- Главная
- Главная страница
- «Արհեստական բանականությունը կարող է փոխել մշակույթը, բայց չի փոխարինի մարդկային ներկայությանը». պրոֆեսոր Մասսիմո Լեոնե
Октября 22, 2026 | 14:00
Կոնֆերանսներ
«Արհեստական բանականությունը կարող է փոխել մշակույթը, բայց չի փոխարինի մարդկային ներկայությանը». պրոֆեսոր Մասսիմո Լեոնե
Երբ մշակույթի մեծ մասը տեղափոխվում է թվային միջավայր, ի՞նչ է տեղի ունենում մարդկային շփման, հիշողության և ինքնության հետ։ Կարո՞ղ է արհեստական բանականությունը վերարտադրել մշակույթը, և ի՞նչ նշանակություն կունենան իրական հանդիպումներն ապագայում։ Այս հարցերին է անդրադարձել նշանագիտության հետազոտող, պրոֆեսոր Մասսիմո Լեոնեն՝ Երևանի պետական համալսարանում անցկացված «Մեդիատեքստ, նշանագիտություն և արհեստական բանականություն. նոր իմաստների որոնման ճանապարհին» միջազգային գիտաժողովի շրջանակում։
Անձրևապաշտպան թիկնոցը՝ որպես հիշողության և մշակութային կապի խորհրդանիշ
Միջազգային գիտաժողովի իր ելույթը պրոֆեսոր Մասսիմո Լեոնեն սկսել է ոչ թե տեխնոլոգիական զարգացումների մասին գիտական դիտարկմամբ, այլ Երևանի պետական համալսարանից ստացած նվերի՝ անձրևապաշտպան թիկնոցի պատմությամբ։
Նա պատմել է, որ անձրևապաշտպան թիկնոցը նվեր է ստացել Երևանի պետական համալսարանից՝ Հայաստան կատարած նախորդ այցի ավարտին։ Այդ իրը նրա համար դարձել է ոչ միայն հիշարժան նվեր, այլև Հայաստանի և համալսարանական գործընկերների հետ ձևավորված կապի խորհրդանիշ։
Այս պատմության միջոցով բանախոսն անդրադարձել է նշանագիտության առանցքային գաղափարներից մեկին, այն է՝ առարկաները կարող են ձեռք բերել իմաստներ, որոնք գերազանցում են դրանց գործնական նշանակությունը։
Անձրևապաշտպան թիկնոցն այս պատմության մեջ պարզապես առօրյա օգտագործման իր չէ․ այն իր մեջ ամփոփում է անձնական հիշողություններ, ապրումներ և մարդկային հարաբերություններ։
Պրոֆեսորը հիշել է նաև Հայաստան կատարած նախորդ այցի հետ կապված մեկ այլ պատմություն։ Նա պատմել է, որ Երևան ժամանելուց հետո շտապել է հայկական լավաշ գնելու, քանի որ այն հիշեցնում է դստեր հետ այստեղ անցկացրած օրերը։ Նա հիշել է նաև, թե ինչպես էր փոքրիկ դուստրը Երևանի շուկաներում սովորել հայերեն «շնորհակալություն» ասել։
«Նույնիսկ իմ դուստրն է մի փոքր հայ»,- կատակել է Լեոնեն։
Թվային ներկայությունը չի փոխարինում իրական հանդիպմանը
Ըստ Լեոնեի՝ արհեստական բանականության և թվային հաղորդակցության զարգացմանը զուգահեռ՝ ավելի է կարևորվում մարդկային անմիջական ներկայությունը։
Նրա խոսքով՝ երբ տեխնոլոգիաները հնարավորություն են տալիս վերարտադրելու ձայներ, պատկերներ և հաղորդակցության տարբեր ձևեր, ավելի է կարևորվում իրական հանդիպումների և նյութական աշխարհի դերը։
«Կարևոր է, որ ես այստեղ ձեզ հետ եմ անձամբ, և ոչ միայն իմ թվային ձայնով կամ թվային ներկայությամբ»,- ընդգծել է հետազոտողը։
Այս դիտարկումը գիտաժողովի հիմնական թեմաներից մեկի՝ արհեստական բանականության ազդեցության նկատմամբ այլ տեսանկյուն է առաջարկում։ Խնդիրը միայն այն չէ, թե ինչ կարող են ստեղծել տեխնոլոգիաները, այլև այն, թե թվային միջավայրի ընդլայնման պայմաններում ինչ նշանակություն են ձեռք բերում մարդկային փորձառությունն ու անմիջական շփումը։
Կկարողանա՞նք տարբերակել մարդու ստեղծած մշակույթն արհեստական բանականությամբ գեներացված բովանդակությունից
Ելույթի եզրափակիչ հատվածում Մասսիմո Լեոնեն անդրադարձել է արհեստական բանականության զարգացման հետևանքով սպասվող մշակութային փոփոխություններին։
Նրա դիտարկմամբ՝ մշակութային բովանդակության ստեղծման և տարածման գործընթացներում թվային տեխնոլոգիաներն ու արհեստական բանականությունն ավելի մեծ դեր են ստանձնում։
Այս գործընթացի հետևանքով կարող է դժվարանալ մարդու ինքնուրույն ստեղծած, մարդու և տեխնոլոգիայի համագործակցությամբ ստացված ու ամբողջությամբ արհեստական բանականությամբ գեներացված մշակութային բովանդակության տարբերակումը։
Պրոֆեսորը չի բացառում, որ ապագայում արհեստական բանականությամբ ստեղծված մշակութային բովանդակությունը կարող է գերակշռել։ Այդուհանդերձ, նրա ելույթի հիմնական շեշտադրումը տեխնոլոգիական հնարավորությունները չեն, այլ մարդկային ներկայության և անմիջական փորձառության արժեքը։
Մասսիմո Լեոնեի ելույթը հիշեցնում է, որ մշակույթը միայն ստեղծվող բովանդակությունը չէ․ այն նաև մարդկանց միջև ձևավորվող կապերի, համատեղ հիշողությունների ու նյութական աշխարհի հետ ունեցած կապի համադրություն է։
Բանախոսի մասին
Մասսիմո Լեոնեն (Massimo Leone) իտալացի նշանագետ է, Թուրինի համալսարանի փիլիսոփայության և կրթական գիտությունների դեպարտամենտի հաղորդակցության փիլիսոփայության, մշակութային և տեսողական նշանագիտության պրոֆեսոր։
Նա նաև Շանհայի համալսարանի նշանագիտության պրոֆեսոր է, Քեմբրիջի համալսարանի թվային հումանիտար գիտությունների հետազոտական համայնքի ասոցացված անդամ և Տրենտոյի «Բրունո Քեսլեր» հիմնադրամի կրոնագիտական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն։
Հեղինակել է 15 մենագրություն, խմբագրել ավելի քան 50 գիտական ժողովածու և հրապարակել ավելի քան 500 գիտական հոդված՝ նշանագիտության, կրոնագիտության և տեսողական ուսումնասիրությունների ոլորտներում։
2018 թվականին արժանացել է Եվրոպական հետազոտական խորհրդի (ERC) «Consolidator Grant», իսկ 2022 թվականին՝ «Proof of Concept Grant» դրամաշնորհներին։
Նրա հետազոտական հետաքրքրություններն ընդգրկում են նաև թվային մշակույթը, արհեստական բանականությունը, տեսողական հաղորդակցությունը և տեխնոլոգիաների ազդեցությունը մարդկային ինքնության ու մշակութային նշանակությունների ձևավորման վրա։