Ս․թ․ սեպտեմբերի 16-ին Երևանի պետական համալսարանում մեկնարկեց «ԲանՈՒԳործ. ԵՊՀ էքսպո-2025» ցուցահանդեսը։ Միջոցառումը նվիրված էր նոր ուսումնական տարվա սկզբին և առաջինկուրսեցիների ընդունելությանը՝ դառնալով գիտելիքի, փորձի և ապագա կարիերայի հանդիպման հարթակ։

Ցուցահանդեսի հիմնական նպատակն էր ուսանողներին, դիմորդներին և հանրությանը ներկայացնել ԵՊՀ կրթական ծրագրերը, նորարարական նախաձեռնությունները և համալսարանական կյանքի բազմաթիվ հնարավորությունները։ Էքսպոն եզակի հնարավորություն է՝ կապ ստեղծելու ուսանողների և ապագա գործատուների միջև, ինչը կարևոր է ակադեմիական գիտելիքը գործնական փորձի հետ համադրելու տեսանկյունից։
Միջոցառմանը մասնակցեց նաև ԵՊՀ պատմության ֆակուլտետը՝ ներկայացնելով իր բակալավրի կրթական ծրագրերը։ Ֆակուլտետի ներկայացուցիչները մանրամասն ներկայացրին ուսումնառության առանձնահատկությունները, ուսանողական կյանքի բազմազան հնարավորությունները, ինչպես նաև գիտական ձեռքբերումները և մշակութային նախաձեռնությունները։
Ցուցահանդեսի աշխատանքներին ակտիվորեն մասնակցեցին նաև Պատմության ֆակուլտետի ուսանող-կամավորները՝ ցուցադրելով իրենց թիմային աշխատանքի և նախաձեռնողականության հմտությունները։ Նրանց օգնությամբ ցուցահանդեսը դարձավ ավելի բովանդակային և ինտերակտիվ։
«ԲանՈՒԳործ. ԵՊՀ էքսպո»-ն արդյունավետ հարթակ է, որը նպաստում է ֆակուլտետի գործունեության ամբողջական ներկայացմանը, ուսանողների և դիմորդների իրազեկվածության բարձրացմանը, ինչպես նաև Պատմության ֆակուլտետի հանրային կապերի ամրապնդմանը։