- Главная
- Главная страница
- Երբ հեղափոխությունը դառնում է գրականություն․ ԵՊՀ-ում ներկայացվել է «Իսլամական հեղափոխության գրականություն» գրքի հայերեն թարգմանությունը
Октября 01, 2026 | 12:00
Գիտություն
Կրթություն
Միջոցառումներ
Երբ հեղափոխությունը դառնում է գրականություն․ ԵՊՀ-ում ներկայացվել է «Իսլամական հեղափոխության գրականություն» գրքի հայերեն թարգմանությունը
Հեղափոխությունների մասին կարելի է խոսել քաղաքական իրադարձությունների, պատմական տարեթվերի և հասարակական փոփոխությունների միջոցով, սակայն դրանց ազդեցությունն արտացոլվում է նաև գրականության և մշակույթի մեջ։ Այդ տեսանկյունից առանձնահատուկ հետաքրքրություն է ներկայացնում իրանցի բանաստեղծ, գրականագետ և թարգմանիչ Մոհամմադռեզա Թորքիի հեղինակած «Իսլամական հեղափոխության գրականություն» ուսումնասիրությունը, որն անդրադառնում է հեղափոխական գրականության տարբեր դրսևորումներին՝ պոեզիայից ու արձակից մինչև հուշագրություն, թատրոն, կինո, մանկական գրականություն և երգիծանք։
ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնի և ԻԻՀ դեսպանության մշակույթի կենտրոնի համագործակցության շրջանակում գրքի հայերեն թարգմանությունը ներկայացվեց հայ ընթերցողին։ Աշխատությունը պարսկերենից թարգմանել է ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնի դոցենտ, բանասիրական գիտությունների թեկնածու Գառնիկ Գևորգյանը։
ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը կարևորեց գրքի թարգմանության և հրատարակության ուղղությամբ կատարված աշխատանքը՝ ընդգծելով մասնագիտական գրականությունը հայերենով հասանելի դարձնելու նշանակությունը։
«Յուրաքանչյուր արևելագետի մասնագիտական ճանապարհին գալիս է պահ, երբ ցանկություն է առաջանում ոչ միայն ուսումնասիրելու ոլորտը, այլև սեփական թարգմանական աշխատանքով նպաստելու մասնագիտական դաշտի զարգացմանը՝ հնարավորություն ստեղծելով, որ այլ մասնագետներ և երիտասարդներ ծանոթանան ուսումնասիրվող երկրի լեզվով գրված ուսումնասիրություններին ու գրականությանը»,- ընդգծեց նա։
Շնորհանդեսի օրը խորհրդանշական էր նաև մեկ այլ առումով․ այն համընկավ պարսկական գրականության նշանավոր ներկայացուցիչներից մեկի՝ Մոլանայի՝ Ջալալ ադ-Դին Մուհամմադ Բալխիի մեծարման օրվա հետ։ Այս հանգամանքը հնարավորություն տվեց ժամանակակից իրանական գրականությանն անդրադառնալու նաև պարսկական գրականության բազմադարյա ավանդույթի համատեքստում։
ՀՀ-ում ԻԻՀ դեսպանության մշակույթի հարցերով կցորդ Մոհամմադ Ասադի Մոհավեդն առանձնահատուկ շեշտեց օրվա խորհրդանշականությունը՝ մատնանշելով, որ այն համընկնում է երկու իրադարձության հետ՝ նոր հրատարակության ներկայացման և Մոլանայի ժառանգության արժևորման։
«Մոլանան մեզ մշտապես կոչ է անում «ծարավ լինելու գիտելիքի նկատմամբ»։ Հրաշալի առիթ է այսօր, որ գրքի շնորհանդեսին զուգահեռ՝ մենք նշում ենք նաև նրա մեծարման օրը, և լիահույս ենք, որ ապագայում կստեղծվեն բազմաթիվ այլ առիթներ, և կթարգմանվեն բազմաթիվ այլ գրքեր, որոնք Իրանի և Հայաստանի երկու ժողովուրդների միջև մշակութային կապերի զարգացման խթան կդառնան»,- ասաց նա։
Գրքի կարևոր առանձնահատկություններից է ներկայացվող նյութի լայն շրջանակը։ Ուսումնասիրության հիմքում շուրջ 20 գիտնականների աշխատանքներն են, որոնք անդրադառնում են իրանական հեղափոխական գրականության տարբեր հեղինակների և ժանրերի։ Մասնագետները կարևորեցին հատկապես այն հանգամանքը, որ աշխատությունը չի սահմանափակվում գաղափարական մեկ ուղղությամբ․ ընթերցողին ներկայացվում են տարբեր տեսակետներ և գրական միջավայրի բազմազան դրսևորումներ։ Այս առումով գիրքը կարող է օգտակար լինել հատկապես իրանական գրականությամբ զբաղվող ուսանողների, դասախոսների և հետազոտողների համար՝ ծառայելով որպես ուսումնական նյութ և սկզբնաղբյուր։
Գրքի թարգմանության գործընթացին անդրադարձավ դրա հայերեն թարգմանության հեղինակ Գառնիկ Գևորգյանը։ Նրա խոսքով՝ թարգմանության հիմնական դժվարությունը, պարսկերեն տեքստը հայերեն փոխանցելուց բացի, դրա կրոնական, մշակութային և գաղափարական շերտերը հայ ընթերցողին հասանելի դարձնելն էր։
«Չեմ թաքցնի՝ շատ են եղել դժվարությունները․ կրոնահեղափոխական գրականությունը հայ ընթերցողին ծանոթ երևույթ չէ, առավել ևս՝ իսլամական կրոնահեղափոխական գրականությունը՝ մի աշխարհ, որը տարբերվում է մեր պատկերացումներից»,- ընդգծեց նա։
Գառնիկ Գևորգյանը նաև նշեց, որ աշխատության մեջ ներկայացված են ոչ միայն Իրանի առավել հայտնի հեղինակները, այլև գաղափարական տարբեր ուղղություններ ունեցող մտավորականներ։ Նրա գնահատմամբ՝ այդ բազմազանությունը հնարավորություն է տալիս ընթերցողին ավելի ամբողջական պատկերացում կազմելու հեղափոխության ձևավորած գրական միջավայրի մասին։ Անդրադառնալով գրքում ներկայացված հեղինակների ստեղծագործությունների գաղափարական և փիլիսոփայական շերտերին՝ նա նշեց, որ աշխատության որոշ հատվածներ պահանջում են խորքային ընթերցում և վերաիմաստավորում։
«Իսլամական հեղափոխության գրականություն» գրքի հայերեն թարգմանությունը նոր հնարավորություն է ընձեռում հայ ընթերցողին՝ իրանական հեղափոխական գրականությանը ծանոթանալու հայերենով և այն դիտարկելու գրականագիտական ուսումնասիրության համատեքստում։
ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի Ֆիրդուսիի անվան դահլիճում կայացած միջոցառմանը ներկա էին ֆակուլտետի դեկանն ու դասախոսները, իրանագետներ, ուսանողներ, ԻԻՀ դեսպանության մշակույթի կենտրոնի ներկայացուցիչներ, ինչպես նաև թեմայով հետաքրքրված հյուրեր։





