- Главная
- Node
- ԵՊՀ-ում քննարկվել են հայ-հունգարական ակադեմիական համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Сентября 10, 2026 | 13:45
Կրթություն
Միջազգային համագործակցություն
ԵՊՀ-ում քննարկվել են հայ-հունգարական ակադեմիական համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Հայ-հունգարական ակադեմիական հարաբերությունների զարգացման և համագործակցության նոր ուղղությունների ձևավորման նպատակով Երևանի պետական համալսարանում տեղի ունեցավ հանդիպում ՀՀ-ում Հունգարիայի դեսպանության առաքելության ղեկավարի տեղակալ Ալեքսանդրա Չիզմադիայի և Հունգարիայի դեսպանության հյուպատոս Պետեր Տարչայի հետ։
ԵՊՀ ակադեմիական հարցերի գծով պրոռեկտոր Էլինա Ասրիյանը, միջազգային համագործակցության վարչության պետ Ալեքսանդր Մարգարովը և միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դեկան Տիգրան Եփրեմյանը հունգարացի գործընկերների հետ քննարկեցին երկու երկրների բուհերի միջև կրթական և ակադեմիական համագործակցության ընդլայնման հեռանկարները, համալսարանական ու դիվանագիտական կառույցների միջև կապերի ամրապնդման, ինչպես նաև նոր նախաձեռնությունների իրականացման հնարավորությունները։
Անդրադառնալով Հայաստանում Հունգարիայի դեսպանության գործունեությանը՝ Ալեքսանդրա Չիզմադիան ընդգծեց, որ դրա առանցքային ուղղություններից են Հայաստանի և Հունգարիայի համալսարանների միջև համագործակցության ընդլայնումն ու ամրապնդումը։
«ԵՊՀ գործունեության և ձեռքբերումների մասին բազմաթիվ դրական արձագանքներ ենք ստացել ոչ միայն մեդիայից, այլև համալսարանի ուսանողներից։ Հաշվի առնելով համալսարանի հեղինակությունն ու ներուժը՝ ցանկանում ենք առավել խորացնել և ընդլայնել գործընկերային կապերը ԵՊՀ-ի հետ»,- նշեց նա՝ որպես առաջիկա համագործակցության կարևոր ուղղություն առանձնացնելով 1956 թվականի Հունգարիայի հեղափոխության 70-ամյակին նվիրված նախաձեռնությունները։
Նրա խոսքով՝ նախատեսվում է Հայաստանի տարբեր բուհերում ուսանողների համար կազմակերպել Հունգարիային նվիրված ներկայացումներ և դասախոսություններ՝ անդրադառնալով երկրի աշխարհագրական դիրքին, պատմությանը, մշակույթին, ինչպես նաև հունգարական գյուտերին ու ձեռքբերումներին։
Հունգարական կողմը ներկայացրեց Հայաստանում բուհերի հետ համագործակցությունն ակտիվացնելու մի շարք նախաձեռնություններ՝ ընդգծելով ուսանողների և դասախոսների համար կրթական ու ակադեմիական հնարավորությունների, համատեղ միջոցառումների և փորձի փոխանակման կարևորությունը։ Հունգարական կողմի ներկայացուցիչները նաև պատրաստակամություն հայտնեցին ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանողների համար կազմակերպելու թեմատիկ դասախոսություն՝ անդրադառնալով Հունգարիայի արտաքին քաղաքականությանը, դիվանագիտական փորձին և երկրի զարգացման առանձնահատկություններին։
ԵՊՀ միջազգային համագործակցության վարչության պետ Ալեքսանդր Մարգարովը մատնանշեց, որ համալսարանն արդեն համագործակցում է հունգարական բուհերի հետ «Էրազմուս+» ծրագրի շրջանակում ուսանողների և դասախոսների փոխանակումների միջոցով, և հետաքրքրված է այդ համագործակցության ընդլայնմամբ։ Նա տեղեկացրեց նաև, որ սեպտեմբերի 24-25-ը համալսարանում կանցկացվի միջազգային հարաբերություններին նվիրված «Քաղաքագիտություն և միջազգային հարաբերություններ» խորագրով գիտաժողով և ընդգծեց, որ համալսարանը բաց է հունգարական կողմի առաջարկների և նոր նախաձեռնությունների համար։
Հանդիպման ավարտին կողմերը պատրաստակամություն հայտնեցին շարունակելու համագործակցությունը՝ նպաստելով երկու երկրների համալսարանների և գիտական համայնքների միջև նոր կապերի ձևավորմանն ու առկա գործընկերային հարաբերությունների զարգացմանը։



