- Главная
- Главная страница
- Աստղիկ Բեքմեզյանը պարգևատրվել է ԵՊՀ ոսկե մեդալով
Сентября 30, 2026 | 11:46
Հասարակություն
Միջոցառումներ
Աստղիկ Բեքմեզյանը պարգևատրվել է ԵՊՀ ոսկե մեդալով
ԵՊՀ հայ գրականության և գրականության տեսության ամբիոնի դոցենտ, բանասիրական գիտությունների թեկնածու Աստղիկ Բեքմեզյանը պարգևատրվել է ԵՊՀ ոսկե մեդալով։ Բարձրագույն պարգևը շնորհվել է մայր բուհում ծավալած անբասիր գործունեության, երիտասարդ մասնագետների պատրաստման գործում ունեցած նշանակալի ավանդի և անմնացորդ նվիրումի համար։
ԵՊՀ դոցենտ Աստղիկ Բեքմեզյանն այս տարի նշում է ծննդյան 75-ամյակն ու համալսարանում դասախոսական գործունեության հոբելյանական 50-ամյակը: Թեև Աստղիկ Բեքմեզյանը հանդիպմանը ներկա չէր, պարգևը նրա փոխարեն ստացան ընտանիքի անդամները՝ որդին՝ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի քաղաքացիական իրավունքի ամբիոնի դոցենտ Գրիգոր Բեքմեզյանը, դուստրը՝ ԵՊՀ հայ գրականության և գրականության տեսության ամբիոնի դոցենտ Ալվարդ Սեմիրջյան-Բեքմեզյանը և թոռնուհին՝ Մանան Սեմիրջյանը։
ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, հանձնելով պարգևը, շնորհավորեց Աստղիկ Բեքմեզյանին և խնդրեց նրա ընտանիքի անդամներին փոխանցել համալսարանի շնորհավորանքներն ու բարեմաղթանքները։
«Աստղիկ Բեքմեզյանը ոչ միայն մեր լավագույն մասնագետներից է, այլև գրականության տեսության և գրականագիտության անփոխարինելի գիտակ։ Ավելի քան կես դար նա կրթել ու դաստիարակել է Հայ բանասիրության ֆակուլտետի բազմաթիվ սերունդների՝ ուսանողներին փոխանցելով խոր գիտելիքներ գրականագիտության, գրականության ներածության և գեղագիտության ոլորտներում։ Նա վայելում է ուսանողության անվերապահ սերն ու հարգանքը։ Բոլորս հիացած ենք նրա կենսախինդ կերպարով, որի հետ այնքան ներդաշնակորեն զուգորդվում է նրա մասնագիտական խստապահանջությունը․ նույնիսկ անբավարար գնահատական նշանակելիս նա կարողանում է դա անել այնքան վեհ, գեղեցիկ ու գեղագիտորեն, որ որևէ ուսանող պարզապես չի կարողանում նեղանալ»,- ասաց ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի դեկան Արշալույս Գալստյանը։
ԵՊՀ գիտական քարտուղար Մերի Հովհաննիսյանը, հիշելով ուսանողական տարիները, պատմեց, որ Աստղիկ Բեքմեզյանն իր դասախոսներից է եղել։ Նրա խոսքով՝ դասախոսի կերպարն ու դասավանդած առարկաները լիովին ներդաշնակ են նրա մարդկային տեսակին։ Նա նշեց, որ Աստղիկ Բեքմեզյանը դեռ առաջին կուրսից ուսանողներին սովորեցնում է գեղեցիկի ու վեհի բոլոր դրսևորումները գրականության մեջ՝ աչքի ընկնելով իր բացառիկ բարությամբ, մարդկայնությամբ և մասնագիտական ու անձնային ներդաշնակությամբ։
Անմնացորդ հոգատարություն՝ համալսարանական ամեն մի մանրուքի հանդեպ
Գործընկերների պատմելով՝ Աստղիկ Բեքմեզյանն առանձնահատուկ սրտացավություն ու հոգատարություն ունի համալսարանի հանդեպ։ Եթե առաջին հարկից բարձրանալիս նա որևէ բան է նկատում, որը ուրիշների աչքից վրիպել է կամ ոչ կարևոր է թվացել, անպայման մտնում է առանձնասենյակ ու հոգատարությամբ ուղղորդում․ «Սիրելի՛ս, սա այսպես պիտի լիներ…»։ Գործընկերները խոստովանեցին, որ նրա այդ ջերմ ու անմիջական դիտողությունները իրենց համար դառնում են անվերապահորեն կատարման ենթակա հանձնարարականներ։
«ԵՊՀ-ն մայրիկիս համար, որքան էլ պաթետիկ հնչի, իսկապես երկրորդ տուն է։ Ամեն անգամ համալսարան գալիս նա իրոք տուն է գալիս։ Նա անսահման սիրում է իր ուսանողներին և այդ նույն ջերմությունն ու սերը փոխադարձաբար ստանում է նրանցից․ միշտ կրկնում է, որ իր կայտառության ու երիտասարդության աղբյուրը հենց ուսանողների հետ շփումն է։ Այդ ամենով հանդերձ՝ նա միշտ հասցրել է ամեն ինչ կազմակերպել ու լիարժեք ներկա լինել մեր ընտանիքում։ Մայրիկը նաև իր դասավանդած դասընթացների հեղինակն է․ ինքն է մշակել և ստեղծել «Օտարագիր հայ գրողներ» և «Գրական ստեղծագործության հոգեբանություն» առարկաները, որոնց հանդեպ մինչ օրս շատ սրտացավ է և մշտապես ասում է․ «Հետևողակա՛ն եղեք, որ այդ առարկաները մնան ու անպայման դասավանդվեն»»,- պատմեց նրա դուստրը։
ԵՊՀ դոցենտ Գրիգոր Բեքմեզյանն ընդգծեց, որ յուրաքանչյուր մարդու համար էլ անչափ կարևոր են վաստակի արժևորումն ու գնահատված լինելը։ Նա նշեց, որ այս պարգևը իր մոր համար հենց այդ կարևորագույն գնահատականն է, ինչի համար հայտնեց իրենց երախտագիտությունը։
Նշենք, որ Աստղիկ Բեքմեզյանը, որը բազմաթիվ հոդվածների և գրքերի հեղինակ է, նախկինում ևս արժանացել է ԵՊՀ պարգևի։ Համալսարանի հիմնադրման 95-ամյակի կապակցությամբ նա պարգևատրվել է ԵՊՀ հուշամեդալով՝ երկարամյա անբասիր աշխատանքի, համալսարանական կրթության և գիտության զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի համար։



