Skip to main content
ՀայերենРусскийEnglish
  1. ԵՊՀ Արհեստակցական կազմակերպություն
  2. Մեր մասին
Հավելյալ նավիգացիա
Փակել
  • Գլխավոր էջ
  • Մեր մասին
  • Փաստաթղթեր
  • Նորություններ

Մեր մասին

Անկախ քաղաքական համակարգից և տնտեսաձևից` երկրագնդի աշխատավոր բնակչության գերակշիռ մասը տարբեր ժամանակներում իր սոցիալական պաշտպանության խնդիրները կազմակերպել է պայքարի զանազան ձևերով և մեթոդներով` տարաբնույթ հասարակական կազմակերպությունների և միջազգային կառույցների միջոցով: Սակայն առավել համախմբված և հավասարակշռված գործունեությունն այս ուղղությամբ կարող են ծավալել միայն Արհեստակցական կազմակերպությունները:  

Երևանի պետական համալսարանի Արհեստակցական կազմակերպությունը` Արհկոմիտեն, իր գոյության տարիների ընթացքում բազմիցս ապացուցել է, որ կանգնած է Համալսարանի աշխատողների ու պրոֆեսորադասախոսական անձնակազմի կողքին և մշտապես զբաղվել է նրանց աշխատանքային, իրավական և սոցիալական պաշտպանության խնդիրներով: Այդ մասին է վկայում ԵՊՀ Արհկոմիտեի կոլեկտիվի միասնական, անխափան, անդուլ, գործունեությունն ու բնականոն սերնդափոխությունը:

Այսօր քան երբևէ, ԵՊՀ Արհկոմիտեն պատրաստ է կանգնելու յուրաքանչյուր համալսարանականի կողքին և պաշտպանելու նրա շահերը:

Հույսով, սիրով, հավատով ու ՄԱՅՐ ԲՈՒՀԻ զավակը լինելու բարձր կոչման գիտակցմամբ` մենք բոլորս միասին կարող ենք լուծել մեր` համալսարանականներիս առջև ծառացած թե սոցիալական, թե աշխատանքային և թե իրավական բոլոր խնդիրները: 

Սիրելի համալսարանականներ, 

Ողջունում ենք Ձեզ ԵՊՀ Արհեստակցական կազմակերպության ինտերնետային կայքի էջում: Հուսով ենք, որ ԵՊՀ Արհկոմիտեի պաշտոնական կայքում դուք կկարողանաք գտնել Ձեզ անհրաժեշտ տեղեկատվությունը:

Մեծ սիրով սպասում ենք Ձեր առաջարկություններին և հարցերին:

 

Հարգանքներով՝ ԵՊՀ Արհկոմիտե

Երևանի պետական համալսարանի արհեստակցական կազմակերպությունը` Արհկոմիտեն, ձևավորվել է 1946 թվականին: Գործունեության առաջին տարիներին կազմակերպությունը զբաղվել է հիմնականում երկրորդ համաշխարհային պատերազմին մասնակցած համալսարանականների և նրանց ընտանիքների սոցիալական խնդիրներով: 

Այնուհետև, կազմակերպության գործունեությունը միտված է եղել ԵՊՀ աշխատողների աշխատանքային և դրա հետ կապված սոցիալական շահերի ու իրավունքների պաշտպանությանը, ինչը և իրականացվում է առ այսօր: 

Սկսած 1955 թվականից մինչ օրս համալսարանի արհմիությունը իրականացրել է հաշվապահական գործունեություն, ունեցել է բանկային հաշվի համար և կնիք: Տարբեր ժամանակներում արհկոմիտեի նախագահ են աշխատել համալսարանականներ Արշակ Վարդապետյանը (1955-1958 թթ.), Մարտին Ֆահրադյանը (1958-1959 թթ.), Մկրտիչ Նալբանդյանը (1959-1963 թթ.), Միքայել Ամիրխանյանը (1963-1971 թթ.), Կառլեն Աբգարյանը (1971-1975 թթ.), Ռոբերտ Դավթյանը (1975-1976 թթ.), Հովհաննես Մկրտչյանը (1976-1992 թթ.), Վաչագան Գալստյանը (1992-2006 թթ.), Արմեն Ավետիսյանը (2006 - 2023 թթ.), Էդգար Չախոյանը (2023 թ. նոյեմբերից): 
Կազմակերպության գործունեության օրենսդրական դաշտը առավել հստակեցվեց 2000 թվականին` Ազգային Ժողովում «Արհեստակցական կազմակերպությունների մասին» օրենքի ընդունումից հետո: 

Ելնելով  օրենքի պահանջներից` ԵՊՀ Արհկոմիտեի 2002 թվականի փետրվարի 12-ին կայացած ընդլայնված նիստում ընդունվեց որոշում, որի համաձայն մինչ այդ գործող «ԵՊՀ միացյալ արհմիութենական կազմակերպությունը», որին անդամակցում էին նաև ուսանողները, վերակազմավորվեց «ԵՊՀ արհեստակցական կազմակերպության»: Նիստում քննարկվեց և հաստատվեց կազմակերպության նոր կանոնադրությունը: Նույն թվականի մարտի 5-ին «ԵՊՀ արհեստակցական կազմակերպությունը» գրանցվեց ՀՀ արդարադատության նախարարությունում և ստացավ իրավաբանական անձի կարգավիճակ:

ԵՊՀ արհմիության կառուցվածքը

ԵՊՀ արհեստակցական կազմակերպության հիմնական խնդիրներն ու գործառույթներն են՝

  • Մասնակցել գործատուի կողմից արհեստակցական կազմակերպության անդամների աշխատանքային, սոցիալ-տնտեսական և իրավական շահերը շոշափող կանոնակարգերի մշակման աշխատանքներին,

  • Համալսարանի աշխատողների աշխատանքային և դրա հետ կապված սոցիալական և այլ շահերն ու իրավունքները ներկայացնելու և պաշտպանելու նպատակով նախաձեռնել ու կնքել կոլեկտիվ պայմանագիր գործատուի հետ, հսկողություն իրականացնել դրա կատարման ուղղությամբ,

  • Համաձայն գործող օրենսդրության մասնակցել կոլեկտիվի աշխատանքային վեճերի կարգավորմանը,

  • Համագործակցել հանրապետության և օտարերկրյա արհեստակցական կազմակերպությունների աշխատանքային փորձը, կազմակերպել արհմիութենական ակտիվի ուսուցում,

  • Ստանալ և տարածել տեղեկատվություն կապված Արհկոմիտեի անդամների սոցիալ-տնտեսական և աշխատանքային հարցերի հետ,

  • ՀՀ օրենսդրությանը համապատասխան վերահսկել գործատուի կողմից աշխատանքային օրենսդրության և աշխատանքի պաշտպանության կանոնների պահպանումը,

  • Մշակել և իրականացնել աշխատողների առողջարանային բուժման և հանգստի կազմակերպման, զբոսաշրջիկության և մարզական միջոցառումների ծրագրեր, ինչպես նաև օժանդակել սոցիալական համագործակցության զարգացմանը:

ԵՊՀ արհեստակցական կազմակերպությունն ակտիվորեն համագործակցում է ինչպես ՀՀ պետական բուհերի, այնպես էլ ԱՊՀ երկրների դասական համալսարանների արհեստակցական կազմակերպությունների հետ:

1996 թվականին ԵՊՀ արհկոմիտեն  եղել է ՀՀ ԲՈւՀ-երի աշխատողների արհեստակցական կազմակերպությունների միության հիմնադիր և նրա միջոցով ընդգրկվել է Հայաստանի արհեստակցական կազմակերպությունների կոնֆեդերացիայի մեջ, որպես լիիրավ անդամ: ԵՊՀ արհկոմիտեի նախագահը հանդիսանում է ՀՀ ԲՈւՀ-երի աշխատողների արհեստակցական կազմակերպությունների միության խորհրդի և նախագահության անդամ:

1997 թվականից կազմակերպությունը հանդիսանում է ԵՎրասիական համալսարանների արհեստակցական կազմակերպությունների ասոցացիայի լիիրավ անդամ, 2007 թվականից նախագահության անդամ:

2007 թվականից ԵՊՀ արհեստակցական կազմակերպությունը հանդիսանում է նաև «Արհկոմիտեների համընդհանուր կոնֆեդերացիա» միջազգային միավորման անդամ:

  • Գլխավոր էջ
  • Մեր մասին
  • Փաստաթղթեր
  • Նորություններ