2023 թ. նոյեմբերի 24-ին Չարենցի անվան դահլիճում տեղի ունեցավ ԵՊՀ արհեստակցական կազմակերպության 6-րդ հերթական համաժողովը:
Համաժողովն անցկացվում է յուրաքանչյուր 5 տարին մեկ, որին մասնակցում էին ԵՊՀ արհեստակցական կազմակերպության 6-րդ համաժողովի 143 պատվիրակներից 120-ը:
Հաշվետու 6-րդ համաժողովի ժամանակ ԵՊՀ արհկոմիտեի նախագահ Արմեն Ավետիսյանի և վերստուգիչ հանձնաժողովի նախագահ Ռոմիկ Հարությունյանի կողմից ներկայացված զեկույցները վերաբերում էին 2019-2023 թթ. ընթացքում Արհկոմիտեի կատարած աշխատանքներին, ձեռքբերումներին և ֆինանսական գործունեությանը, վերստուգիչ հանձնաժողովի անդամների ընտրությանը, ինչպես նաև Արհկոմիտեի կազմի հաստատմանը և կանոնադրության խմբագրմանն ու լրացմանը:
Համաժողովի օրակարգային հարցերը 7-ն էին: ԵՊՀ արհեստակցական կազմակերպության նախագահ Արմեն Ավետիսյանը նախ ներկայացրեց 2019-2023 թթ. կատարած աշխատանքների հաշվետվությունը՝ հատկապես կարևորելով կոլեկտիվի իրավունքների պաշտպանությունը:
Կազմակերպության նախագահն անդրադարձավ նաև վերջին 5 տարիներին ԵՊՀ աշխատակիցների աշխատավարձերի բարձրացմանը: Ըստ այդմ՝ տարբեր հաստիքների համար նախատեսված աշխատավարձերը բարձրացել են միջինը 30 %-ով:
Ա. Ավետիսյանը նշեց, որ կազմակերպության գործունեության ֆինանսական հատվածում գերակա է եղել սոցիալական և մշակութային ծրագրերի իրականացումը: Առավել ընդգրկուն ծրագիրը սոցիալապես անապահով աշխատակիցներին դրամական աջակցությունն է:
ԵՊՀ արհեստակցական կազմակերպության նախագահը խոսեց նաև 2017 թ. հունվարի 1-ից սկսած համալսարանի աշխատողների համար մրցութային կարգով ապահովագրական ընկերություններից ձեռք բերված բժշկական ապահովագրության փաթեթի մասին, որը տարիների ընթացքում վերանայվել է և իր մեջ ներառել ավելի շատ բժշկական ծառայություններ, այդ թվում ատամնաբուժությունը:
Այնուհետև ԵՊՀ արհեստակցական կազմակերպության վերստուգիչ հանձնաժողովի նախագահ Ռ. Հարությունյանը ներկայացրեց վերստուգիչ հանձնաժողովի հաշվետվությունը: Հաշվետու ժամանակահատվածում հանձնաժողովը ստուգումներ է անցկացրել յուրաքանչյուր տարվա վերջին, երբ Արհկոմիտեն ներկայացրել է ծրագրային ֆինանսական հաշվետվությունը: Վերստուգիչ հանձնաժողովն Արհեստակցական կազմակերպության գործունեությունը գնահատեց բավարար:
Նիստի ընթացքում տեղի ունեցավ երեք հոգուց բաղկացած վերստուգիչ հանձնաժողովի անդամների ընտրությունը: Ինչպես նաև հաստատվեց ԵՊՀ արհեստակցական կազմակերպության ղեկավար մարմնի՝ Արհկոմիտեի կազմը: Կատարվեց նաև կանոնադրության խմբագրում և լրացում:
Համաժողովի ավարտից անմիջապես հետո էլ կազմակերպության կանոնադրության պահանջով գումարվեց նորընտիր Արհկոմիտեի առաջին նիստը, որին մասնակցում էին 31 անդամներից 30-ը: Օրակարգային հարցը մեկն էր` ԵՊՀ արհեստակցական կազմակերպության նախագահի ընտրություն:
Նիստը վարում էր Արհկոմիտեի տարիքով ամենաավագ անդամը` ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի արհբյուրոյի նախագահ Ռազմիկ Մխիթարյանը:
Նիստի նախագահողը առաջարկեց գործող նախագահ Արմեն Ավետիսյանի թեկնածությունը: Արմեն Ավետիսյանը ինքնաբացարկ հայտնեց՝ պատճառաբանելով, որ տևական ժամանակ է հանդիսանում է նաև Հայաստանի բուհերի արհմիության նախագահ, և այլևս անհնար է համատեղել երկու աշխատանքները: Այնուհետև նախագահողը առաջարկեց ԵՊՀ արհմիության նախագահի տեղակալ Էդգար Չախոյանի թեկնածությունը: Բաց քվեարկությամբ Արհկոմիտեն Էդգար Չախոյանին միաձայն 5 տարի ժամկետով ընտրեց ԵՊՀ արհեստակցական կազմակերպության նախագահ: