- Главная
- Главная страница
- Եվրոպական փորձը՝ հայաստանյան բուհերի թվային կրթության նոր չափանիշների հիմքում
Сентября 30, 2026 | 16:50
Գործընկերներ
Կրթություն
Միջազգային համագործակցություն
Եվրոպական փորձը՝ հայաստանյան բուհերի թվային կրթության նոր չափանիշների հիմքում
«Էրազմուս+»-ի «eCAMPUS» նախագծի շրջանակում ՀՀ ԳԱԱ ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի համակարգմամբ տեղի ունեցավ առցանց սեմինար՝ «Էլեկտրոնային ուսուցման հարթակներ և խելացի լսարաններ․ եվրոպական փորձից՝ հայկական բուհերի հենանիշային չափանիշներ» խորագրով։ Սեմինարի նպատակն էր եվրոպական փորձը համադրել հայկական բուհերի ներկայիս պահանջների հետ, ինչպես նաև քննարկել տեխնոլոգիաներով հարստացված դասավանդման, ուսումնառության և գնահատման արդյունավետ կազմակերպման հնարավորությունները։
Հանդիպումը նվիրված էր Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններում էլեկտրոնային ուսուցման հարթակների և խելացի լսարանների զարգացմանը, ինչպես նաև դրանց համար միասնական հենանիշային չափանիշների ձևավորմանը։
Առցանց սեմինարին մասնակցում էին նախագծի գործընկեր բոլոր բուհերը և հաստատությունները։ Օրակարգում ներառված էին թվային կրթության զարգացման արդի միտումները, տեխնոլոգիական լուծումները, թվային ուսուցման էկոհամակարգերը և ապագային միտված ուսումնական միջավայրերի ձևավորման մոտեցումները։
Սեմինարի առաջին հատվածում եվրոպական գործընկեր համալսարանների ներկայացուցիչները անդրադարձան իրենց հաստատությունների փորձին՝ ներկայացնելով կիրառվող էլեկտրոնային ուսուցման հարթակները, խելացի լսարանների տեխնիկական և կրթական ենթակառուցվածքները, ինչպես նաև դրանց ներդրման և զարգացման ընթացքում առաջացած կարիքներն ու մարտահրավերները։
«Թվային ուսուցման էկոհամակարգեր և ապագային միտված ուսումնական միջավայրեր» թեմայի շրջանակում եվրոպացի գործընկերները ներկայացրին թվային գործիքների և հարթակների փոխկապակցված կիրառման, ուսուցման գործընթացի թվայնացման և ժամանակակից կրթական միջավայրերի ձևավորման տարբեր մոտեցումներ։ Առանձին անդրադարձ կատարվեց «Խելացի լսարանները տեխնոլոգիաներից անդին․ մուլտիմեդիա, գնահատում, ներառականություն և արհեստական բանականություն» թեմային։ Նշվեց, որ ժամանակակից խելացի լսարանները պարզապես տեխնիկական սարքավորումներով հագեցած տարածքներ չեն։ Դրանք պետք է նպաստեն ուսուցման արդյունավետության բարձրացմանը, կրթական տարբեր կարիքներ ունեցող ուսանողների ներառմանը, գնահատման ժամանակակից մեխանիզմների կիրառմանը և արհեստական բանականության գործիքների արդյունավետ ու պատասխանատու օգտագործմանը։
Սեմինարի երկրորդ մասում Հայաստանի բուհերը ներկայացրին իրենց փորձը, տեսլականը, ինչպես նաև բուհերում գործող էլեկտրոնային ուսուցման հարթակները, առկա կարիքներն ու թերությունները։ Հայաստանյան բուհերի համար առանձնապես կարևոր է հետևյալ հարցադրումը․ ինչպե՞ս առանձին թվային գործիքներից անցում կատարել դեպի միասնական և ամբողջական ուսուցման էկոհամակարգ։ Ներկայացված փորձը փաստեց, որ հայկական բուհերի մեծ մասն արդեն ունի թվային կրթություն կազմակերպելու անհրաժեշտ տեխնիկական և մասնագիտական կարողություններ։ Միաժամանակ, թվային կրթության հետագա զարգացումը ենթադրում է ոչ միայն տեխնոլոգիական նոր լուծումների ներդրում, այլև գործող համակարգերի արդյունավետ ինտեգրում և դրանց փոխկապակցված կիրառում։
Նշվեց, որ մշակվող չափանիշները պետք է միտված լինեն ոչ միայն տեխնիկական պահանջների սահմանմանը, այլև կրթական գործընթացի որակի, հասանելիության, ներառականության, գնահատման արդյունավետության և ուսանողակենտրոնության ապահովմանը։ Այսպիսով, տեխնոլոգիական ենթակառուցվածքները դիտարկվում են ոչ թե որպես ինքնանպատակ, այլ որպես կրթության որակի և արդյունավետության բարձրացման հիմնական գործիքներից մեկը։
Երևանի պետական համալսարանից առցանց սեմինարին մասնակցում էին Որակի ապահովման կենտրոնի տնօրեն, «eCAMPUS» նախագծի համակարգող Արմեն Բուդաղյանը, նույն կենտրոնի փոխտնօրեն Մարի Սանթուրջյանը, Տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոնի գործադիր տնօրեն Արթուր Ավագյանը, որը սեմինարի ընթացքում ներկայացրեց ԵՊՀ փորձը, գործող էլեկտրոնային հարթակները և ապագա հնարավորությունները։ Սեմինարին մասնակցում էին նաև նախագծում ներգրավված դասախոսները և ոլորտի մասնագետները։


