- Главная
- Node
- ՀԻՆԳ ՏԱՍՆԱՄՅԱԿ ԵՊՀ-ՈՒՄ. ՀԵՆՐԻԿ ԷԴՈՅԱՆԸ 80 ՏԱՐԵԿԱՆ Է
Августа 31, 2020 | 11:23
ՀԻՆԳ ՏԱՍՆԱՄՅԱԿ ԵՊՀ-ՈՒՄ. ՀԵՆՐԻԿ ԷԴՈՅԱՆԸ 80 ՏԱՐԵԿԱՆ Է
Հայաստանի Հանրապետության վաստակավոր գործիչ, Երևանի պետական համալսարանի պրոֆեսոր, անվանի բանաստեղծ, գրականագետ, մշակութաբան, թարգմանիչ Հենրիկ Էդոյանն այսօր արժանիորեն լայն ճանաչում է վայելում։ Օգոստոսի 31-ին լրանում է նրա 80-ամյակը:
Հենրիկ Էդոյանը ծնվել է 1940 թվականին Երևանում, ծառայել բանակում, բարձրագույն կրթությունը ստացել է Երևանի պետական համալսարանի բանասիրության ֆակուլտետում, այս տարի լրանում է նաև նրա գիտական, դասախոսամանկավարժական գործունեության հինգերորդ տասնամյակը ԵՊՀ-ում։
1986-2008 թվականներին ղեկավարել է Երևանի պետական համալսարանի արտասահմանյան գրականության և գրականագիտության տեսության ամբիոնը՝ նոր շունչ հաղորդելով ամբիոնի աշխատանքներին, հմտորեն ներգրավելով նոր, խոստումնալից ուժերի, որոնք և կազմում են այսօր ամբիոնի մասնագիտական պատիվը բարձր պահող արհեստավարժ թիմ։
Իբրև արտասահմանյան գրականության դասախոս՝ Էդոյանն ինչպես ընդհանուր, այնպես էլ հատուկ իր դասընթացներով սերնդից սերունդ գրավել է ուսանողական լսարանի ուշադրությունը գիտելիքների հարստությամբ, խորությամբ, դրա մտածված, կառուցիկ ներկայացմամբ՝ միաժամանակ հմայելով խոսքի բանաստեղծական պատկերավորությամբ, շնչով, երանգներով, իր պոետական կեցվածքով։
_24.jpg)
Բանաստեղծ Էդոյանը տասնյակից ավելի ժողովածուների հեղինակ է, նրա գործերը թարգմանվել են բազմաթիվ լեզուներով՝ անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն, իտալերեն, իսպաներեն և այլն, առանձին գրքով լույս են տեսել ռուսերեն։
Նրա «Կա՛նգ առ, ես այստեղ եմ» ժողովածուն արժանացել է Հայաստանի Հանրապետության նախագահի մրցանակի։ Իր վերջին ժողովածուներից մեկը Հենրիկ Էդոյանն անվանել է «Հենման կետ»:
Իր գիտելիքներով, մտածողությամբ, տարիների փորձով իմաստուն ու գեղեցիկ խոսքով Հենրիկ Էդոյանը եղել է լավագույն օրինակ սերունդների համար: