Ս․թ․ հոկտեմբերի 14-ին՝ ժամը 13։00-ին, ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնում (321 լսարան) կկայանա «Իրանը և Հարավային Կովկասը արդի աշխարհաքաղաքական զարգացումների համատեքստում» թեմայով աշխատաժողով:
Միջոցառումը կազմակերպվում է ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի կողմից ֆինանսավորվող 25YR-6A021 ծածկագրով «Իրանի Իսլամական Հանրապետության ներքաղաքական հոսանքների ազդեցությունը Իրանի հարավկովկասյան քաղաքականության վրա (2013-2024 թթ․) Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանական Հանրապետության օրինակով» թեմատիկ ծրագրի շրջանակում:
Աշխատաժողովի ծրագրի շրջանակում բանախոսությամբ հանդես կգա նաև սույն գիտական ծրագրի արտասահմանյան գործընկեր, Թեհրանի համալսարանի պատմության ֆակուլտետի պրոֆեսոր, փիլիսոփայական գիտությունների դոկտոր, Իրանի Իսլամական Հանրապետության ազգային գրադարանի և արխիվների հետազոտական կենտրոնի ղեկավար Ալի Քալիրադը, որը ս.թ. հոկտեմբերի 11-18-ը աշխատանքային այցով գտնվելու է Իրանագիտության ամբիոնում:
Աշխատաժողովի ընթացքում կքննարկվեն Իրանի արտաքին քաղաքականության առանցքային ուղղությունները, տարածաշրջանային անվտանգային մարտահրավերներն ու Հարավային Կովկասում տեղի ունեցող աշխարհաքաղաքական արդի զարգացումներում ԻԻՀ դերակատարումը:
Աշխատաժողովին մասնակցելու հնարավորություն ունեն ԵՊՀ պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչները, հետազոտողներ, ուսանողներ և ոլորտով հետաքրքրված մասնագետներ: