- Главная
- Главная страница
- Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի անվան լսարան-գրադարանը՝ գիտակրթական նոր միջավայր ԵՊՀ-ում
Сентября 22, 2026 | 16:46
Գործընկերներ
Ենթակառուցվածքներ
Կրթություն
Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի անվան լսարան-գրադարանը՝ գիտակրթական նոր միջավայր ԵՊՀ-ում
ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետում տեղի ունեցավ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի անվան լսարան-գրադարանի բացման արարողությունը:
Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը մեծ դեր է ունեցել ՀՀ-ում թուրքագիտության կայացման գործում: Տարիներ շարունակ նրա աջակցությամբ և հովանավորությամբ ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետում հրատարակվել և վերահրատարակվել է թուրքագիտական զգալի գրականություն, այդ թվում՝ Թուրքիայի Հանրապետության պատմության և թուրքական գրականության դասագրքեր, թուրքերենի ուսումնական նյութեր, Թուրքիայի հայ համայնքին վերաբերող աշխատություններ և այլ ձեռնարկներ։
ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանն ընդգծեց, որ այս լսարան-գրադարանի բացումը վկայում է համալսարանում նվիրյալների աշխատանքը ըստ արժանվույն գնահատելու մասին։
Ռեկտորը նշեց նաև, որ նման հարմարավետ միջավայրերը նպաստում են ուսումնառության որակի բարձրացմանը: Ուսանողների և դասախոսների համար նախատեսված այս ժամանակակից լսարանը՝ հագեցած համապատասխան գրականությամբ և տեխնիկական հնարավորություններով, կնպաստի հատկապես ապագա թուրքագետների և ադրբեջանագետների կրթության որակի բարելավմանը։
ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը, ներկայացնելով լսարան-գրադարանի ստեղծման գաղափարը, նշեց, որ Սեպուհ Սրբազանը առաջնորդական պաշտոնը թողնելուց հետո նպատակ է ունեցել զբաղվելու թուրքագիտությամբ և ստեղծելու թուրքագիտական հիմնադրամ։ Գրադարան բացելը, ինչպես նաև երիտասարդ սերնդի գիտելիքների ընդլայնմանը նպաստելը, ըստ նրա, Սրբազանի վերջին ցանկությունն էր, որն այսօր կյանքի կոչվեց:
Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի անվան բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչ Գուրգեն Գրիգորյանը նշեց. «Գիտելիքն է ամենազորեղ զենքը: Գիտելիքահենք հասարակությունն ու սերունդներն են մեր երկրի ապագան: Այս լսարանը լավագույնս ծառայելու է սերունդների կրթման, զարգացման, դասախոսական անձնակազմի և ուսանողության միջև առավել արդյունավետ համագործակցության, գիտելիքի փոխանակման գործընթացին»:
Արքեպիսկոպոսի զարմուհի Մարիամ Չուլջյանը լսարան-գրադարանի անվանակոչությունը բնութագրեց որպես Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի տևական աշխատանքի, գիտության հանդեպ նվիրվածության և երիտասարդ սերնդին աջակցելու պատրաստակամության արժևորում՝ այն համարելով նաև նրա գործի շարունակականության դրսևորում։
«Նման նախաձեռնությունները կարևոր են ոչ միայն հիշողությունը պահպանելու, այլև այն նոր սերունդներին փոխանցելու համար: Երբ անունները կապված են գործի, արժեքների և ծառայության հետ, դրանք պարզապես հիշողություններ չեն դառնում, այլ շարունակում են ապրել այն մարդկանց և սերունդների մեջ, որոնք իրենց կրթությունն ու գործունեությունը կառուցում են այդ արժեքների հիման վրա»,- ասաց նա:
Մարիամ Չուլջյանն իր ելույթը եզրափակեց Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի հետևյալ խոսքերով. «Հետամուտ ենք, որ մեր սերունդները աճեն, զորանան, զարգանան ազգային ոգով: Ազգային ոգով զարգանալու համար երեխաներին կրթել և դաստիարակել է պետք: Եթե չես կրթում՝ ինքնահոսի մատնելով սերունդներին, երբեք չես ստանա ազգային երկիր ու պետություն»։
Միջոցառմանը ներկա էին նաև լսարանի վերանորոգման հովանավոր բարերարներ Գրիգոր Քյուրթյանը, Մուրադ Աքյուզը և Արմեն Մխոյանը, ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչներ, ուսանողներ, հյուրեր։












