23.11.2010 | 
Քաղաքականություն, Հասարակություն
ՄԻ ՔԻՉ ՈՒՇԱՑԱԾ, ԲԱՅՑ ՇԱՏ ԿԱՐԵՎՈՐ ՄԵԿՆԱՐԿ
ՄԻ ՔԻՉ ՈՒՇԱՑԱԾ, ԲԱՅՑ ՇԱՏ ԿԱՐԵՎՈՐ ՄԵԿՆԱՐԿ
ԵՊՀ-ում այսօր անցկացվեց գիտաժողով` նվիրված Վուդրո Վիլսոնի կայացրած Իրավարար վճռի 90-ամյակին:

ԱՄՆ-ի նախագահ Վուդրո Վիլսոնի` Հայաստանի եւ Թուրքիայի սահմանի վերաբերյալ Իրավարար վճռի 90-ամյակին նվիրված գիտաժողովի նախաձեռնողն ու կազմակերպիչը ԵՊՀ պատմության ֆակուլտետն էր: Գիտաժողովի բացման խոսքում ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը կարեւորեց Վիլսոնի կայացրած Իրավարար վճռի տարեդարձի հիշատակումը` շեշտելով, որ հենց այս փաստաթղթի շնորհիվ է հայ ժողովրդի դարավոր իղձերից մեկը իրավական հենք ստացել:

 

«Եթե ճակատագիրը բարեհաճ լիներ մեր ժողովրդի հանդեպ, ապա Վիլսոնի այս վճիռը հավերժ կմտներ հայոց պատմության մեջ որպես հայոց պետականության վերականգնման, մեր ժողովրդի վերամիավորման կարեւորագույն քայլ»,- ասաց Արամ Սիմոնյանը: Գիտաժողովի նախաձեռնությունը ողջունել էր նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Միջոցառմանը ներկա էր ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վիգեն Սարգսյանը, ով գիտաժողովի մասնակիցներին ներկայացրեց ՀՀ նախագահի ուղերձը, որում մասնավորապես ասվում էր. «…Առաջին աշխարհամարտի ավարտին փլուզվեցին կայսրություններ, եւ Եվրոպայի մի շարք ժողովուրդներ ստացան իրենց ազգային պետությունները ստեղծելու ճանապարհով ինքնորոշվելու հնարավորություն: Նախագահ Վիլսոնը ցանկանում էր, որ Հայաստանը լինի նրանցից մեկը եւ օգտվի եվրոպական քաղաքակրթության ընձեռած բոլոր հնարավորություններից: Նա գիտեր, թե ինչ է նշանակում մեծ երկրի պատասխանատվությունը, նա չէր անտեսում փոքրաթիվ ժողովուրդների տառապանքը: Անգամ այսօր իր պատմական ավանդի ուժով Վուդրո Վիլսոնը հորդորում է ամրապնդել միջազգային օրինականությունը, կանխել ցեղասպանությունները եւ միջոցներ ձեռնարկել բիրտ ուժի ամենաթողությունը խափանելու ուղղությամբ»:

 

1920 թ-ի ապրիլի 25-26-ին Դաշնակից եւ ընթերակա ուժերի գերագույն խորհուրդը, որոշում կայացրեց դիմել ԱՄՆ-ի նախագահին երկու խնդրանքով` ա) ստանձնել Հայաստանի մանդատը, բ) իրավարար վճռով որոշել Հայաստանի եւ Թուրքիայի սահմանը: Նույն խնդրանքը 89-րդ հոդվածի տեսքով ներառվեց Սեւրի դաշնագրի մեջ: ԱՄՆ-ի նախագահը, իրավասու մարմինները եւ համապատասխան աշխատանքային խումբը հայցը մանրակրկիտ ուսումնասիրելուց հետո կայացրին Իրավարար վճիռը: Վուդրո Վիլսոնը Իրավարար վճիռը ստորագրեց 1920 թ-ի նոյեմբերի 22-ին: Այն դեկտեմբերի 6-ին պաշտոնապես փոխանցվեց Փարիզ` Դաշնակից ուժերի գերագույն խորհրդին:

 

Վերոհիշյալ վճռի պաշտոնական եւ ամբողջական անվանումն է «Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի որոշումը Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ սահմանի, Հայաստանի դեպի ծով ելքի եւ հայկական սահմանին հարակից թուրքական տարածքի ապառազմականացման վերաբերյալ»: Ըստ Իրավարար վճռի` Հայաստանի Հանրապետության տիտղոսն ու իրավունքները տարածվում էին նախկին Օսմանյան կայսրության Վանի, Բիթլիսի, Էրզրումի եւ Տրապիզոնի նահանգների վրա` ընդհանուր առմամբ 103 599 քառ. կմ: Գիտաժողովի հիմնական զեկույցը ներկայացրեց պատմաբան, բանասեր, հրապարակախոս Ռաֆայել Համբարձումյանը: Իր ելույթում նա մանրամասնեց Վիլսոնի Իրավարար վճռի պատմական եւ իրավական նշանակությունը, խոսեց դրա գիտական հիմնավորման եւ այս հարցում հայ գիտնականների եւ պետական հատվածի դիրքորոշման մասին: Ելույթներով հանդես եկան ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը, ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ: Գիտաժողովին ներկա էր նաեւ ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, ՀՀ ԳԱԱ հայոց պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը:

 

«Ուրախ եմ, որ այս հարցի շուրջ պետական դիրքորոշումը էականորեն փոխվել է: Եթե Հայաստանն այս հարցը պետական մակարդակով չքննարկի եւ չմղի դեպի միջազգային իրավական դաշտ, ո՛չ գիտնականները եւ ո՛չ էլ ոլորտում գործող զանազան հասարակական կազմակերպությունները ոչ մի էական արդյունքի հասնել չեն կարող»,- նշեց Աշոտ Մելքոնյանը: Արամ Սիմոնյանը հույս հայտնեց, որ ԵՊՀ պատմության ֆակուլտետի նախաձեռնությունը կդառնա սկիզբ, մի փոքր ուշացած, բայց շատ կարեւոր մեկնարկ այս հարցը մեր երկրի տարբեր ատյաններում քննարկելու եւ ի վերջո մեկ միասնական հայեցակարգային դիրքորոշում ձեւավորելու համար: Գիտաժողովի վերջում ԵՊՀ պատմության ֆակուլտետը ընդունեց որոշում, որում ամփոփ ձեւով ներկայացված է գիտաժողովի մասնակիցների` հարցի վերաբերյալ ունեցած ընդհանուր դիրքորոշումը:

Այլ նորություններ
«ԵՐԿԻՐԸ ԱՐՏԵՐԿՐԵՆ». ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ ԵՊՀ ՀԱՅ ԲԱՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ
ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետում այսօր տեղի է ունեցել սփյուռքահայ մտավորական, հրապարակախոս Վաչե Բրուտյանի «Երկիրը Արտերկրեն» գրքի շնորհանդեսը։
«ԿՅԱՆՔԻ ՆԵՐԿԱՅԻՍ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԻ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ԿՑԱՆԿԱՆԱՅԻ ՍԵՐՏԱՑՆԵԼ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ԿԱՊԸ». ՄԱՐԻՆԵ ՅԱՂՈՒԲՅԱՆ
ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի միջմշակութային հաղորդակցության անգլերենի ամբիոնի դոցենտ Մարինե Յաղուբյանը «Երևանի պետական համալսարանում դասավանդման գերազանցության մրցանակ» ամենամյա մրցույթի բանասիրական անվանակարգի հաղթողներից մեկն է: Տիկին Յաղուբյանի հետ զրուցել ենք մասնագիտական գործունեության, կրթության և գիտության ոլորտների հիմնախնդիրների և այլ թեմաների մասին: