- Главная
- Главная страница
- Երբ խաղաղությունը խոսում է գիտության լեզվով
Ноября 10, 2026 | 09:50
Գիտություն
Հասարակություն
Քաղաքականություն
Երբ խաղաղությունը խոսում է գիտության լեզվով
Նոյեմբերի 10-ին նշվում է Հանուն խաղաղության և զարգացման գիտության համաշխարհային օրը, որի հռչակման 25-ամյակը լրանում է այս տարի։ ՅՈՒՆԵՍԿՕ-ի հռչակած օրվա այս տարվա թեման՝ «Ընդհանուր եզրեր՝ գիտական դիվանագիտության միջոցով», ընդգծում է գիտության դերը խաղաղության ամրապնդման, կայուն զարգացման և համընդհանուր բարեկեցության ապահովման գործում։
Գիտության օրվա հիմնական նպատակները տարբեր են՝ հանրային իրազեկվածության բարձրացում, խաղաղ ու կայուն հասարակությունների կառուցում, մարդկանց ներգրավում արդի գիտական հարցերում ու քննարկումներում: Ըստ այդմ՝ 2002 թվականից ի վեր նշվող տոնի համար առաջնային է ինչպես միջազգային գիտական համերաշխության խթանումը, այնպես էլ մարդկության գիտատեխնիկական ձեռքբերումների կիրարկումը հօգուտ և ի բարօրություն մարդկային քաղաքակրթության:
2026 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնական գործընկեր, ոչ կառավարական կազմակերպություն Միջազգային գիտական խորհուրդը հրավիրում է նշելու Գիտության համաշխարհային օրը՝ ուսումնասիրելով գիտական դիվանագիտությունը և այն եղանակները, որոնցով գիտությունը կարող է օգնել կամուրջներ կառուցելու սահմաններից անդին, աջակցելու միջազգային երկխոսությանն ու համագործակցությանը, ինչպես նաև նպաստելու համաշխարհային մակարդակի մարտահրավերների լուծմանը։
Հարկ է նշել, որ 2026 թվականի միջոցառումները սերտորեն կապված են ՄԱԿ-ի հռչակած «Հանուն կայուն զարգացման գիտությունների միջազգային տասնամյակի (2024–2033)» հետ: Ուստի օրն ընդգծում է, թե ինչպես կարող է գիտական համագործակցությունը վստահություն կառուցել, խրախուսել և ամրապնդել երկրների միջև հարաբերությունները, նույնիսկ երբ նրանք ունեն քաղաքական կամ աշխարհաքաղաքական տարաձայնություններ։ Գիտական դիվանագիտությունն ազգային սահմանները հատող մարտահրավերները լուծելու նպատակով օգտագործում է գիտության ոլորտում առկա համագործակցությունն ու ապացույցների վրա հիմնված երկխոսությունը։ Կլիմայի փոփոխությունը, համավարակները, ջրի սակավությունը, կիբեռանվտանգությունն ու միջուկային անվտանգությունը ևս, որոնք ժամանակակից մարդկության առջև ծառացած առաջնային խնդիրներ են, պահանջում են և՛ համագործակցություն, և՛ միջազգային գիտական մոտեցում:
21-րդ դարի մարտահրավերների պահանջն է, որ երկրները կարողանան համատեղ աշխատել նաև գիտական հետազոտությունների, գիտելիքների փոխանակման և տեխնոլոգիական համագործակցության միջոցով։ Այս համատեքստում գիտական փոխգործակցությունները վստահություն ձեռք բերելու հնարավորություններ են ընձեռում նաև քաղաքական լարվածություն ունեցող կամ դրա առջև կանգնած երկրների միջև:
Բազմամակարդակ գիտական գործընկերությունների շնորհիվ էլ, ի վերջո, հնարավոր է լուծել գլոբալ մի շարք խնդիրներ ու մարտահրավերներ, որոնք ոչ մի երկիր չի կարող ինքնուրույն լուծել։