1.ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կանոնակարգը «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի բարեվարքության (Էթիկայի) կանոնագրքին (այսուհետ՝ կանոնագիրք) համապատասխան սահմանում է «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի (այսուհետ՝ ԵՊՀ) աշխատողների, գործընկերների, թափուր պաշտոնների հավակնորդների հետ հարաբերություններում շահերի հնարավոր բախման բացահայտման և դրա սահմանափակման կարգն ու պայմանները։
2. Ի լրումն կանոնագրքով սահմանված դեպքերի սույն կանոնակարգի իմաստով շահերի հնարավոր բախում են դիտարկվում նաև հետևյալ իրավիճակները.
1) աշխատողի անմիջական ղեկավարն իր հետ փոխկապակցված անձ է,
2) աշխատողը ԵՊՀ ռեկտորի, պրոռեկտորների, կառուցվածքային վարչական ստորաբաժանումների ղեկավարների հետ փոխկապակցված անձ է:
3. Սույն կանոնակարգի իմաստով փոխկապակցված անձինք են`
1) ամուսինը, ծնողը, ամուսնու ծնողը, զավակը, զավակի ամուսինը, ամուսնու զավակը, նրա ամուսինը, հարազատ կամ ոչ հարազատ (համահայր կամ համամայր) եղբայրը, քույրը, պապը, տատը, թոռը, ծոռը, նրանց ամուսինները, ամուսնու եղբոր կամ քրոջ ամուսինը, նրանց զավակը, իր կամ ամուսնու որդեգրողը կամ որդեգրվածը,
2) այն իրավաբանական անձը, որի տնօրենը և /կամ կանոնադրական կապիտալի 50 ու ավելի տոկոսը տնօրինելու իրավունք ունեցող անձը սույն կետի 1-ին ենթակետի իմաստով փոխկապակցված է ԵՊՀ ռեկտորի, պրոռեկտորների, կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների հետ:
2. ՇԱՀԵՐԻ ԲԱԽՄԱՆ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄԸ
4. ԵՊՀ-ում աշխատանքի անցնող (ուղղակի նշանակմամբ, մրցութային ընտրությամբ կամ այլ եղանակով) անձը մինչև աշխատանքային պայմանագրի կնքումը (անհատական իրավական ակտի ընդունումը) պարտավոր է լրացնել սույն կանոնակարգով (Հավելված 1) սահմանված ձևանմուշի շահերի բախման հայտարարագիր՝ նշելով շահերի հնարավոր բախման դեպքերը:
5. ԵՊՀ-ի հետ քաղաքացիաիրավական բնույթի պայմանագիր կնքող անձը մինչև պայմանագրի կնքումը պարտավոր է լրացնել սույն կանոնակարգով (Հավելված 1) սահմանված ձևանմուշի շահերի բախման հայտարարագիր՝ նշելով շահերի հնարավոր բախման դեպքերը:
3. ՇԱՀԵՐԻ ԲԱԽՄԱՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄԸ
6. ԵՊՀ-ում ընդհանուր առմամբ արգելվում է սույն կանոնակարգի 3-րդ կետի 1-ին ենթակետի իմաստով փոխկապակցված անձանց միջև աշխատանքային հարաբերություններում ուղիղ ենթակայությունը:
Սույն կանոնից բացառություն են կազմում գիտական նույն բնագավառի (գիտաճյուղի) մասնագիտություն ունեցող ու գիտամանկավարժական կամ գիտական գործունեություն իրականացնող փոխկապակցված աշխատողների միջև ուղիղ ենթակայության դեպքերը: Այս աշխատողների վերաբերյալ որոշումները շահերի հնարավոր բախումը բացառելու նպատակով կայացնում է ԵՊՀ ռեկտորը, իսկ ԵՊՀ ռեկտորի հետ փոխկապակցվածության և ուղիղ աշխատանքային ենթակայության դեպքում` ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդը:
7. Անմիջական ղեկավար նշանակվելու (ընտրվելու) դեպքում նշված ստորաբաժանումում արդեն իսկ աշխատող (անմիջական ղեկավարի հետ փոխկապակցված) անձի վերաբերյալ որոշումները շահերի հնարավոր բախումը բացառելու նպատակով կայացնում է ԵՊՀ ռեկտորը, իսկ ԵՊՀ ռեկտորի հետ փոխկապակցվածության ու ուղիղ աշխատանքային ենթակայության դեպքում` ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդը:
8. Աշխատանքի ընդունվելիս լրացվող հայտարարագրում աշխատողի կողմից ակնհայտ կեղծ տեղեկություններ ներկայացնելու արդյունքում սույն կանոնակարգի 2-րդ կետի իմաստով շահերի հնարավոր բախում առաջանալու դեպքում նշված արարքը դիտարկվում է ԵՊՀ ներքին կարգապահական կանոնների խախտում՝ առաջացնելով դրանից բխող իրավական հետևանքներ:
9. ԵՊՀ-ի հետ քաղաքացիաիրավական բնույթի պայմանագիր կնքած անձի կողմից շահերի բախման հայտարարագրում ակնհայտ կեղծ տեղեկություններ ներկայացնելու արդյունքում սույն կանոնակարգի 2-րդ կետի իմաստով շահերի հնարավոր բախում առաջանալու դեպքում կնքված պայմանագիրն անհապաղ լուծվում է, իսկ դրա արդյունքում կողմերի համար առաջացող հնարավոր վնասների փոխհատուցման ռիսկը կրում է ակնհայտ կեղծ տեղեկություններ ներկայացրած անձը:
4. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ
10. Սույն կանոնակարգում փոփոխություններն ու լրացումները կատարվում են ԵՊՀ գիտական խորհրդի կողմից ԵՊՀ կանոնադրությամբ ու ներքին իրավական ակտերով սահմանված կարգով:
11. Սույն կանոնակարգը հրապարակվում է ԵՊՀ պաշտոնական կայքում։
12. ԵՊՀ համապատասխան ստորաբաժանումները ԵՊՀ-ում աշխատանքի անցնող կամ ԵՊՀ-ի հետ քաղաքացիաիրավական բնույթի պայմանագիր կնքող անձանց ծանոթացնում են սույն կանոնակարգին:
13. Սույն կանոնակարգն ուժի մեջ է մտնում ընդունման պահից և կիրառման մեջ է դրվում հրապարակման պահից 10 օր հետո։
14. Սույն կանոնակարգի դրույթները տարածվում է այն կիրառման մեջ դնելուց հետո ծագած հարաբերությունների վրա։
15. Մինչև սույն կանոնակարգի ընդունումը ծագած իրավահարաբերություններում կանոնակարգի 3-րդ կետի 1-ին ենթակետի իմաստով փոխկապակցված անձանց միջև ուղիղ ենթակայության առկայության դեպքում տվյալ ստորաբաժանման ղեկավարը կամ ռեկտորը միջոցներ է ձեռնարկում շահերի հնարավոր բախման դեպքերը բացառելու ուղղությամբ: