- Главная
- Главная страница
- Դուդուկի ձայնից մինչև Կովկասի պատմություն․ իրանցի պատմաբան Ալի Քալիրադը՝ հայ-իրանական կապերի մասին
Ноября 11, 2026 | 11:28
Գիտություն
Միջազգային համագործակցություն
Դուդուկի ձայնից մինչև Կովկասի պատմություն․ իրանցի պատմաբան Ալի Քալիրադը՝ հայ-իրանական կապերի մասին
Դուդուկի ձայնը, հայկական եկեղեցին կամ հայերեն տպագրված թերթը երբեմն կարող են մի ամբողջ ժողովրդի պատմությունը ճանաչելու առիթ դառնալ: Իրանցի պատմաբան, պրոֆեսոր Ալի Քալիրադի հետաքրքրությունը Հայաստանի և Կովկասի նկատմամբ ձևավորվել է հենց այսպիսի առօրյա հանդիպումներից՝ հետագայում վերածվելով գիտական ուսումնասիրությունների:
Իրանի ազգային գրադարանի և արխիվների հետազոտական կենտրոնի ղեկավար Ալի Քալիրադը դասախոսություններով է հանդես եկել ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետում։ Պատմաբանի հետ զրուցել ենք նրա գիտական հետաքրքրությունների ձևավորման, Իրանի հայ համայնքի պատմական դերի, հայերեն մամուլի և տարածաշրջանի ժողովուրդների փոխկապակցված անցյալի մասին:
- Պարո՛ն Քալիրադ, ինչպե՞ս սկսվեց Ձեր հետաքրքրությունը պատմության նկատմամբ, և ի՞նչը Ձեզ մղեց ուսումնասիրելու հատկապես Հայաստանը և Կովկասը:
- Իմ հետաքրքրությունը ձևավորվել է դեռ մանկության և պատանեկության տարիներին: Դժվար է նշել մեկ հստակ պատճառ․ երբեմն ամենատարբեր առիթները կարող են հետաքրքրություն առաջացնել:
Հիշում եմ՝ ինձ գրավում էր դուդուկի ձայնը: Մտածում էի՝ որտեղի՞ց է գալիս այս գործիքը, ի՞նչ պատմություն ունի: Իրանում մեծ հայկական համայնք կա, և պատանեկության տարիներին հայկական եկեղեցու կողքով անցնելը կամ հայերեն տպագրված թերթ տեսնելը ցանկություն էր առաջացնում ճանաչելու հայկական մշակույթն ու լեզուն:
Հետաքրքրվում էի նաև տարածաշրջանի մյուս ժողովուրդների մշակույթներով: Սկզբում ինքնուրույն ուսումնասիրում էի Հայաստանի պատմությունը, իսկ հետագայում հետաքրքրություններիս շրջանակն ընդլայնվեց, և սկսեցի զբաղվել գիտական ուսումնասիրություններով:
- Ինչո՞ւ է Կովկասը կարևոր Իրանի համար, և ինչպե՞ս է տարածաշրջանի անցյալն առնչվում Իրանի պատմությանը:
- Իրանցիների համար Կովկասը երբեք օտար տարածաշրջան չի եղել: Դպրոցական տարիներին դասընկերներ ունեի, որոնց ազգանունը «Երևանի» էր: Նման դրվագներն էլ հիշեցնում են Իրանի և Կովկասի պատմական կապերի մասին:
Կովկասը դեռ հնագույն ժամանակներից Իրանի համար կարևոր նշանակություն է ունեցել աշխարհաքաղաքական և տնտեսական առումներով: Իրանի և Կովկասի ժողովուրդների միջև ձևավորվել են նաև մշակութային կապեր:
Մեր պատմական փորձը ցույց է տալիս, որ տարածաշրջանի երկրների ճակատագրերը մեծապես փոխկապակցված են եղել: Այդ կապերի ուսումնասիրությունը կարևոր է նաև ներկան հասկանալու համար:
- Ո՞րն է այսօր հայ-իրանական պատմության ուսումնասիրության կարևոր խնդիրներից մեկը, և ի՞նչ դեր կարող են ունենալ երկու երկրների արխիվները։
- Դեռ շատ անելիքներ ունենք մեր ընդհանուր պատմությանն առնչվող աղբյուրները բացահայտելու և ուսումնասիրելու ուղղությամբ: Հայ հետազոտողները պետք է ավելի լավ ճանաչեն Իրանում պահպանվող նյութերը, իսկ իրանցի հետազոտողները՝ հայկական արխիվներում և գրավոր աղբյուրներում առկա տեղեկությունները: Մեկ երկրի աղբյուրներով սահմանափակվելը կարող է դժվարացնել պատմական իրադարձությունների և ժողովուրդների միջև կապերի ամբողջական ըմբռնումը:
Իմ մասնագիտական հետաքրքրությունները հիմնականում վերաբերում են նորագույն և ժամանակակից պատմությանը: Այդ ժամանակաշրջանի ուսումնասիրության համար առանձնահատուկ նշանակություն ունեն նաև Իրանում հրատարակված հայերեն թերթերն ու հանդեսները: Սակայն հայկական աղբյուրները կարևոր են նաև Իրանի պատմության ավելի վաղ շրջաններն ուսումնասիրելու համար:
Տարբեր լեզուներով և տարբեր երկրներում պահպանվող նյութերը կարող են լրացնել միմյանց՝ օգնելով ավելի ամբողջական պատկերացում կազմելու անցյալի մասին:
- Ինչո՞ւ է հատկապես կարևոր Իրանում և Կովկասում հրատարակված հայերեն մամուլի ուսումնասիրությունը:
- Հայերեն մամուլը կարևոր և դեռևս ամբողջությամբ չուսումնասիրված աղբյուրներից է: Խոսքը թե՛ Իրանում, թե՛ Կովկասում հրատարակված պարբերականների մասին է:
Հայերն Իրանի նորագույն պատմության ընթացքում նշանակալի դեր են ունեցել երկրի մտավոր և հասարակական կյանքում: Սակայն հայ մտածողների ներդրումը դեռևս բավարար չափով ուսումնասիրված չէ:
Խնդիրներից մեկն այն է, որ հայերեն նյութերը հասանելի չեն կամ բավարար չափով ծանոթ չեն իրանցի բազմաթիվ հետազոտողների: Լեզվական խոչընդոտների պատճառով դրանցում պահպանված տեղեկությունները դուրս են մնում գիտական շրջանառությունից:
Ուստի Հայաստանի և Իրանի գիտնականների համագործակցության կարևոր ուղղություններից մեկը պետք է լինի հայ մտածողների, քաղաքական ու հասարակական գործիչների ժառանգության ուսումնասիրությունը: Դրա համար անհրաժեշտ է, որ հայ հետազոտողները կարողանան աշխատել պարսկերեն աղբյուրների հետ, իսկ իրանցի գիտնականները՝ հայերեն նյութերի:
- Արխիվներում աշխատելիս հանդիպե՞լ եք որևէ փաստաթղթի, որը փոխել է Ձեր պատկերացումներն Իրանի կամ Հայաստանի պատմության որևէ ժամանակաշրջանի մասին։
- Դժվար է առանձնացնել մեկ փաստաթուղթ: Ինձ հատկապես հետաքրքրել են Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանին վերաբերող իրանական գրավոր աղբյուրները, այդ թվում՝ Անատոլիայում և Կովկասում տեղի ունեցած իրադարձությունների մասին նյութերը:
Դրանց ընթերցումն օգնել է ավելի խորությամբ գիտակցելու, թե որքան փոխկապակցված են մեր տարածաշրջանի ժողովուրդների ճակատագրերը: Տարածաշրջանի մի հատվածում տեղի ունեցած պատերազմը կամ աղետը կարող է ազդել նաև մյուս ժողովուրդների վրա: Հետևաբար կարևոր է ուսումնասիրել ինչպես առանձին երկրների պատմությունը, այնպես էլ նրանց միջև գոյություն ունեցող կապերը:
Որպես պատմաբան՝ կարևոր եմ համարում տարածաշրջանի ընդհանուր պատմական ժառանգության ուսումնասիրությունը․ այն կարող է հիմք դառնալ երկխոսության և փոխըմբռնման համար: Պատմությունը ներառում է նաև ողբերգություններ ու ճգնաժամեր, որոնց ուսումնասիրությունն օգնում է հասկանալու անցյալը և մտածելու ավելի լավ ապագա կառուցելու մասին:
- Ի՞նչ խորհուրդ կտաք երիտասարդներին, որոնք սկսում են ուսումնասիրել Իրանի պատմությունն ու հայ-իրանական կապերը:
- Պետք է պատրաստ լինել երկար ճանապարհի: Պատմական հետազոտությունը պահանջում է շարունակական աշխատանք և սեփական պատկերացումներն ու մոտեցումները վերանայելու պատրաստակամություն: Երբ ի հայտ են գալիս նոր աղբյուրներ կամ փաստաթղթեր, պետք է պատրաստ լինենք վերանայելու նաև նախկին տեսակետները:
Կարևոր է հիշել, որ Իրանի պատմությունն ուսումնասիրելով՝ ճանաչում ենք տարածաշրջանի պատմության մի մեծ հատվածը: Սա հատկապես կարևոր է նրանց համար, ովքեր ցանկանում են հասկանալ Կովկասի և հարևան ժողովուրդների պատմական կապերը: