- Главная
- Главная страница
- Ֆրանսիայից՝ նոր փորձով ու նոր հեռանկարներով. ԵՊՀ ուսանող Լուսինե Մնացականյանի պատմությունը
Сентября 22, 2026 | 10:29
Կրթություն
Միջազգային համագործակցություն
Ուսանողական
Ֆրանսիայից՝ նոր փորձով ու նոր հեռանկարներով. ԵՊՀ ուսանող Լուսինե Մնացականյանի պատմությունը
ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանող Լուսինե Մնացականյանի համար Ֆրանսիայում անցկացրած երեք շաբաթը դարձավ առաջնորդության կարևոր փորձառություն։ Նիցցայում կայացած ամառային դպրոցը նրան հնարավորություն տվեց ծանոթանալու առաջնորդության նոր մոտեցումների, աշխատելու ապագային միտված գաղափարների շուրջ, շփվելու տարբեր երկրներից ժամանած երիտասարդների հետ և, ինչպես ինքն է ասում, մտածելու «սեփական շրջանակից» դուրս։
Լուսինեի հետ փորձել ենք քայլ առ քայլ պատկերացնել, թե ինչպես են ուսանողները սկսում այդ ճամփորդությունը։
- Լուսինե՛, կներկայացնե՞ք, թե ինչ ծրագրի եք մասնակցել, և ինչ առանձնահատկություններ ուներ այն։
- Մասնակցել եմ Նիցցայում կայացած Կոտ դ'Ազուր համալսարանի ամառային դպրոցին, որը տևել է երեք շաբաթ։
Ծրագիրը հիմնականում նվիրված էր առաջնորդությանը, սակայն տարբերվում էր մասնակցածս մյուս նմանատիպ ծրագրերից։ Այստեղ մենք կենտրոնանում էինք ոչ միայն ներկա խնդիրների, այլև ապագայի հնարավոր ծրագրերի ու զարգացման սցենարների վրա։
Օրինակ՝ մեզ ներկայացնում էին որևէ գյուղի կամ տարածքի խնդիր, որը պետք է ուսումնասիրեինք և առաջարկեինք դրա զարգացման հնարավոր ծրագրեր՝ մինչև 2065 թվականը։ Մենք փորձում էինք մտածել երկարաժամկետ, երբեմն նույնիսկ բավական անսովոր լուծումների մասին։
Շատ հետաքրքիր էր նաև այն զգացողությունը, որ մեր առաջարկները պարզապես ակադեմիական առաջադրանքներ չէին։ Դրանք ներկայացնելիս այնպիսի վերաբերմունք էինք ստանում, կարծես այդ ծրագրերը մի օր իսկապես կարող էին կյանքի կոչվել։
Օրինակ՝ մի նախագծի շուրջ երեք օր աշխատել ենք՝ մանրամասն նկարագրելով նույնիսկ ամենափոքր դետալները և մտածելով դրա հնարավոր իրականացման մասին։
- Ի՞նչ նոր հմտություններ կամ մոտեցումներ ձեռք բերեցիք, որոնք կարող եք կիրառել նաև համալսարանում կամ հետագա գործունեության ընթացքում։
- Առաջին հերթին՝ այս ծրագիրն ինձ շատ օգնեց զարգացնելու հաղորդակցման հմտություններս։ Համալսարանում ես ֆրանսերեն եմ սովորում, սակայն նախկինում լեզվի իմացության մակարդակս այնքան էլ բարձր չէր։ Ֆրանսիայում գտնվելով՝ հիմնականում ֆրանսիախոս միջավայրում շփվելու հնարավորություն ունեցա, ինչի շնորհիվ կարողացա ավելի ազատ արտահայտել մտքերս և շփվել ոչ միայն ծրագրի մասնակիցների, այլև տեղի բնակիչների հետ։ Դա շատ նպաստեց լեզվական հմտություններիս զարգացմանը։
Ծրագրին մասնակցում էին նաև բազմաթիվ երիտասարդներ աֆրիկյան տարբեր երկրներից։ Նրանց անգլերենի իմացության մակարդակը միշտ չէ, որ բարձր էր, իսկ ֆրանսերենը նրանց համար շատ կարևոր հաղորդակցության լեզու էր։ Դա ինձ նույնպես մոտիվացրեց ավելի շատ ֆրանսերեն խոսել և օգտագործել այն իրական շփման ընթացքում։
Միջազգային միջավայրում գտնվելը նաև օգնեց ինձ մտածելու «սեփական շրջանակից դուրս» և խնդիրներին նայելու տարբեր տեսանկյուններից։ Մենք յուրաքանչյուր հարցի վերաբերյալ փորձում էինք լսել բոլորի կարծիքները, գրանցել դրանք և հաշվի առնել տարբեր մոտեցումներ։ Կարծում եմ՝ դա հատկապես կարևոր հմտություն է միջազգային հարաբերություններ ուսումնասիրող մարդու համար։
- Որքանո՞վ է ԵՊՀ-ում ստացած կրթությունն օգնել Ձեզ նախապատրաստվելու այդ միջազգային միջավայրին։
- ԵՊՀ-ում միջազգային հարաբերություններ ուսումնասիրելը և այս ծրագրի ընթացքում ձեռք բերած փորձը փոխլրացնում էին միմյանց։
Ես փորձում էի ոչ միայն մասնակցել ծրագրով նախատեսված վարժություններին, այլև անձամբ շփվել մյուս մասնակիցների հետ, հետաքրքրվել նրանց երկրներով, մշակույթով, ավանդույթներով։ Այդ շփումների միջոցով ավելի լավ հասկացա, որ չպետք է սահմանափակվել միայն սեփական մշակութային փորձով և ավելի բաց լինել այլ երկրների սովորույթների ու մտածելակերպի նկատմամբ։
Օրինակ՝ երբ որևէ մեկը պատմում էր իր երկրում հացի կամ սննդի հետ կապված ավանդույթների մասին, ինձ համար դա նոր բան էր։ Ես սովորում էի ընդունել, որ նույն երևույթը տարբեր մշակույթներում կարող է բոլորովին տարբեր կերպ ընկալվել։
Կարծում եմ՝ սա միջազգային հարաբերությունների ոլորտում մեծ առավելություն է։ Հետագայում, երբ շփվելու եմ օտարերկրացիների հետ, ինձ համար ավելի հեշտ կլինի հասկանալ մշակութային տարբերությունները և խուսափել այն իրավիճակներից, երբ մտածում ես՝ «մեզ մոտ այդպես չեն անում»։ Այդ տարբերություններն ընդունելն ու հասկանալը, իմ կարծիքով, միջազգային միջավայրում աշխատելու կարևոր մասն են կազմում։
- Եթե ամառային դպրոցը դիտարկենք որպես անձնական փորձ, ի՞նչ ազդեցություն կարող է այն ունենալ Ձեր հետագա ծրագրերի վրա։
- Այս փորձը ինձ համար շատ կարևոր էր նաև այն պատճառով, որ ֆրանսերենը համարում եմ իմ երրորդ լեզուն, և Ֆրանսիայում ապրելու ու սովորելու հնարավորությունը մեծ քայլ էր ինձ համար։
Ես նպատակ ունեմ շարունակելու կրթությունս Ֆրանսիայում, և այս ծրագիրը հնարավորություն տվեց ոչ միայն զարգացնելու լեզվական հմտություններս, այլև ավելի լավ ճանաչելու այդ երկրի կրթական և սոցիալական միջավայրը։
Մինչ Ֆրանսիա գնալը լսել էի, որ եթե ֆրանսերեն խոսելիս սխալվում ես, մարդիկ կարող են բավական կոշտ արձագանքել կամ անմիջապես ուղղել քեզ։ Սակայն ես նման վերաբերմունքի ընդհանրապես չհանդիպեցի։ Ընդհակառակը՝ ինձ շատ ջերմ ընդունեցին, և այդ փորձն ավելի ամրապնդեց Ֆրանսիայում կրթությունս շարունակելու ցանկությունը։
Ինձ համար շատ կարևոր է նաև այն, որ արտերկրում սովորելու կամ աշխատելու ընթացքում կարող եմ ներկայացնել Հայաստանը և պատմել մեր երկրի, մշակույթի ու փորձի մասին։
- Ընդհանուր առմամբ՝ ինչպե՞ս կգնահատեք ծրագրի կազմակերպումն ու բովանդակությունը։
- Ծրագիրը, միանշանակ, հիանալի փորձառություն էր։ Հատկապես կարևոր էր այն, որ կազմակերպիչները մշտապես խրախուսում էին մեզ դուրս գալ սովորական մտածողության շրջանակներից և փնտրել այնպիսի գաղափարներ ու լուծումներ, որոնց մասին, գուցե, նախկինում չէինք մտածել։
Ծրագիրը շատ ակտիվ էր։ Մենք առավոտյան մոտավորապես ժամը 9:30-ից մինչև 16:30-ը զբաղված էինք տարբեր դասընթացներով, քննարկումներով և աշխատանքներով, սակայն նույնիսկ այդ ծանր գրաֆիկի պայմաններում հոգնածություն չէի զգում։ Մասնակիցների և կազմակերպիչների ակտիվությունն այնքան մեծ էր, որ ամբողջ օրը շատ արագ էր անցնում։
Այդ նույն ակտիվությամբ էլ վերադարձել եմ Հայաստան։ Կարծում եմ՝ ամառային դպրոցն ինձ տվեց գիտելիքներ ու հմտություններ, ինչպես նաև այլ կերպ մտածելու, նոր մարդկանց ճանաչելու և տարբեր մշակույթների հետ շփվելու փորձ։