք տասնյակ ուսանողներ գործուղվել են արտասահման եւ մասնակցել մի շարք միջազգային ծրագրերի, աշխատաժողովների ու ամառային դպրոցների: Հենց նրանց էլ տոնական միջոցառման ընթացքում հանձնվեցին մասնակցության հավաստագրերը: ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանողուհի, ֆակուլտետի ՈՒԽ նախագահ Արփինե Աղջոյանը մեկն է այն «երջանիկներից», ով այս տարվա մայիսի 20-ից 31-ը Գերմանիայի Կոնստանցի համալսարանում մասնակցել է «Կոլեկտիվ սիմվոլներ եւ ինքնության կառուցակցում» խորագրով ուսանողական աշխատաժողովի:

 

«Սոցիոլոգիայի բնագավառում արեւմտյան ավանդույթները շատ են, եւ եվրոպական երկրներ կատարվող հաճախակի գործուղումները օգնում են ֆակուլտետին իր ուրույն դեմքն ունենալ»,- կարծում է Արփինեն: Եթե ավագները ինչ-որ մրցույթների ու աշխատաժողովների հավաստագրեր էին ստանում, ապա «նորեկներին»` ֆակուլտետի առաջին կուրսեցիներին, տոնական միջոցառման ընթացքում հանձնվեցին ստուգման գրքույկներն ու ուսանողական տոմսերը: Ի դեպ, տարեդարձի տոնին Սոցիոլոգիայի ֆակուլտետը մի փոքր ուշացումով որոշեց նաեւ 2009 թվականի իր լավագույն ուսանողին. մագիստրատուրայի երկրորդ կուրսի ուսանող Ստեփան Աղաբաբյանին մրցանակը հանձնեց ֆակուլտետի դեկանը` Արթուր Մկրտիչյանը:

Այլ նորություններ
ԵՊՀ-Ն ԻՐԱԿԱՆԱՑՆՈՒՄ Է ՊԱՐՏԱԴԻՐ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑ
Երևանի պետական համալսարանը երաշխավորվել է որպես ատեստավորման ենթակա ուսուցչին վերապատրաստող կազմակերպություն, որի ներկայացրած դասընթացի մոդուլը հաստատվել է ԿԳՄՍ նախարարի կողմից:
«ԸՆՏԱՆԻՔԻ ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ». ՄԱԳԻՍՏՐՈՍԱԿԱՆ ՆՈՐ ԾՐԱԳԻՐ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետում ներդրվել է «Ընտանիքի հոգեբանություն» մագիստրոսական նոր ծրագիրը, որի նպատակն է ընտանիքի հետ աշխատող ապագա մասնագետներին տրամադրել տեսական և գործնական գիտելիքներ, որոնք կհամապատասխանեն ժամանակակից ընտանիքի հիմնախնդիրների լուծման ու հաղթահարման պահանջներին: