- Главная
- Главная страница
- ԵՊՀ-ն ընդլայնում է միջազգային համագործակցությունը բնապահպանության ոլորտում. հանդիպում Չինաստանի բնապահպանական պլանավորման ակադեմիայի պատվիրակության հետ
Октября 23, 2026 | 12:15
Գիտություն
Գործընկերներ
Միջազգային համագործակցություն
ԵՊՀ-ն ընդլայնում է միջազգային համագործակցությունը բնապահպանության ոլորտում. հանդիպում Չինաստանի բնապահպանական պլանավորման ակադեմիայի պատվիրակության հետ
Երևանի պետական համալսարանի կենսաբանության ֆակուլտետի Էկոլոգիայի և բնության պահպանության ամբիոնում հյուրընկալվեցին Չինաստանի բնապահպանական պլանավորման ակադեմիայի (Chinese Academy of Environmental Planning - CAEP) ներկայացուցիչները։ Հանդիպման նպատակն էր քննարկել երկկողմ գործընկերության հեռանկարները, փորձի փոխանակումն ու համատեղ գիտահետազոտական ծրագրերի իրականացման հնարավորությունները։
Այցի շրջանակում ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի դեկան Կարեն Ղազարյանը հյուրերին մանրամասն ներկայացրեց ֆակուլտետի կառուցվածքը, գործող գիտահետազոտական լաբորատորիաների հիմնական ուղղություններն ու վերջին տարիների ձեռքբերումները։
Չինացի գործընկերներն իրենց հերթին մեծ հետաքրքրություն ցուցաբերեցին Հայաստանում բնապահպանության ոլորտում կատարվող աշխատանքների և վերջին օրենսդրական բարեփոխումների նկատմամբ։ Որպես ոլորտային նորարարության հաջողված օրինակ՝ անդրադարձ կատարվեց Պեկինի Մենտոուգոու շրջանում ներդրված կենսաբազմազանության խելացի մշտադիտարկման համակարգի (Smart Biodiversity Monitoring System) առաջադեմ փորձին, որը հնարավորություն է տալիս արհեստական բանականության և ժամանակակից սենսորների միջոցով կատարելու էկոհամակարգերի արդյունավետ վերահսկողություն:
Երկկողմ աշխատանքների և փորձի ներկայացումից հետո կողմերը քննարկեցին հետագա գործնական քայլերը։ Մասնավորապես՝ ձեռք բերվեց պայմանավորվածություն առաջիկայում կազմակերպելու առցանց աշխատանքային հանդիպում, որի գլխավոր նպատակը լինելու է ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի և Չինաստանի բնապահպանական պլանավորման ակադեմիայի հետ համատեղ միջազգային դրամաշնորհային ծրագրերի դիմելու գործընթացի մեկնարկը։
Նմանօրինակ հանդիպումներն ու նորագույն տեխնոլոգիաների ուսումնասիրությունը չափազանց արժեքավոր են Էկոլոգիայի և բնության պահպանության ամբիոնի գիտահետազոտական հետագա ծրագրերի զարգացման, ինչպես նաև էկոհամակարգերի կառավարման ժամանակակից մոտեցումների տեղայնացման համար՝ լիովին համապատասխանելով ԵՊՀ միջազգայնացման ռազմավարությանը։
Նշենք, որ Կարեն Ղազարյանը Չինաստանի բնապահպանական պլանավորման ակադեմիայի հրավերով ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) շրջանակում կապույտ գոտու Չինաստանի տաղավարում որպես հրավիրյալ զեկուցող ներկայացրեց ՀՀ հողային ռեսուրսներին առնչվող որոշ էկոլոգիական հիմնախնդիրներ:


