- Главная
- Главная страница
- Ինչպե՞ս չափել բուհերի գործունեության արդյունավետությունը և բարելավել կրթության որակը․ ԵՊՀ-ում ամփոփվել են KPI4HE ծրագրի արդյունքները
Ноября 02, 2026 | 16:00
Գիտություն
Կրթություն
Միջազգային համագործակցություն
Ինչպե՞ս չափել բուհերի գործունեության արդյունավետությունը և բարելավել կրթության որակը․ ԵՊՀ-ում ամփոփվել են KPI4HE ծրագրի արդյունքները
Հայաստանի բուհերի գործունեության գնահատման միասնական ցուցանիշներ, տվյալահենք որոշումներ, ռազմավարական պլանավորման նոր գործիքներ և կրթության որակի բարելավման հնարավորություններ․ համալսարանում կայացած միջազգային համաժողովում ներկայացվել են ԵՊՀ համակարգմամբ իրականացվող KPI4HE ծրագրի արդյունքներն ու քննարկվել դրանց կիրառման հեռանկարները։ Ծրագիրը կարող է կարևոր դեր ունենալ Հայաստանի բարձրագույն կրթության կառավարման նոր մոտեցումների ձևավորման գործում։
ԵՊՀ-ում տեղի է ունեցել Եվրոպական միության «Էրազմուս+» ծրագրի շրջանակում իրականացվող «Հայաստանում ներառական, թվային և կանաչ ուղղվածությամբ բարձրագույն կրթության պատշաճ կառավարման և որակի համար գործունեության առանցքային ցուցանիշների ազգային շրջանակի ստեղծում» (KPI4HE) ծրագրի եզրափակիչ իրազեկման համաժողովը։
Ծրագրի հիմնական գաղափարն այն է, որ համալսարանների զարգացումը պետք է հիմնված լինի ոչ միայն ռազմավարական նպատակների սահմանման, այլև դրանց իրականացման արդյունքների չափման, վերլուծության և գնահատման վրա։
ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, ողջունելով համաժողովի մասնակիցներին, ընդգծել է, որ արագ փոփոխվող աշխարհում համալսարանների արդյունավետ կառավարումը պահանջում է հավաստի տվյալների և գործունեության չափելի ցուցանիշների վրա հիմնված որոշումներ։
Նրա խոսքով՝ KPI4HE ծրագիրը կարևոր հնարավորություն է ստեղծելու Հայաստանի բարձրագույն կրթության համակարգում կառավարման, ռազմավարական պլանավորման և որակի ապահովման նոր մոտեցումների զարգացման համար։
Ռեկտորը նշել է, որ 12 գործընկերների մասնակցությամբ ծրագրի համակարգումը ԵՊՀ-ի համար եղել է և՛ պատասխանատվություն, և՛ հայաստանյան ու եվրոպական հաստատությունների համագործակցությունն ամրապնդելու հնարավորություն։
«Ծրագրի իրական արժեքը դրա արդյունքների կայուն օգտագործման մեջ է։ Հաջորդ կարևոր քայլն է ապահովել, որ գործունեության առանցքային ցուցանիշների ազգային շրջանակը և մշակված գործիքները շարունակեն ուղղորդել բուհերի ռազմավարությունները, բարելավեն որոշումների կայացումը և նպաստեն Հայաստանի բարձրագույն կրթության երկարաժամկետ զարգացմանը»,- ընդգծել է Հովհաննես Հովհաննիսյանը։
Ռեկտորն անդրադարձել է նաև մշակված ցուցանիշների հնարավոր կիրառմանը բուհերի ֆինանսավորման նոր մեխանիզմներում՝ կարևորելով կառավարման արդյունավետության և ֆինանսավորման միջև փոխկապակցվածությունը։
Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը ծրագրի նշանակությունը դիտարկել է Հայաստան-ԵՄ համագործակցության և եվրոպական չափանիշներին համապատասխան բարձրագույն կրթության համակարգի զարգացման համատեքստում։
Նա ընդգծել է, որ միասնական չափանիշների և գնահատման գործիքների մշակումը նպաստում է ոչ միայն բարձրագույն կրթության կառավարման կատարելագործմանը, այլև հաստատությունների միջև վստահության ամրապնդմանը։
Դեսպանը կարևորել է հայաստանյան և եվրոպական գործընկերների համատեղ աշխատանքը՝ նշելով, որ ծրագրի արդյունքների կիրառությունը պետք է շարունակվի նաև դրա պաշտոնական ավարտից հետո։
Ի՞նչ է փոխելու կատարողականի առանցքային ցուցանիշների ազգային շրջանակը
Համաժողովի առանցքային թեմաներից էր Հայաստանի բարձրագույն կրթության կատարողականի առանցքային ցուցանիշների ազգային շրջանակի (ԿԱՑԱՇ) մշակումը։
ՀՀ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի պաշտոնակատար Լիլիթ Մկրտչյանը, ներկայացնելով բարձրագույն կրթության բարեփոխումների հիմնական ուղղությունները, ընդգծել է, որ ժամանակակից բուհի գործունեության արդյունավետ գնահատումը պահանջում է հստակ չափելի արդյունքներ և տվյալների վերլուծություն։
Նրա ներկայացմամբ՝ KPI4HE ծրագրի շրջանակում մշակված ազգային շրջանակի նախագիծը նախատեսում է բուհերի կատարողականի գնահատում վեց հիմնական ուղղություններով՝ որակյալ կադրերի պատրաստում, ազգային և միջազգային ներգրավվածություն, հետազոտություն, զարգացում և նորարարություն, հնարավորությունների հավասարություն, ուսումնական միջավայր և որակ, ինչպես նաև կառավարում, առաջնորդություն և գործառնական արդյունավետություն։
Այս մոտեցումը հնարավորություն է տալիս համալսարանի գործունեությունը դիտարկելու որպես փոխկապակցված համակարգ՝ հաշվի առնելով ոչ միայն կրթական արդյունքները, այլև հետազոտական ներուժը, միջազգային համագործակցությունը, ներառականությունը և կառավարման արդյունավետությունը։
Օրինակ՝ շրջանավարտների զբաղվածության մակարդակի ուսումնասիրությունը կարող է ցույց տալ, թե կրթական ծրագրերը որքանով են համապատասխանում աշխատաշուկայի պահանջներին։ Թվայնացված դասընթացների մասնաբաժինը կարող է օգնել գնահատելու բուհի թվային զարգացման ընթացքը, իսկ էներգասպառման տվյալների վերլուծությունը՝ ռեսուրսների կառավարման արդյունավետությունը։
Լիլիթ Մկրտչյանը կարևորել է նաև ցուցանիշների ազգային շրջանակի կապը բուհերի ինստիտուցիոնալ ֆինանսավորման ապագա մեխանիզմների հետ։ Միաժամանակ, նա ընդգծել է, որ տարբեր առաքելություններ և մասնագիտական ուղղվածություններ ունեցող համալսարանների գնահատման ժամանակ անհրաժեշտ է հաշվի առնել դրանց առանձնահատկությունները։
Ըստ նրա՝ առաջիկա կարևոր քայլերից են ցուցանիշների սահմանումների և հաշվարկման մեթոդաբանության համաձայնեցումը, տվյալների աղբյուրների հստակեցումը, մասնագետների կարողությունների զարգացումը և մշակված մոտեցումների փորձարկումը։
«Չափել այն, ինչ կարևոր է, և արդյունքներն օգտագործել իրական բարելավումների համար»,- այսպես է Լիլիթ Մկրտչյանն ամփոփել տվյալահենք կառավարման հիմնական սկզբունքը։
Տվյալների հավաքագրումից մինչև կառավարման նոր մշակույթ
Համաժողովի ընթացքում առանձնահատուկ ուշադրություն է դարձվել այն հարցին, թե ինչպես կարող են կատարողականի ցուցանիշները դառնալ բուհերի ամենօրյա կառավարման և որակի ապահովման գործիքներ։
Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի տնօրեն Ռուբեն Թոփչյանն ընդգծել է, որ ծրագրի շրջանակում ձևավորվող մոտեցումները կարող են նպաստել Հայաստանում որակի գնահատման նոր մշակույթի զարգացմանը։
Նրա խոսքով՝ ցուցանիշների կիրառման ժամանակ կարևոր է ոչ միայն տվյալների առկայությունը, այլև դրանց չափման մեթոդաբանությունն ու մեկնաբանությունը։ Միևնույն ցուցանիշը կարող է տարբեր նշանակություն ունենալ՝ կախված կրթական ծրագրի առանձնահատկություններից և համապատասխան միջավայրից։
Ռուբեն Թոփչյանը նշել է, որ տվյալահենք գնահատումը պետք է լրացնի արդեն գործող հավատարմագրման, ինքնագնահատման և փորձագիտական գնահատման մեխանիզմները՝ նպաստելով առավել հիմնավորված որոշումների կայացմանը։
Հայաստանում «Էրազմուս+» ազգային գրասենյակի համակարգող Լանա Կառլովան ևս կարևորել է ծրագրի բազմակողմ ազդեցությունը՝ ընդգծելով, որ այն միավորում է ինստիտուցիոնալ զարգացումը, ազգային առաջնահերթություններն ու եվրոպական համագործակցությունը։
Նրա գնահատմամբ՝ KPI4HE-ի առանձնահատկություններից է այն, որ ծրագիրը միաժամանակ անդրադառնում է բարձրագույն կրթության երեք կարևոր ուղղություններին՝ ներառականությանը, թվային վերափոխմանը և «կանաչ» անցմանը։
Ծրագրի արդյունքների շարունակականությունը
KPI4HE ծրագրի շրջանակում կատարված աշխատանքներն ուղղված են ոչ միայն ցուցանիշների ազգային շրջանակի մշակմանը, այլև բուհերում ինստիտուցիոնալ հետազոտությունների և ռազմավարական պլանավորման կարողությունների զարգացմանը։
Ծրագրով նախատեսվում են մասնագետների վերապատրաստում, տվյալների հավաքագրման և վերլուծության կառուցակարգերի զարգացում, համապատասխան թվային հարթակի ստեղծում, ինչպես նաև բուհերի կատարողականի գնահատման և հավատարմագրման չափանիշների կատարելագործում։
Այս գործիքները հնարավորություն կտան համալսարաններին առավել արդյունավետ գնահատելու իրենց գործունեությունը, բացահայտելու զարգացման առաջնահերթությունները և կայացնելու տվյալներով հիմնավորված կառավարչական որոշումներ։
Ծրագիրն իրականացվում է ԵՊՀ համակարգմամբ՝ հայաստանյան և եվրոպական գործընկերների մասնակցությամբ, այդ թվում՝ Օլդենբուրգի, Դրեզդենի տեխնիկական (Գերմանիա) և Ջենովայի համալսարանների (Իտալիա) համագործակցությամբ։
Համաժողովի մասնակիցները կարևորել են ծրագրի շրջանակում մշակված մոտեցումների ու գործիքների շարունակական կիրառումը նաև ծրագրի ավարտից հետո՝ նպաստելով Հայաստանի բարձրագույն կրթության համակարգի արդյունավետության, մրցունակության և որակի բարձրացմանը։
KPI4HE-ի գլխավոր արդյունքը պետք է արտահայտվի ոչ միայն նոր ցուցանիշների և գնահատման մեխանիզմների առկայությամբ, այլև դրանց շնորհիվ համալսարաններում կատարվող գործնական փոփոխություններով՝ սկսած կրթական ծրագրերի կատարելագործումից մինչև ռեսուրսների առավել արդյունավետ կառավարում։








