- Главная
- Главная страница
- Տեղի է ունեցել 2026-2027 ուսումնական տարվա ԳԽ առաջին նիստը
Октября 01, 2026 | 10:10
Գիտություն
Կրթություն
Տեղի է ունեցել 2026-2027 ուսումնական տարվա ԳԽ առաջին նիստը
Նիստի ընթացքում քննարկվել են ԳԽ նիստերի ժամանակացույցի, անվանական կրթաթոշակների, ԳԽ-ին կից մշտական հանձնաժողովների կազմում փոփոխությունների, ՈՒԳԸ նախագահի հաստատման և օրակարգային ու ընթացիկ այլ հարցեր:
Գիտական խորհրդի նիստը մեկնարկեց օրակարգային հարցերի հաստատմամբ, ինչին հաջորդեց գիտակրթական տարբեր հարթակներում նվաճումներ արձանագրած ԵՊՀ ուսանողների պարգևատրման արարողությունը:
ԵՊՀ գիտական քարտուղար Մերի Հովհաննիսյանը ներկայացրեց ուսանողների ձեռքբերումները։ Նախ՝ պարգևատրվեցին ՏՏ ոլորտի ամենամյա կրթական մրցանակաբաշխության հաղթողները:
«ՏՏ ոլորտում ամենամյա կրթական պարգևը հիմնվել է 2005 թ․՝ «Սինոփսիս Արմենիա» ընկերության նախաձեռնությամբ և «Հայաստան» համահայկական հիմնադրամի հետ կնքված համաձայնագրի հիման վրա։ «Բացահայտել լավագույններին, խանդավառել հաջորդներին» կարգախոսով իրականացվող նախաձեռնությունը խորհրդանշում է ՀՀ Կառավարության, բիզնեսի և կրթական համակարգի արդյունավետ համագործակցությունը»,- նշեց ԵՊՀ գիտական քարտուղարը։
Նա ընդգծեց, որ մրցանակակիր 7 ուսանողներից մեկը՝ Սյուզաննա Գրիգորյանը, ներկայացնում է Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը, իսկ մյուսները՝ Ֆիզիկայի ինստիտուտը: Երեք անվանակարգում ԵՊՀ մրցանակակիր ուսանողներն են.
ԱՆՎԱՆԱԿԱՐԳ | |||
Լավագույն բակալավր | Լավագույն մագիստրանտ | ||
Առաջին կարգ | Երկրորդ կարգ | Առաջին կարգ | Երկրորդ կարգ |
Արամ Գալստյան | Սյուզաննա Գրիգորյան Աշոտ Մաթևոսյան | Գառնիկ Բաղդասարյան | Եվա Դալլաքյան Ռիմա Պապովյան |
ԱՆՎԱՆԱԿԱՐԳ | |||
Լավագույն ասպիրանտ | |||
Երկրորդ կարգ | Արամ Սարգսյան | ||
Հաջորդիվ պարգևատրվեցին «Firebird AI» միջազգային հաքաթոնում հաղթող նախագծի իրականացմանը մասնակցած ԵՊՀ ֆիզիկայի ինստիտուտի ասպիրանտ, ֆոտոնիկայի և արհեստական բանականության լաբորատորիայի հետազոտող Արամ Սարգսյանը, հետազոտողներ Նիկիտա Մարինինն ու Նարեկ Մելոյանը, ինչպես նաև թիմի ղեկավար և խորհրդատու Մուշեղ Ռաֆայելյանը:
Հետայդու ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը ԳԽ-ին ներկայացրեց դասագրքերի և մենագրությունների հրատարակության երաշխավորության կարգում կատարված փոփոխությունը։
«ԵՊՀ ԳԽ երաշխավորությանը կարող են ներկայացվել միայն այն աշխատությունները, որոնք նախապես քննարկվել են ԵՊՀ գրահրատարակչական խորհրդում։ Բացի դրանից՝ ԵՊՀ երաշխավորությունը ստացած աշխատությունները չեն կարող հրատարակվել այլ հրատարակչությունում»,- նշեց Հ. Հովհաննիսյանը:
Այնուհետև ներկայացվեցին օրակարգային մյուս հարցերի վերաբերյալ զեկուցումները։ ԳԽ-ն առաջնահերթ հաստատեց 2026-2027 ուսումնական տարվա առաջին կիսամյակի նիստերի ժամանակացույցը:
ԵՊՀ ակադեմիական հարցերի գծով պրոռեկտոր Էլինա Ասրիյանը հանդես եկավ օրակարգային երկրորդ հարցի շուրջ զեկուցմամբ՝ գիտական խորհրդի անդամների ուշադրությանը ներկայացնելով ընթացիկ ուստարվա առաջին կիսամյակի անվանական կրթաթոշակառուներին:
«Հիմք ընդունելով ԵՊՀ ստորաբաժանումների գիտական խորհուրդների առաջարկները՝ ներկայացվում է 58 անվանական կրթաթոշակ՝ 46-ը՝ ներքին, 12-ը՝ արտաքին ֆինանսավորմամբ: Հավակնորդները 68-ն են, որոնցից 17 ուսանող շարունակելու է ստանալ 2025-2026 ուստարվա 2-րդ կիսամյակում հատկացված կրթաթոշակը, մյուսները նոր հավակնորդներ են: Ֆիզիկայի ինստիտուտի կողմից ներկայացվող արտաքին ֆինանսավորման «National Instruments» (NI) կրթաթոշակն այս տարի հատկացվելու է 5 ուսանողի՝ նախորդ կիսամյակի 4-ի փոխարեն, իսկ նախկին 30 000 ՀՀ դրամի փոխարեն յուրաքանչյուր ուսանող կստանա 40 000 ՀՀ դրամ»,- նշեց Է. Ասրիյանը:
Այնուհետև ներկայացվեցին և հաստատվեցին ԵՊՀ գիտական խորհրդին կից իրավական ակտերի նախագծերի մշակման և փորձաքննության, մրցութային ու էթիկայի մշտական հանձնաժողովների կազմում փոփոխություններ կատարելու մասին հարցերը։
Նիստի վերջին հարցը վերաբերում էր Արևելագիտության ֆակուլտետի ուսանող Դավիթ Սարգսյանի՝ ԵՊՀ ՈՒԳԸ նախագահի պաշտոնում հաստատմանը։ Վերջինս 2023 թվականից ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի գիտական խորհրդի անդամ է, 2023-2024 թթ. եղել է ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի ՈՒԳԸ նախագահ, այնուհետև ԵՊՀ ՈՒԳԸ արտաքին կապերի հանձնաժողովի նախագահ։ ԵՊՀ ուսանողական գիտական ընկերության փոխնախագահ է ընտրվել 2024 թ. սեպտեմբերին:
«ԵՊՀ ՈՒԳԸ նախագահի պաշտոնում Դավիթ Սարգսյանի թեկնածությունը ներկայացրել են հենց ուսանողները: Ընդառաջելով նրանց՝ առաջարկում ենք հաստատել Դավիթ Սարգսյանին ՈՒԳԸ նախագահի պաշտոնում»,- ասաց ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը:
ԵՊՀ ուսանողական գիտական ընկերության միջնորդության և ԳԽ-ում անցկացված քվեարկության արդյունքների հիման վրա Արևելագիտության ֆակուլտետի «Իրականական պատմաբանասիրություն» մագիստրոսական կրթական ծրագրի 2-րդ կուրսի ուսանող Դավիթ Սարգսյանը հաստատվեց ԵՊՀ ուսանողական գիտական ընկերության նախագահի պաշտոնում։
Նիստի ավարտին ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը նշեց, որ շարունակվելու են ԵՊՀ գիտակրթական ներուժի զարգացմանն ու միջավայրի բարելավմանն ուղղված աշխատանքները։ Շարունակվելու են ենթակառուցվածքների արդիականացումը, կրթական ծրագրերի որակի ապահովումն ու լավարկումը, ուսանողական նախաձեռնությունների խթանումը, ինչպես նաև ԵՊՀ միջազգայնացումն ու աշխատաշուկայի հետ կապերի ամրապնդումը։







