Շուրջ մեկ ամիս է՝ մեկնարկել են ԵՊՀ կոլեկտիվ պայմանագրի նախագծի մշակման և քննարկման աշխատանքները:
ԵՊՀ ռեկտորի և ԵՊՀ արհեստակցական կազմակերպության նախագահի համատեղ որոշմամբ` ստեղծվել է ԵՊՀ կոլեկտիվ պայմանագրի նախագծի մշակման և քննարկման հանձնաժողով: Գործատուի և Արհմիության միջև կնքվող այս պայմանագիրն առաջին անգամ շրջանառության մեջ է դրվել 2007 թ.-ին, ապա 2010 թ.-ին, այժմ կոլեկտիվ պայմանագրի նոր տարբերակը մշակման փուլում է:
Այսօր գումարվեց պայմանագրի նախագծի մշակման և քննարկման հանձնաժողովի հերթական նիստը: Կոլեկտիվ պայմանագրի նոր տարբերակի նախագծի վերջնական տարբերակը քննարկելուց հետո որոշվեց այն ուղարկել ԵՊՀ ֆակուլտետներ և կառուցվածքային ստորաբաժանումներ: ՀՀ աշխատանքային օրենսգրքի պահանջների համաձայն՝ կոլեկտիվ պայմանագիրը պետք է քննարկվի և քվեարկվի տեղերում: Վերջիններս 10-օրյա ժամկետում պետք է կոլեկտիվների ժողովներում կազմակերպեն ԵՊՀ կոլեկտիվ պայմանագրի նախագծի քննարկումը և կոլեկտիվների ժողովների արձանագրությունները ու քվեարկության արդյունքներով ներկայացնեն Արհեստակցական կազմակերպություն:
Նշենք, որ հանձնաժողովը բաղկացած է 6 անդամից, որոնցից 3-ը՝ ԵՊՀ պրոռեկտորներ Ռուբեն Մարկոսյանը, Արարատ Մալխասյանը և ԵՊՀ իրավաբանական բաժնի վարիչ Արմեն Թադևոսյանը, ներկայացնում են գործատուին, մյուս 3-ը՝ Իրավագիտության ֆակուլտետի արհբյուրոյի նախագահ Աշոտ Պետրոսյանը, Դեղագիտության և քիմիայի ֆակուլտետի արհբյուրոյի նախագահ Ռազմիկ Մխիթարյանը և ԵՊՀ արհեստակցական կազմակերպության քարտուղար Արտաշես Մամաջանյանը` Արհեստակցական կազմակերպությունը: Հանձնաժողովը նախագահում է Ռուբեն Մարկոսյանը, իսկ քարտուղարը Արտաշես Մամաջանյանն է:
«Պայմանագրի նախագիծը մշակելու համար աշխատել ենք մի քանի փուլերով, աշխատանքներին ակտիվորեն մասնակցել են հանձնաժողովի բոլոր անդամները` ներկայացնելով իրենց դիտողությունները և առաջարկները, որոնք հաշվի ենք առել և ներառել նախագծում: Ռեկտոր պարոն Սիմոնյանը և Արհեստակցական կազմակերպության նախագահ պարոն Ավետիսյանը նույնպես ներկայացրել են իրենց առաջարկություններն ու դիտողությունները, որոնք ևս տեղ են գտել պայմանագրի նախագծի մեջ»,- նիստի ընթացքում նշեց Ռուբեն Մարկոսյանը:
Բոլոր ֆակուլտետների և կառուցվածքային ստորաբաժանումների կոլեկտիվների ժողովների քվեարկության արդյունքների հանրագումարն ի մի բերելուց հետո, եթե հանձնաժողովն արձանագրի, որ կոլեկտիվ պայմանագրի նախագիծը հավանության է արժանացել ֆակուլտետների, կառուծվածքային և առանձնացված ստորաբաժանումների կոլեկտիվների ժողովներում, ապա գործատուն` ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը և ԵՊՀ աշխատողների ներկայացուցիչ` Արհեստակցական կազմակերպության նախագահ Արմեն Ավետիսյանը կստորագրեն երրորդ կոլեկտիվ պայմանագիրը:
ԵՊՀ կոլեկտիվ պայմանագրին կարող եք ծանոթանալ ԵՊՀ Արհեստակցակն կազմակերպության կայքի «Փաստաթղթեր» բաժնում - ԵՊՀ Կոլեկտիվ պայմանգիր: