- Главная
- Node
- Իրանագիտությունը՝ ԵՊՀ-ն և Քեմբրիջի համալսարանը կապող օղակ․ մեկնարկել է պարսից լեզվի և գրականության ուսուցմանը նվիրված միջազգային գիտաժողովը
Сентября 18, 2025 | 12:38
Գիտություն
Կրթություն
Միջազգային համագործակցություն
Իրանագիտությունը՝ ԵՊՀ-ն և Քեմբրիջի համալսարանը կապող օղակ․ մեկնարկել է պարսից լեզվի և գրականության ուսուցմանը նվիրված միջազգային գիտաժողովը
ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնի նախաձեռնությամբ մեկնարկել է Պարսից լեզվի և գրականության ուսուցման միջազգային 5-րդ գիտաժողովը, որն անցկացվում է Քեմբրիջի համալսարանի Միջին Արևելքի ուսումնասիրությունների ֆակուլտետի հետ համագործակցությամբ։ Գիտաժողովի հիմնական նպատակն է ստեղծել հարթակ, որտեղ կներկայացվեն նորարարական մեթոդներ պարսից լեզվի և գրականության ուսուցման ոլորտում՝ խթանելով դասախոսների և փորձագետների միջև համագործակցությունը։

Միջազգային երկօրյա գիտաժողովի ուշադրության առանցքում է կրթական գործընթացում ժամանակակից տեխնոլոգիաների, հատկապես արհեստական բանականության կիրառումը։ Բացի դրանից՝ անցկացվում են պանելային քննարկումներ՝ հնարավորություն ընձեռելով մասնակիցներին վերլուծելու ուսուցման մեթոդիկաներում առկա մարտահրավերները, տեխնոլոգիաների դրական և բացասական ազդեցությունները։

ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյանը, կարևորելով իրանագիտության դերը հայագիտության մեջ, նշեց․ «Հայաստանը արևելագիտության ուսումնասիրման կենտրոն է եղել դեռևս իր դե յուրե ձևավորումից առաջ։ Մենք, գտնվելով արևելքում, մշտապես ուսումնասիրել ենք այս ոլորտը։ Կան երկրներ, որոնք հզոր են ռազմական կամ քաղաքական ոլորտում, իսկ Հայաստանը հզոր է նաև արևելագիտության ուսումնասիրության ուղղությամբ։ Այս հզորությունը ձևավորվել է մեր մասնագետների շնորհիվ, որոնք սերնդեսերունդ շարունակում են դարերի խորքից եկող ավանդույթները։ Իրանագիտությունը արևելագիտության կարևորագույն ճյուղերից է և այսօր էլ մեր գործընկերների շնորհիվ գտնվում է զարգացման բարձր մակարդակի վրա։ Ուրախ եմ, որ մեր ամբիոնը, պրոֆեսոր Վարդան Ոսկանյանի ղեկավարությամբ, առաջ է շարժվում համաշխարհային գիտության հետ համաքայլ»։

Արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Վարդան Ոսկանյանն ընդգծեց և մեծապես արժևորեց ԵՊՀ-ի և Քեմբրիջի համալսարանի երկարամյա համագործակցությունը։
«Արդեն մի քանի տարի է, ինչ մեր ֆակուլտետը սերտորեն համագործակցում է Քեմբրիջի համալսարանի հետ պարսից լեզվի և իրանագիտության դասավանդման ոլորտում։ Այդ համագործակցության շրջանակում ծնվեց գաղափարը՝ սույն գիտաժողովի 5-րդ նստաշրջանը (որը մինչ այժմ անցկացվում էր բացառապես Քեմբրիջում) կազմակերպել ԵՊՀ-ում։ Սա շատ լավ հնարավորություն է մեր ուսանողների համար՝ ծանոթանալու միջազգային իրանագիտական դպրոցներին և հասկանալու ոլորտի նորագույն ուղղությունները»,- մատնանշեց նա։

Քեմբրիջի համալսարանի դոցենտ Մահբոդ Գաֆարը, կարևորելով ոչ միայն գործակցային, այլև ընկերական նոր կապերի հաստատման հնարավորությունը, ասաց․ «Մենք չէինք կարող կազմակերպել այս միջոցառումը՝ առանց բազմաթիվ մարդկանց տեսլականի, նվիրումի և նրանց հետ գործակցության։ Այս գիտաժողովը ոչ միայն զեկուցումների ու քննարկումների, այլև միջանցքներում ծավալվող զրույցների, նոր գաղափարների, հաճելի անակնկալների ու ծանոթությունների մասին է։ Եկե՛ք այս երկու օրը դարձնենք ոչ միայն արդյունավետ, այլև ոգեշնչող ու հիշարժան»։
Նշենք, որ գիտաժողովին մասնակցում են գիտնականներ և մասնագետներ ոչ միայն ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետից, այլև Մեծ Բրիտանիայից, Բուլղարիայից, Սերբիայից, Կանադայից, Վրաստանից, Իրանից, ԱՄՆ-ից և մի շարք այլ երկրներից։
Հավելենք, որ գիտաժողովը կշարունակվի նաև վաղը: