ԵՊՀ-ում կանցկացվի «Ռոբոտատեխնիկա և արտադրողականություն» թեմայով դասախոսություն
Ս.թ. նոյեմբերի 19-ին՝ ժամը 12:30-ին, ԵՊՀ ֆիզիկայի ինստիտուտի 310 լսարանում տեղի կունենա «Ռոբոտատեխնիկա և արտադրողականություն» («Robotics and Productivity») թեմայով դասախոսություն, որը կվարի ԱՄՆ Լոյոլա Մերիմաունթ համալսարանի ֆինանսների և տնտեսագիտության պրոֆեսոր, տնտեսագիտության դոկտոր Սունգ Վոն Սոնը (Sung Won Sohn):
Դասախոսությունը նվիրված կլինի ռոբոտատեխնիկայի և արտադրողականության փոխառնչություններին: Բանախոսը ունի տնտեսության, ֆինանսների և տեխնոլոգիական զարգացումների ուսումնասիրության բազմամյա փորձ: Նրա ղեկավարած «SS Economics» ընկերության գործունեության ուղղություններն ընդգրկում են ԱՄՆ տնտեսությունը, միջազգային առևտուրը, տեխնոլոգիաներն ու արհեստական բանականությունը:
Սունգ Վոն Սոնը Հայաստան է այցելում «Armenian Innovation Foundation» (AIF) հիմնադրամի հրավերով։
Բանախոսի մասին
Սունգ Վոն Սոնը տնտեսագետ է, բանկային ոլորտի ղեկավար և պրոֆեսոր: Նրա մասնագիտական գործունեությունն ընդգրկում է բանկային համակարգը, պետական կառավարման, բարձրագույն կրթության և հետազոտությունների ոլորտները:
Նա զբաղեցրել է «Wells Fargo»-ի գործադիր փոխնախագահի և գլխավոր տնտեսագետի, «Hanmi Bank»-ի ու «Hanmi Financial Corporation»-ի նախագահի և գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնները: Աշխատել է նաև Սպիտակ տան՝ ԱՄՆ նախագահի տնտեսական խորհրդատուների խորհրդում՝ որպես ավագ տնտեսագետ՝ զբաղվելով Դաշնային պահուստային համակարգին և ֆինանսական շուկաներին առնչվող տնտեսական ու օրենսդրական հարցերով:
Ներկայում Լոյոլա Մերիմաունթ համալսարանի ֆինանսների և տնտեսագիտության պրոֆեսոր է և «SS Economics» ընկերության նախագահը:
2006 թվականին «The Wall Street Journal»-ը նրան ճանաչել է ԱՄՆ ամենաճշգրիտ տնտեսական կանխատեսումներ կատարած տնտեսագետ, իսկ 2025 թվականին ընդգրկել երկրի հինգ լավագույն տնտեսական կանխատեսողների շարքում:
Սունգ Վոն Սոնը «Global Financial Crisis and Exit Strategy» (2009) և «The New Economy» (2014) գրքերի հեղինակն է: