ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Հարությունյանի գիտական և մասնագիտական ուղին տասնամյակներ շարունակ սերտորեն կապված է Երևանի պետական համալսարանի հետ։ Լինելով ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի շրջանավարտ՝ համալսարանում ավելի քան կես դար ձգվող գիտամանկավարժական գործունեությունը և գիտական աշխատանքը նա համատեղում է երիտասարդ մասնագետներ կրթելու և գիտական նոր սերունդ ձևավորելու հետ։ ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետում հանդիսավորությամբ նշվեց նրա 80-ամյակը՝ համախմբելով գիտնականի գործընկերներին, ուսանողներին, աշակերտներին և համալսարանական համայնքի ներկայացուցիչներին։
1981 թվականին ստանալով կենսաբանական գիտությունների դոկտորի գիտական աստիճան՝ Ռուբեն Հարությունյանն իր հետազոտական գործունեության առանցքում դրել է մուտագենեզի, հակամուտագենեզի, մարդու բջջագենետիկայի, գենոմային անկայունության և շրջակա միջավայրի գենաթունաբանության հիմնահարցերը։ Նրա ղեկավարությամբ կատարված գիտական աշխատանքները նպաստել են ինչպես գենետիկայի տարբեր ուղղությունների զարգացմանը Հայաստանում, այնպես էլ միջազգային գիտական համագործակցության ընդլայնմանը։
1991–2026 թթ. Ռուբեն Հարությունյանը ղեկավարել է ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի գենետիկայի և բջջաբանության ամբիոնը՝ շուրջ երեքուկես տասնամյակ իր գիտական և կազմակերպչական փորձը ծառայեցնելով ամբիոնի զարգացմանը։ Նրա ղեկավարության տարիներին ընդլայնվել են ամբիոնի գիտական ուղղությունները, ձևավորվել և զարգացել են միջազգային համագործակցություններ, իրականացվել են գիտահետազոտական ծրագրեր, կրթվել բազմաթիվ ուսանողներ, ասպիրանտներ և երիտասարդ գիտնականներ։
2014 թվականից պրոֆեսոր Հարությունյանը ղեկավարում է նաև ԵՊՀ կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտի ընդհանուր և մոլեկուլային գենետիկայի լաբորատորիան։
Ռուբեն Հարությունյանի գիտական գործունեությունը վաղուց դուրս է եկել ազգային գիտական միջավայրի սահմաններից։ Տարիների ընթացքում նա մասնակցել է բազմաթիվ միջազգային գիտաժողովների և գիտական ծրագրերի, նպաստել արտասահմանյան առաջատար գիտական կենտրոնների հետ համագործակցությունների ձևավորմանն ու զարգացմանը։ Նրա գործունեության կարևոր բաղադրիչներից է եղել նաև հայկական գենետիկական դպրոցի միջազգային ճանաչելիության բարձրացումը։
Միջոցառման ընթացքում ողջույնի և շնորհավորանքի խոսքով հանդես եկան ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը և ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի դեկան Կարեն Ղազարյանը։ Նրանք անդրադարձան Ռուբեն Հարությունյանի երկարամյա գիտակրթական գործունեությանը, համալսարանում նրա ունեցած ավանդին, ինչպես նաև գիտական դպրոցի ձևավորման և երիտասարդ սերունդների կրթության գործում նրա նշանակալի դերակատարությանը։
Հոբելյանական միջոցառման շրջանակում Ռուբեն Հարությունյանի երկարամյա գիտակրթական գործունեությունն ու ԵՊՀ զարգացման գործում ունեցած ավանդը նշանավորվեցին նաև պատվավոր պարգևներով։ ԵՊՀ ռեկտորի կողմից նրան շնորհվեց ՀՀ կենտրոնական բանկի կողմից ստեղծված արծաթե մեդալ՝ որպես համալսարանական և գիտական բազմամյա գործունեության արժևորման արտահայտություն։
Պրոֆեսոր Հարությունյանին շնորհվեց Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի մեդալ: Կենտրոնի տնօրեն Լիլիթ Սահակյանն իր խոսքում ընդգծեց Ռուբեն Հարությունյանի գիտական գործունեության նշանակությունն ու գիտական համագործակցության զարգացման գործում ունեցած ներդրումը։
Հոբելյանական հանդիպումն ուղեկցվեց համերգային ծրագրով՝ ստեղծելով ջերմ և հանդիսավոր մթնոլորտ։ Այն միաժամանակ դարձավ գիտնականի անցած ուղու արժևորման և նրա ձևավորած գիտական դպրոցի շարունակականության խորհրդանշական արտահայտությունը։
Ռուբեն Հարությունյանի բազմամյա գործունեությունը ԵՊՀ պատմության այն էջերից է, որտեղ գիտությունը, կրթությունը և սերունդների դաստիարակությունը միավորվում են մեկ ընդհանուր առաքելության շուրջ։ Նրա ստեղծած գիտական ավանդույթները շարունակվում են այսօր նրա աշակերտների և երիտասարդ հետազոտողների աշխատանքներում՝ ապահովելով գիտական դպրոցի զարգացումն ու գիտելիքի փոխանցումը նոր սերունդներին։














