21.08.2020 | 
Հասարակություն
ԿՐԹԱԿԱՆ ԵՎ ԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆՈՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀՈԳԵԲԱՆ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ. ՀԻՄՆԱԴՐՎԵԼ Է ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՏՎԱՎՈՐ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՊՀ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԸ
ԿՐԹԱԿԱՆ ԵՎ ԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆՈՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀՈԳԵԲԱՆ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ. ՀԻՄՆԱԴՐՎԵԼ Է ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՏՎԱՎՈՐ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՊՀ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԸ
ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետում օգոստոսի 20-ին տեղի է ունեցել «Psi Chi» միջազգային կազմակերպության հայաստանյան՝ ԵՊՀ մասնաճյուղի բացման արարողությունը։

«Psi Chi»-ն հոգեբանական միջազգային պատվավոր ընկերակցություն է, որը հիմնադրվել է 1929 թ.: Ընկերակցության առաքելությունն է համագործակցել հոգեբան-գիտնականների և հոգեբան-ուսանողների հետ, մասնագետների միջև ստեղծել միջազգային կապեր և խթանել փորձի փոխանակումը:

 

«Zoom» հարթակում անցկացված միջոցառմանը ներկա էին «Psi Chi» միջազգային կազմակերպության ղեկավարներ դոկտոր Դեբորա Հարիս Օ՛Բրեյնը («Psi Chi» կազմակերպության նախագահ), Մարթա Զլոկովիչը («Psi Chi» կազմակերպության տնօրեն), Լիզա Նորմանը («Psi Chi» կազմակերպության անդամակցության տնօրեն), ԵՊՀ հումանիտար և հասարակագիտականմասնագիտությունների գծով պրոռեկտոր Էլինա Ասրիյանը և Փիլիսոփայության և հոգեբանությանֆակուլտետի դեկան Ալեքսան Բաղդասարյանը։

 

 

«Psi Chi» միջազգային կազմակերպության հայաստանյան՝ ԵՊՀ մասնաճյուղիպատասխանատուն ԵՊՀ փիլիսոփայության ու հոգեբանության ֆակուլտետի ընդհանուր հոգեբանության ամբիոնի վարիչ Հրանտ Ավանեսյանն է, իսկ համակարգողը՝ Անձի և մասնագիտական գործունեության հոգեբանության գիտահետազոտական լաբորատորիայի կրտսեր գիտաշխատող, դասախոս Դիանա Սարգսյանը:

 

Մեզ հետ զրույցում Հրանտ Ավանեսյանը փաստեց, որ ԵՊՀ հոգեբանների անդամակցությունը «Psi Chi» ընկերակցությունում, կարևոր ներդրում կունենա ԵՊՀ միջազգայնացման գործընթացում՝ ընդլայնելով ուսանողների համար կրթական և գիտական զարգացման հնարավորությունները՝ շնորհիվ տրամադրվող դրամաշնորհների և միջոցառումների։

 

«Ներկայումս «Psi Chi»-ն հոգեբանական ընկերակցությունը ԱՄՆ-ում խոշորագույն ընկերակցություններից մեկն է, որն ունի 1150 բաժին։ Ամեն տարի շուրջ չորս հարյուր հազար դոլար գումար է հատկացվում մրցանակների և դրամաշնորհների համար, իսկ 2015 թ․ սկսած՝ նաև տրամադրվում են կրթաթոշակներ հոգեբան ուսանողների համար»,- նշեց Հրանտ Ավանեսյանը։

 

Նրա խոսքով, «Psi Chi» միջազգային կազմակերպության հայաստանյան՝ԵՊՀ մասնաճյուղի հիմնադրման նախաձեռնողներն են Անի Կալաջյանն ու Հարոլդ Թակուշյանը․ «2019 թ․ հոկտեմբերին ԵՊՀ-ում կայացած «Տեսական և կիրառական հոգեբանության արդի հիմնախնդիրները» 7-րդ  միջազգային գիտաժողովին մասնակցության ընթացքում նրանք մեզ տեղեկացրին «Psi Chi Society»-ի մասին և առաջարկեցին անդամակցել»։

 

 

Ընդհանուր հոգեբանության ամբիոնի վարիչը նշեց, որ ավելի քան 6 ամիս շարունակ տեղի է ունեցել ԵՊՀ հոգեբանության բաժնի ուսումնական պլանների միջազգային չափորոշիչներին համապատասխանեցնելու գործընթացը, փոփոխություններ են կատարվել ԵՊՀ կայքում՝ ավելացնելով անգլերեն թարգմանություններ:

 

Հրանտ Ավանեսյանի փոխանցմամբ, ընտրության բավական խիստ գործընթացի արդյունքում ԵՊՀ հոգեբանության բաժնի բակալավրիատի և մագիստրատուրայի 8 ուսանող դարձել է հոգեբանական ընկերակցության անդամ, որոնք բացման արարողության ընթացքում ստացել են «Psi Chi»-ի անդամության վկայականներ։

 

Քնար Միսակյան

Այլ նորություններ
«ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԱՇԽԱՐՀՈՒՄ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ԴՈՄԻՆԱՆՏ ԱՌԱՐԿԱՆ ԱՅԼԵՎՍ ՆՅՈՒԹԱԿԱՆ ՀԻՄՔԸ ՉԷ». ԼԻԼԻԹ ՇԱՔԱՐՅԱՆ
ԵՊՀ սոցիալական աշխատանքի և սոցիալական տեխնոլոգիաների ամբիոնի դասախոս Լիլիթ Շաքարյանը հրատարակել է իր երկրորդ՝ «Հաղորդակցության մարտահրավերները տեղեկատվական հասարակությունում» գիրքը, որտեղ դիտարկվել են տեղեկատվական հեղափոխության դերն ու նշանակությունը մարդկության և հասարակական ոլորտների զարգացման գործընթացում: Տիկին Շաքարյանի հետ զրուցել ենք գրքի, դրանում արծարծված թեմաների ու առաջիկա ծրագրերի մասին:
«ԱՐՑԱԽԸ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԸ. ՆՈՐ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐ». ԱՌՑԱՆՑ ՍԵՄԻՆԱՐ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ՈՒԳԸ-ի նախաձեռնությամբ տեղի է ունեցել «Արցախը և միջազգային քրեական դատարանը. նոր հեռանկարներ» խորագրով առցանց սեմինար, որը վարել է Միջազգային քրեական դատարանի ավագ դատական ծառայող Էդուարդո Տոլեդոն։