ՀՀ Կառավարության 2020 թվականի հունիսի 18-ի N 1035-Ն որոշմամբ՝ «Սոցիոլոգիա» մասնագիտությամբ մագիստրատուրայում սովորող և միաժամանակ աշխատող ուսանողները ստանում են եկամտային հարկի միջոցով ուսման վարձավճարի փոխհատուցման հնարավորություն:
Դիմորդները պետք է ներկայացնեն պահանջներին համապատասխանությունը հավաստող փաստաթղթեր: Դիմորդները կանցնեն հարցազրույց, որի ընթացքում կդիտարկվեն նրանց հետազոտական փորձը, հետազոտական հետաքրքրություններն ու ծրագրին դիմելու շարժառիթները:
Կրթական ծրագրի ուսման ձևը` առկա, տևողությունը` 1 տարի, ուսման վարձը` 700.000 ՀՀ դրամ:
Դիմում-հայտի լրացման կարգը՝ https://www.ysu.am/masters-degree-admission/150
«Հանրային քաղաքականության հետազոտություններ» մագիստրոսական կրթական ծրագրի ընդունելությունն իրականացվում է մրցութային կարգով՝ դիմորդի կրթական, հետազոտական և/կամ մասնագիտական նախապատմության, մոտիվացիայի, հետազոտական-վերլուծական առաջադրանքի և հարցազրույցի հիման վրա։
Անվճար տեղերին հավակնող դիմորդների համար գործընթացը ներառում է նաև հետազոտական/վերլուծական առաջադրանք։
Ծրագրին կարող են դիմել սոցիոլոգի կրթություն և/կամ որակավորում ունեցող անձինք, ինչպես նաև սոցիոլոգի կրթություն և/կամ որակավորում չունեցող, սակայն սոցիալական հետազոտությունների մեթոդաբանական առարկաներից կրեդիտներ ունեցող դիմորդները։ Դիմելու հնարավորություն ունեն նաև սոցիալական ոլորտում հետազոտական բաղադրիչով նախագծերին որպես հետազոտող մասնակցած և/կամ հետազոտական հրապարակումներ ունեցող անձինք, ինչպես նաև հանրային քաղաքականության և կառավարման ոլորտում մասնագիտական փորձ ունեցող անհատները։
Դիմորդները ներկայացնում են պահանջվող փաստաթղթերը, ինքնակենսագրական (CV) և մոտիվացիոն կարճ նամակ, որտեղ հիմնավորում են ծրագրին դիմելու շարժառիթները, իրենց հետազոտական կամ մասնագիտական հետաքրքրությունները և հետագա նպատակները։
Ընդունելության գործընթացը ներառում է հետազոտական-վերլուծական առաջադրանք։ Դիմորդը կարող է ընտրել առաջադրանքի երկու տարբերակներից մեկը՝ սոցիալական/հանրային խնդրի շուրջ կարճ հետազոտական նախագիծ կամ հանրային քաղաքականության խնդրի հետազոտական վերլուծություն։ Երկու դեպքում էլ գնահատվում են խնդրի ձևակերպումը, հետազոտական հարցի հստակությունը, մեթոդաբանական մտածողությունը, տվյալների և ապացույցների հետ աշխատելու կարողությունը, սոցիոլոգիական վերլուծությունը և հանրային նշանակության ըմբռնումը։
Հարցազրույցի ընթացքում գնահատվում են դիմորդի հետազոտական պատրաստվածությունը, վերլուծական մտածողությունը, հանրային խնդիրների նկատմամբ հետաքրքրվածությունը, ծրագրի բովանդակության ըմբռնումը և սովորելու մոտիվացիան։
Գնահատման բաղադրիչներ
Ծրագրին ընդունելության համար գնահատվում են՝
Գնահատման բաղադրիչ | Միավոր |
|---|---|
| Կրթական, հետազոտական և/կամ մասնագիտական նախապատմություն | 30 |
| Մոտիվացիոն նամակ | 30 |
| Հարցազրույց | 40 |
| Ընդամենը | 100 |
Անվճար տեղերին հավակնող դիմորդների համար վերջնական մրցութային միավորը ձևավորվում է հետևյալ կերպ՝
Գնահատման բաղադրիչ | Միավոր |
|---|---|
| Կրթական, հետազոտական և/կամ մասնագիտական նախապատմություն | 20 |
| Մոտիվացիոն նամակ | 20 |
| Հետազոտական-վերլուծական առաջադրանք | 30 |
| Հարցազրույց | 30 |
| Ընդամենը | 100 |
Անգլերենի իմացությունը՝ առնվազն B1 մակարդակ, պարտադիր է։
Անվճար տեղերի համար ձևավորվում է դիմորդների վարկանիշային ցանկ՝ ըստ վերջնական մրցութային միավորների։ Վճարովի տեղերի ընդունելությունն կատարվում է ծրագրի ընդունելության ընդհանուր պահանջներին համապատասխան։
Հետազոտական-վերլուծական առաջադրանք
Դիմորդը ընտրում է առաջադրանքի հետևյալ երկու տարբերակներից մեկը։
Տարբերակ 1. Հետազոտական առաջադրանք
Դիմորդը ընտրում է Հայաստանի հասարակական կյանքի որևէ արդիական խնդիր և ներկայացնում այն որպես սոցիոլոգիական հետազոտության թեմա։
Թեմաներ կարող են լինել՝ երիտասարդների մասնակցությունը տեղական ինքնակառավարմանը, միգրացիոն մտադրությունները, հանրային ծառայությունների հասանելիությունը, քաղաքի հանրային տարածքների օգտագործումը, սոցիալական վստահությունը, սոցիալական ներառումը և այլն։
Դիմորդը պետք է ներկայացնի հետազոտական կարճ նախագիծ՝ անդրադառնալով հետևյալ հարցերին.
Ո՞րն է ընտրված սոցիալական խնդիրը, և ինչո՞ւ է այն կարևոր։
Ինչպե՞ս կարելի է ձևակերպել հետազոտական հիմնական հարցը։
Սոցիալական ո՞ր խմբերը կամ շահագրգիռ կողմերն են կապված խնդրի հետ։
Ի՞նչ մեթոդներով կարելի է ուսումնասիրել խնդիրը՝ հարցազրույց, հարցում, դիտարկում, փաստաթղթերի վերլուծություն կամ այլ մեթոդներ։
Ի՞նչ տվյալներ կամ աղբյուրներ կարող են օգտակար լինել։
Ի՞նչ տեսակի վերլուծական արդյունք կարող է ստացվել հետազոտությունից։
Ծավալը՝ 600–800 բառ։
Տարբերակ 2. Հանրային քաղաքականության հետազոտական վերլուծություն
Դիմորդն ընտրում է Հայաստանի հանրային քաղաքականության որևէ խնդիր և վերլուծում այն որպես սոցիալական հետազոտության առարկա։
Օրինակային թեմաներ կարող են լինել՝ բնակարանային քաղաքականությունը, կրթության հասանելիությունը, առողջապահական ծառայությունների մատչելիությունը, աղքատության հաղթահարման ծրագրերը, համայնքային զարգացումը, երիտասարդական քաղաքականությունը, հարկադիր տեղահանված անձանց ինտեգրումը, քաղաքային տրանսպորտը և այլն։
Դիմորդը պետք է ներկայացնի վերլուծական կարճ տեքստ՝ անդրադառնալով հետևյալ հարցերին.
Ո՞րն է ընտրված հանրային քաղաքականության խնդիրը։
Սոցիալական ո՞ր խմբերի վրա է այն ազդում։
Որո՞նք կարող են լինել խնդրի սոցիալական պատճառները կամ հետևանքները։
Ի՞նչ տվյալներ են անհրաժեշտ խնդիրը հասկանալու համար։
Ի՞նչ հետազոտական հարցերի միջոցով կարելի է ուսումնասիրել այդ խնդիրը։
Ի՞նչ հնարավոր լուծումներ կամ քաղաքականության բարելավման ուղղություններ կարելի է առաջարկել՝ հիմնվելով հետազոտական տվյալների վրա։
Ծավալը՝ 600–800 բառ։
Հետազոտական-վերլուծական առաջադրանքը գնահատվում է ըստ հետևյալ չափանիշների՝ խնդրի ձևակերպման հստակություն, հետազոտական մտածողություն, մեթոդաբանական մոտեցում, տվյալների և ապացույցների հետ աշխատելու կարողություն, սոցիոլոգիական վերլուծություն և հանրային նշանակության ըմբռնում։