ԵՊՀ պատմության ֆակուլտետում կարևորվում են միջազգային համագործակցության խորացումն ու տարբեր երկրների ուսանողների ակտիվ մասնակցությունը կրթական գործընթացին։ Այս մոտեցումը հարստացնում է ուսումնական միջավայրը՝ ապահովելով գիտելիքների և մշակույթների փոխառնչություններ։
Վերջին տարիներին ֆակուլտետի կողմից իրականացվող ուսումնական ծրագրերը հետաքրքրություն են ներկայացնում նաև օտարերկրյա ուսանողների համար, որոնք ձգտում են խորացնել գիտելիքները պատմագիտության ոլորտում, մասնավորապես՝ հայոց պատմության և տարածաշրջանային ուսումնասիրությունների բնագավառում։ Այս ներգրավվածությունը նպաստում է Հայաստանի գիտական ներուժի ճանաչելիության բարձրացմանը նաև միջազգային հարթակներում։
Այս տարի Պատմության ֆակուլտետում միջազգային համագործակցության շրջանակում մագիստրոսական կրթությունը հաջողությամբ ավարտել են օտարերկրյա ուսանողներ Գուո Քսիանը և Վանգ Զիհուան:

Գուո Քսիանը Չինաստանի և ՀՀ-ի միջև գործող փոխանակման կրթաթոշակային ծրագրի միջոցով է հնարավորություն ստացել «Համաշխարհային պատմություն» մասնագիտությամբ մագիստրոսական կրթություն ստանալու ԵՊՀ-ում։ Նա ընտրել է Հայաստանը, քանի որ մեծ հետաքրքրություն է ունեցել կովկասյան տարածաշրջանի պատմության, մշակույթի նկատմամբ, ինչպես նաև ցանկացել է ընդլայնել իր մտահորիզոնը և ուսումնասիրել համաշխարհային պատմությունը այլ մշակութային միջավայրում։
Գուո Քսիանի մագիստրոսական թեզը նվիրված է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ղեկավարներից մեկի՝ Դեն Սյաոպինի դերին։ Աշխատանքում վերլուծվում է Դեն Սյաոպինի պատմական դերակատարությունն ու նրա ազդեցությունը ժամանակակից Չինաստանի զարգացման ուղու ձևավորման վրա։
Վերլուծության շրջանակում հեղինակը դիտարկում է նաև բարեփոխումների համեմատական փորձը Չինաստանի և ԽՍՀՄ օրինակով՝ ցույց տալով, որ նմանատիպ գործընթացները հանգեցրել են տարբեր արդյունքների։
Իր եզրահանգումներում Գուո Քսիանը նշում է. «Չինաստանի արդիականացման գործընթացը պարզապես Արևմտյան մոդելի կրկնօրինակումը չէ, այլ հիմնված է երկրի առանձնահատուկ պայմանների վրա՝ ձևավորելով զարգացման չինական մոդել։ Չինաստանն ու ԽՍՀՄ-ն անցել են բարեփոխումների ճանապարհով, սակայն դրանց արդյունքները տարբեր են եղել, ինչը վկայում է բարեփոխումների իրականացման ընթացքում տեսության և պրակտիկայի արդյունավետ համադրման անհրաժեշտության մասին»։

Պատմության ֆակուլտետի չինացի մյուս մագիստրանտ Վանգ Զիհուան ավելի քան 3 տարի առաջ իր նախաձեռնությամբ Հայաստան է եկել՝ ԵՊՀ-ում «Հայոց պատմություն» մագիստրոսական ծրագրով ուսանելու։ Նա իր մագիստրոսական թեզի համար ընտրել է «Առաջին աշխարհամարտի ընթացքում օսմանյան բանակ զորակոչված հայերի թվաքանակի, դրության և ճակատագրի հարցերը հայ և թուրք պատմագրության մեջ» թեման։
Խոսելով հետազոտության մասին՝ Վանգ Զիհուան նշեց. «Իմ հետազոտության հիմնական նպատակն էր վերլուծել հայ և թուրք պատմագրության միջև եղած ընդհանրություններն ու տարբերությունները՝ Առաջին աշխարհամարտից առաջ Օսմանյան կայսրությունում ապրող հայերի թվաքանակի և պատերազմի ընթացքում զորակոչի գործընթացի վերաբերյալ։ Դրանց հիման վրա փորձել եմ մոտավոր հաշվարկել օսմանյան բանակ զորակոչված հայերի թվաքանակը։ Վերլուծելով Օսմանյան կայսրության վերջին շրջանից մինչև Թուրքիայի Հանրապետության սկզբնաշրջանի քաղաքական զարգացումները՝ փորձել եմ բացահայտել թուրք պատմագրության մեջ առկա խորքային տարակարծությունների պատմական և արդի քաղաքական պատճառները»։
Վանգ Զիհուայի ուսումնասիրության տիրույթում են ինչպես արևմտահայերեն, այնպես էլ թուրքալեզու գրականությունը, ինչը ցույց է տալիս թեմայի նկատմամբ նրա համապարփակ և խորքային մոտեցումը։
Գուո Քսիանն ու Վանգ Զիհուան օտարերկրյա ապագա ուսանողներին խորհուրդ են տալիս առավելագույնս օգտվել ԵՊՀ-ի գիտական ռեսուրսներից և մշակութային մթնոլորտից, պահպանել բաց միտք և ակտիվորեն մասնակցել դասերին ու ֆակուլտետում կազմակերպվող արտալսարանային միջոցառումներին։ Նրանց խոսքով՝ չնայած սկզբում կարող են լինել լեզվական կամ մշակութային դժվարություններ, սակայն հենց այդ փորձերն են օգնում դառնալ ավելի ընդգրկուն հայացք ունեցող հետազոտողներ։