Կիրառական վիճակագրություն և տվյալների գիտություն
Կիրառական վիճակագրություն և տվյալների գիտություն մագիստրոսական ծրագիր
Երևանի պետական համալսարանի Կիրառական վիճակագրություն և տվյալների գիտություն (ԿՎՏԳ) մագիստրոսական ծրագիրը մեկնարկել է 2018 թվականին՝ նպատակ ունենալով պատրաստել բարձրակարգ մասնագետներ ժամանակակից վիճակագրության, տվյալների վերլուծության և արհեստական բանականության ոլորտներում։
Ծրագիրը համադրում է մաթեմատիկական խորը գիտելիքներն ու կարողությունները, վիճակագրական մեթոդաբանությունը և տվյալագիտության տեսական ու գործնական գործիքները՝ ուսանողներին հնարավորություն տալով մոդելավորելու ու լուծելու տարբեր ոլորտների կիրառական խնդիրներ՝ հիմնվելով տվյալների վրա։
2025 թվականին ծրագիրը ստացել է 5 տարվա միջազգային հավատարմագրում գերմանական ASIIN կազմակերպության կողմից, ինչը վկայում է ծրագրի համապատասխանությունը միջազգային կրթական բարձր չափանիշներին։ Հավատարմագիրը կարող եք գտնել այստեղ։
Ծրագրում ուսուցումը 2 տարի է՝ 4 կիսամյակ։ Ուսման վարձը ՀՀ քաղաքացիների համար տարեկան 1,000,000 դրամ է։
Ծրագրի նպատակները
- ձևավորել խորքային գիտելիքներ ծրագրավորման, վիճակագրության և տվյալագիտության ոլորտներում,
- զարգացնել տվյալների վերլուծության, մոդելավորման և մեքենայական ուսուցման գործնական հմտություններ,
- պատրաստել մասնագետներ, որոնք կարող են աշխատել տեխնոլոգիական, ֆինանսական, գիտահետազոտական և այլ ոլորտներում,
- խթանել հետազոտական մտածողությունը և միջդիսցիպլինար համագործակցությունը։
Ծրագրի առանձնահատկությունները
- Ժամանակակից ու պարբերաբար թարմացվող ուսումնական բովանդակություն
- Տեսության ու գործնականի համադրություն
- Երիտասարդ ու պրոֆեսիոնալ դասախոսական անձնակազմ
- Դասախոսություններ միջազգային մասնագետների կողմից
- Դասախոսություններ ինդուստրիայի մասնագետների կողմից
- Հնարավորություն օգտվելու ԵՊՀ գերհամակարգչից
- Ծրագրի ընթացքում իրականացված մի քանի պրոյեկտներ
- Տարբեր ԲՈՒՀերում ու ոլորտներում բակալավրիատն ավարտած, մոտիվացված ուսանողների միջավայր
- 6 պետպատվերով տեղեր՝ բարձր առաջադիմությամբ սովորողների համար