1.ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1.1. Սույն կարգով սահմանվում են «Երևանի պետական համալսարան» հիմնադրամում բակալավրի ԿԾ (կրթական ծրագիր) բարելավման համար դրամաշնորհի (այսուհետ՝ Դրամաշնորհ) հատկացման պահանջները և մրցույթի անցկացման կարգը:
1.2. Դրամաշնորհի հատկացման նպատակը միջազգային չափանիշներին համապատասխան որակյալ կրթության տրամադրման և ԿԾ մրցունակության խթանումն է:
1.3. Դրամաշնորհի հատկացման և մրցույթի իրականացման գործընթացները կազմակերպում և համակարգում է ԵՊՀ ուսումնամեթոդական վարչությունը (այսուհետ՝ Վարչություն):
1.4. Դրամաշնորհի հայտի նախնական փորձաքննությունն իրականացնում է ԵՊՀ որակի ապահովման կենտրոնը:
2. ԴՐԱՄԱՇՆՈՐՀԻ ՀԱՏԿԱՑՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ
2.1. Դրամաշնորհի համար մրցույթին մասնակցելու հայտը՝ կից փաստաթղթերով, ուսումնական ստորաբաժանումը կարող է ներկայացնել Վարչություն յուրաքանչյուր տարվա մարտի 10-ից 30-ն ընկած ժամանակահատվածում՝ ուղարկելով այն education@ysu.am էլ. փոստին:
Նշված ժամկետի ավարտից հետո ներկայացված հայտերը քննարկման ենթակա չեն:
2.2. Մրցութային փաթեթը պետք է ներառի հետևյալ փաստաթղթերը՝
1) ուսումնական ստորաբաժանման ղեկավարի զեկուցագիրը Դրամաշնորհին մասնակցելու վերաբերյալ,
2) ԿԾ վերանայման և բարելավման աշխատանքներում ներգրավված անձանց (ընդհանուր թիվը չպետք է գերազանցի 5-ը, այդ թվում՝ ծրագրի ղեկավարը, հրավիրյալ պրոֆեսոր, տվյալ ԿԾ դասախոս, ուսանող/շրջանավարտ) ինքնակենսագրությունները,
3) կրթական ծրագրի բարելավման անհրաժեշտության վերաբերյալ հիմնավորում՝ ստորագրված ԿԾ ղեկավարի կողմից,
4) ԿԾ վերլուծությունը, թերի կողմերի և հիմնական ռիսկերի նկարագրությունը՝ հիմնված ԿԾ մշտադիտարկման (մոնիթորինգի) արդյունքների վրա՝ ըստ սահմանված ձևաթերթի (կցվում է սույն կարգին),
5) ուսումնական ստորաբաժանման գիտական խորհրդի որոշման քաղվածքը՝ Դրամաշնորհին դիմելու երաշխավորման վերաբերյալ,
6) նախահաշիվը (կցվում է սույն կարգին):
2.3. Դրամաշնորհի հատկացման համար մրցույթի անցկացման և հայտերի փորձաքննության կազմակերպումը համակարգում է ԵՊՀ մեթոդական խորհուրդը (այսուհետ՝ Խորհուրդ):
2.4. Հայտերի ներկայացման վերջնաժամկետից հետո՝ 15 աշխատանքային օրվա ընթացքում, Խորհրդի կողմից կազմակերպվում են Դրամաշնորհի հայտերի փորձաքննություն (ներառյալ ՈԱԿ-ի նախնական փորձաքննությունը) և փորձաքննության արդյունքների հաստատում:
2.5. Խորհրդի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում է Խորհրդի անդամների ընդհանուր թվի 2/3-ը:
2.6. Խորհրդի որոշումներն ընդունվում են նիստին ներկա անդամների ձայների պարզ մեծամասնությամբ:
2.7. Խորհրդի կողմից ֆինանսավորման երաշխավորված կրթական ծրագրերի ցանկը ներակայացվում է ռեկտորի հաստատմանը:
3. ԽՄԲԻ ԱՆԴԱՄՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
3.1. Դրամաշնորհի ղեկավար կարող է լինել կրթական ծրագրի ղեկավարը:
3.2. Խմբի անդամներից առնվազն մեկը պետք է լինի հրավիրյալ պրոֆեսոր, ով ունի գիտական աստիճան և օտարերկրյա բուհում Դրամաշնորհին առնչվող կրթական գործունեություն է ծավալում:
3.3. Խմբի երրորդ անդամը պետք է լինի ԵՊՀ աշխատող և տվյալ ԿԾ-ում դասավանդի առնվազն մեկ մասնագիտական դասընթաց:
3.4. Խմբում պետք է ընդգրկվի տվյալ ծրագրի ավարտական կուրսի ուսանող կամ շրջանավարտ, ում ՄՈԳ-ը առնվազն 18 է:
3.5. Ուսումնական ստորաբաժանման ղեկավարը և գրասենյակի ղեկավարը չեն կարող լինել խմբի անդամ։
3.6. Խմբում հասարակական կարգով կարող է ներգրավվել նաև տվյալ մասնագիտական ոլորտի գործատու, ով ունի առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ։
4. ԽՄԲՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ՀՐԱՎԻՐՅԱԼ ՊՐՈՖԵՍՈՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
4.1. Հրավիրյալ պրոֆեսոր կարող է լինել օտարերկրյա համալսարանում համապատասխան մասնագիտական ոլորտում գիտամանկավարժական գործունեությամբ զբաղվող այն անձը, ում Հիրշի ինդեքսն (h-index) ըստ «Scopus» գիտատեղեկատվական շտեմարանի տվյալների՝ առնվազն 3 է՝ հումանիտար և 5՝ բնագիտամաթեմատիկական ուղղությունների համար:
4.2. Աշխատանքների իրականացման ընթացքում պրոֆեսորն աշխատում է առցանց ձևաչափով (4 ամիս):
4.3. Պրոֆեսորն իր պաշտոնական էլեկտրոնային հասցեից Վարչության էլեկտրոնային հասցեին պետք է ուղարկի իր կենսագրական տվյալները և հաստատող նամակ՝ նշելով, որ ծանոթ է սույն կարգով նախատեսված իր պարտականություններին և գործառույթներին։
5. ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔԸ
5.1. Ծրագրի իրականացման ժամանակահատվածում ներկայացվում է 2 զեկույց՝ միջանկյալ և ամփոփիչ.
1) միջանկյալ զեկույց (ստորագրված ուսումնական ստորաբաժանման ղեկավարի կողմից), որը ներկայացվում է աշխատանքների իրականացման երկրորդ ամսվա ավարտին: Զեկույցում ներկայացվում են այդ փուլում կատարված աշխատանքների արդյունքները, ինչպես նաև հաշվետվություն՝ իրականացված բենչմարքի վերաբերյալ. բենչմարքինգի իրականացման համար հիմք է ծառայում ակադեմիական ուղղությունների համաշխարհային վարկանիշավորման ShanghaiRanking's Global Ranking (Շանհայի ցանկի`
(https://www.shanghairanking.com/rankings/gras/2024) կամ Times Higher Education (Թայմս Հայեր Էդուքեյշն) ակադեմիական ուղղությունների վարկանիշավորման ցանկում (https://www.timeshighereducation.com/world-university-rankings/by-subject) (մինչև 150-րդ դիրք) ընդգրկված արտասահմանյան որևէ բուհի բակալավրի համապատասխան կրթական ծրագիրը,
2) ամփոփիչ զեկույց, որը ներկայացվում է կարգով սահմանված ժամկետի ավարտին: Զեկույցում ներկայացվում են ծրագրի արդյունքները և բարելավված դասընթացների ցանկը,
3) ԿԾ հիմնական մասնագիտական դասընթացների (առնվազն 10 դասընթաց) վերանայված նկարագրիչներ և պլաններ,
4) վերջնարդյունքներին համապատասխան դասավանդման նոր մեթոդների և գնահատման արդյունահենք չափանիշների նկարագրություն վերանայվող դասընթացների համար։
6. ԱՅԼ ԴՐՈՒՅԹՆԵՐ
6.1. Դրամաշնորհի մրցույթը հայտարարվում է տարին մեկ անգամ։ Ծրագրի ընդհանուր տևողությունը 4 - 6 ամիս է։
6.2. Դրամաշնորհի ընդհանուր ֆինանսավորման սկիզբը հոկտեմբերի 1-ն է, ավարտը՝ մարտի 30-ը:
6.3. Դրամաշնորհի ֆինանսավորման առավելագույն չափը չի կարող գերազանցել 3.5 մլն ՀՀ դրամը:
6.4. Դրամաշնորհի իրականացման համար դրամաշնորհի ղեկավարը չի վարձատրվում:
6.5. Դրամաշնորհի ղեկավարի համար լրիվ աշխատանքային ծանրաբեռնվածություն է հաշվարկվում 600 ժամը:
6.6. Պրոֆեսորի աշխատանքի վարձատրության ընդհանուր գումարը 4 ամսվա համար չի կարող գերազանցել 1.5 մլն ՀՀ դրամը:
6.7. Դրամաշնորհի ֆինանսավորումը կատարվում է ստորև նշված ժամանակացույցին համապատասխան՝
1) Դրամաշնորհի ընդհանուր գումարի 50 տոկոսը տրվում է պայմանագրի կնքման ամսաթիվը ներառող ամսվա վերջին, իսկ մնացյալ 50 տոկոսը՝ Դրամաշնորհի կատարման վերաբերյալ միջանկյալ հաշվետվության արդյունքների հիման վրա։
2) Դրամաշնորհի մնացած գումարը բաշխվում է հավասարաչափ՝ ամսական վճարման սկզբունքով, մինչև դրամաշնորհի ժամկետի ավարտը:
6.8. Դրամաշնորհի կատարման ընթացքում սույն կարգով սահմանված պարտավորությունների ոչ պատշաճ կատարման դեպքում ֆինանսավորումը կարող է դադարեցվել, իսկ ուսումնական ստորաբաժանումը՝ երեք տարի ժամկետով զրկվել դրամաշնորհին դիմելու իրավունքից: