Skip to main content
ՀայերենРусскийEnglish
  1. ԵՊՀ ՆՈՐ ԿՈԼԵԿՏԻՎ ՊԱՅՄԱՆԱԳԻՐՆ ՈՒԺԻ ՄԵՋ Է ՄՏՆԵԼՈՒ ՎԱՂԸ
Additional navigation
Close
  • Գլխավոր էջ
  • Մեր մասին
  • Փաստաթղթեր
  • Նորություններ

ԵՊՀ ՆՈՐ ԿՈԼԵԿՏԻՎ ՊԱՅՄԱՆԱԳԻՐՆ ՈՒԺԻ ՄԵՋ Է ՄՏՆԵԼՈՒ ՎԱՂԸ

May 20, 2021

ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանն ու Արհեստակցական կազմակերպության նախագահ Արմեն Ավետիսյանն այսօր ԵՊՀ կոլեկտիվ նոր պայմանագիր են կնքել, որն ուժի մեջ կմտնի հրապարակվելուց անմիջապես հետո:

«Առաջին անգամ համալսարանում կոլեկտիվ պայմանագիր ստորագրվել է 2007 թ.: Չորրորդ կոլեկտիվ պայմանագրի մշակման աշխատանքները մեկնարկել էին դեռևս այս տարվա մարտին համապատասխան հանձնաժողովի միջոցով»,- նշեց Արմեն Ավետիսյանը:

Վաղը՝ մայիսի 21-ին, լրանում է ԵՊՀ գործող կոլեկտիվ պայմանագրի ժամկետը, ուստի շուրջ երկու ամիս առաջ ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի ու ԵՊՀ արհեստակցական կազմակերպության նախագահի համատեղ որոշմամբ ստեղծվել էր հատուկ 6 հոգուց բաղկացած հանձնաժողով, որը հավանության էր արժանացրել պայմանագրի նախագիծը և օրենքով սահմանված կարգով քննարկումներ կազմակերպելու համար այն ուղարկել ԵՊՀ բոլոր ֆակուլտետներին ու կառուցվածքային ստորաբաժանումներին:

Արմեն Ավետիսյանը, անդրադառնալով կոլեկտիվ պայմանագրերի դրույթներին, նշեց, որ հանրապետության բուհական համակարգում ԵՊՀ կոլեկտիվ պայմանագիրը լավագույնն է՝ համակցված գործատուի և աշխատողների շահերի զուգորդմամբ. «Կոլեկտիվ պայմանագրի գոյությունը, որը տարիների ընթացքում ապացուցել է իր կենսական նշանակությունը, համալսարանականներին տալիս է սոցիալական հավելյալ երաշխիքներ և իրավունքների ու շահերի պաշտպանության լրացուցիչ հնարավորություններ: Մեծ աշխատանք է իրականացվել, և արդյունքում ստացել ենք մի այնպիսի փաստաթուղթ, որից շահելու են բոլորը՝ և՛ գործատուն, և՛աշխատողները, այսինքն՝ շահելու է համալսարանը»:

«Նոր կոլեկտիվ պայմանագիրն ուժի մեջ մտնելուց հետո օրենքով և կոլեկտիվ պայմանագրով սահմանված կարգով յուրաքանչյուր ամիս արհմիության անդամ համարվող աշխատողների աշխատավարձից 1 տոկոս անդամավճարները կփոխանցվեն Արհեստակցական կազմակերպությանը, և Արհմիությունը կվերսկսի իր բոլոր սոցիալական ծրագրերի իրականացումը: Առջևում ամառային արձակուրդներն են, և մեր առաջնային խնդիրն է կազմակերպել աշխատողների ու նրանց ընտանիքի անդամների պատշաճ հանգիստը: Ինչպես նաև ունենք ամիսներով կուտակված դրամական օժանդակություն ցուցաբերելու դիմումներ, որոնք պետք է առաջնահերթ բավարարվեն, մարդիկ երկար ժամանակ սպասում են»,- հավելեց Արհմիության նախագահը:

Նա վստահեցրեց, որ կոլեկտիվ պայմանագիրն Արհմիություն-գործատու սոցիալական գործընկերության փոխհարաբերություններն ավելի արդյունավետ դարձնելու հնարավորություն կտա. «Նախկին պայմանագրում կային որոշակի թերություններ, նոր կոլեկտիվ պայմանագրի մշակումը հնարավորություն տվեց գործող կոլեկտիվ պայմանագրի կիրարկման նախորդ տարիների ընթացքում առաջացած խնդիրները և տարընթերցման տեղիք տված կետերը բարեփոխելու և խմբագրելու»:

Արհեստակցական կազմակերպության նախագահը շնորհակալություն հայտնեց ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարին նոր կոլեկտիվ պայմանագրի նախագծի քննարկման ամբողջ ընթացքում սոցիալական գործընկերության պատշաճ դիրքորոշում ցուցաբերելու համար: Նա հատուկ շնորհակալություն հայտնեց հանձնաժողովի անդամներին, մասնավորապես ԵՊՀ անձնակազմի կառավարման և իրավական ապահովման վարչության պետ Արմեն Թադևոսյանին՝ նոր կոլեկտիվ պայմանագրի նախագծի կազմումը և մշակումը բարձր մակարդակով իրականացնելու համար, ինչպես նաև նշեց, որ այս կոլեկտիվ պայմանագիրը նախորդների համեմատ քայլ առաջ է:

  • Գլխավոր էջ
  • Մեր մասին
  • Փաստաթղթեր
  • Նորություններ