Վիճարկվող անցյալներ, անորոշ ապագա(ներ). ժառանգություն, հիշողություն և պատմություն
-
Վիճարկվող անցյալներ, անորոշ ապագա(ներ). ժառանգություն, հիշողություն և պատմություն
-
2026 թվականի սեպտեմբերի 24-26-ը Պատմության փիլիսոփայության և տեսության լաբորատորիայի նախաձեռնությամբ Երևանում տեղի կունենա «Վիճարկվող անցյալներ, անորոշ ապագա(ներ). ժառանգություն, հիշողություն և պատմություն» խորագրով միջազգային գիտաժողով, որը կհամախմբի փիլիսոփաների, պատմաբանների, մարդաբանների, հնագետների և ժառանգության ու հիշողության հարցերով զբաղվող հետազոտողների: Գիտական այս միջոցառումը կդառնա քննական մտածողության զարգացման և մասնագիտական երկխոսության հարթակ՝ ներկայացնելու և քննարկելու, թե ինչպես է անցյալը մեկնաբանվում, պահպանվում ու վիճարկվում տարբեր գիտակարգերում ու հասարակություններում:
«Վիճարկվող անցյալներ, անորոշ ապագա(ներ). ժառանգություն, հիշողություն և պատմություն» թեման բացահայտում է, թե ինչպես են հասարակություններն իմաստավորում ոչնչացման, բռնության և կորստի փորձառությունները, ինչպես են ստեղծված այդ իմաստները ձևավորում հավաքական ինքնություններն ու ապագայի պատկերացումները։ Ցեղասպանությամբ, պատերազմով, մշակութային ոչնչացմամբ և էկոլոգիական աղետներով նշանավորված աշխարհի իրողությունները հաշվի առնելով՝ գիտաժողովը նպատակ ունի ուսումնասիրելու անցյալը, պատմելու և կառուցելու հետ կապված բարոյական և իմացաբանական պատասխանատվությունները։
Միջոցառման նպատակն է ժառանգության տեսական ուսումնասիրության՝ որպես հակամարտության և բանակցությունների ոլորտի ընդլայնումը։ Ժառանգությունը երբեք չեզոք չէ․ այն մարմնավորում է սեփականության, պատկանելության և շարունակականության պահանջները, որոնք հաճախ միախառնված են տեղահանության, գաղութային ժառանգությունների և քաղաքական իշխանության հարցերի հետ։ Գիտաժողովի ընթացքում քննարկվելու է, թե յուրացման, արդիականացման և ոչնչացման գլոբալ ճնշումների պայմաններում ինչպես են բնիկ համայնքները պայքարում իրենց պատմական հողերը, լեզուները և նյութական մշակույթները պահպանելու համար։ Այս հարցերը պահանջում են ժառանգության գաղափարի փիլիսոփայական նորովի իմաստավորում՝ վերջինիս գոյաբանական հիմքերի, բարոյագիտական առնչությունների և պատմական արդարության հետ դրա կապի տեսանկյուններից։
Գիտաժողովի շրջանակում անդրադարձ է կատարվելու ժառանգության, հիշողության և պատմագրության հատման կետին՝ քննելով, թե ինչպես են նյութական մնացորդները, հաստատութենական շրջանակները և պատմական գրվածքները միահյուսվում անցյալի հանրային ընկալման ձևավորմանը։ Այն կանդրադառնա նաև հարաբերականապաշտության, մրցակցող պատմական պնդումների և փորձագիտության նկատմամբ վստահության քայքայման հետևանքով առաջացած մարտահրավերներին։ Միավորելով փիլիսոփայության, պատմության, հնագիտության, իմացաբանության և արվեստի տեսանկյունները՝ միջոցառումը կնպաստի պատմական ներկայացման բարոյագիտության և գիտելիքի, հեղինակության ու հիշողության միջև նուրբ կապի վերաբերյալ խոսույթի զարգացմանը։
Գիտաժողովն անցկացվելու է «Նախապատմական քանդակ և ժամանակակից տոտեմներ» ցուցահանդեսի տարածական և հայեցակարգային միջավայրում, որի հետ առնչությունն ուղղակիորեն ընդլայնում է ժառանգության հետ գեղարվեստական կապը։ Համատեղ այս միջավայրը մասնակիցներին հրավիրում է «բնակվելու» մի տարածքում, որտեղ նախապատմականն ու ժամանակակիցը, նյութականն ու բնազանցականը միաձուլվում են մեկ ամբողջության մեջ։ Տարածությունն ունի ժամանակային շարունակականության հետքեր՝ անցյալին և ներկային թույլ տալով միախառնվել առանց փլուզման։
Այստեղ՝ անտիկ, կանգուն քարերի և ժամանակակից քանդակային ձևերի մեջ, ժառանգության, հիշողության և պատմական գիտակցության շուրջ երկխոսությունը ձեռք է բերում շոշափելի և տարածական չափում։ Ցուցահանդեսի տարածքը ծառայում է ոչ միայն որպես սոսկ միջավայր, այլև որպես «դիտարան»՝ առասպելի, նյութի և վերաիմաստավորման միջով նայելու համար։ Այն դառնում է «լսելու տարածք»՝ քարի անխոս շարունակականությանը, նյութի այն փոխակերպումներին, որոնք քանդակագործության ամենավաղ ժեստերն այսօր կապում են արվեստի բնազանցական հարցումներին։
Գիտաժողովն առաջարկում է հետևյալ ուղղորդող հարցերը.
Ինչպե՞ս են աղետների, բռնության և կորստի պատմությունները պահպանվում կամ վերածվում ժառանգության
Բարոյական ի՞նչ պարտավորություններ են առաջանում վիճարկվող անցյալները մեկնաբանելիս և ներկայացնելիս
Ինչպե՞ս են ակադեմիական, մշակութային կամ գլոբալ հաստատությունները միջամտում և օրինականացնում հավաքական հիշողությունը
Ինչպե՞ս են պլյուրալիզմը, ռելյատիվիզմը և պատմության քաղաքական օգտագործումը ազդում պատմական գիտելիքի նկատմամբ վստահության վրա
Ի՞նչ դեր են խաղում անցյալի մեր մեկնաբանությունները ապագայի տեսլական ձևավորելու հարցում
Այս իմաստով գիտաժողովը ներառում է հետևյալ թեմատիկ ուղղությունները (թեև չի սահմանափակվում միայն դրանցով).
Ժառանգություն, բռնություն և պահպանման քաղաքականություն
Հիշողության հաստատություններ և համաշխարհային ժառանգության կառավարում
Աղետների և մշակութային կորստի պատմություններ
Հիշողություն, վիշտ և պատասխանատվություն
Պատմագրական հեղինակություն և իմացաբանական վստահություն
Ազգայնականություն, ինքնություն և պատմական նարատիվ
Ավերակների բարոյագիտական և գեղագիտական չափումներ
Գիտական աշխատանքների ընդունման ուղեցույց
Գիտաժողովին մասնակցել ցանկացողները մինչև 2026 թվականի մարտի 15-ը lab.philosophy@ysu.am էլհասցեին պետք է ուղարկեն 300-500 բառից բաղկացած ամփոփագրերը (.doc or .docx ձևաչափով)։ Անհրաժեշտ է ամփոփագրի ֆայլն անվանել հետևյալ եղանակով՝ ազգանուն, ամփոփագրի վերնագիր:
Ընդունված աշխատանքների հեղինակները կտեղեկացվեն մինչև 2026 թվականի ապրիլի 15-ը:
Աշխատանքները պետք է ներկայացվեն հայերեն կամ անգլերեն:
Գիտաժողովին մասնակցությունն անվճար է։
Հարցերի դեպքում դիմել գիտաժողովի կազմակերպիչներին lab.philosophy@ysu.am էլհասցեի միջոցով: