- Главная
- Главная страница
- Դպրոցական գիտելիքներից դեպի իրավաբանական կրթություն․ ԵՊՀ-ում ներկայացվեց «Հասարակագիտություն (պետականագիտություն)» շտեմարանը
Ноября 25, 2026 | 16:28
Գիտություն
Հրապարակումներ և գիտական հանդեսներ
Դպրոցական գիտելիքներից դեպի իրավաբանական կրթություն․ ԵՊՀ-ում ներկայացվեց «Հասարակագիտություն (պետականագիտություն)» շտեմարանը
Իրավագիտության ֆակուլտետ ընդունվել ցանկացող դիմորդների գիտելիքների գնահատման, ինքնուրույն պատրաստվելու և իրավական մտածողության զարգացման նպատակով ստեղծվել է «Հասարակագիտություն (պետականագիտություն)» շտեմարանը։ ԵՊՀ-ում տեղի ունեցավ պրոֆեսոր Արթուր Վաղարշյանի և դոցենտ Տարոն Սիմոնյանի հեղինակած շտեմարանի շնորհանդեսը, որը կյանքի է կոչվել «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի աջակցությամբ։
«Կոնրադ Ադենաուր» հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար, ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դասախոս Լիանա Մարուքյանը բացման խոսքում հիմնավորեց հիմնադրամի աջակցության կարևորությունը շտեմարանի հրատարակման գործում:
Շնորհանդեսին ողջույնի խոսքով հանդես եկավ ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը՝ ընդգծելով աշխատանքի կարևորությունը կրթական համակարգում սպասվող փոփոխությունների համատեքստում։ Նա նշեց, որ դպրոցից բուհ անցման գործընթացում բուհերի դերի ընդլայնմանը զուգահեռ մեծանում է նաև ուսուցիչների պատասխանատվությունը՝ հատկապես հաշվի առնելով իրավագիտության ֆակուլտետ ընդունվելու ձգտող աշակերտների մեծ թիվը։ Ռեկտորի խոսքով՝ ընդունելության գործընթացում «Հասարակագիտություն» առարկայի ընդգրկումը նոր պահանջներ է առաջադրում դպրոցական դասավանդմանը և սովորողների պատրաստվածությանը։
Նախաձեռնության գաղափարն ու ստեղծման նախադրյալները ներկայացրեց Իրավագիտության ֆակուլտետի դեկան Հարություն Խաչիկյանը։
Նրա խոսքով՝ «Հայաստանի Հանրապետության բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքով ընդունելության գործընթացում համակարգային փոփոխություններ են նախատեսվել, մասնավորապես՝ «Հայոց լեզու» և «Մաթեմատիկա» առարկաներից արտաքին գնահատմամբ քննությունները սահմանվել են որպես ընդունելության շեմ։ Օրենքը բուհերին հնարավորություն է տալիս յուրաքանչյուր մասնագիտության համար սահմանելու ընդունելության լրացուցիչ պահանջներ, ինչի արդյունքում իրավաբանական կրթություն ստանալու համար ընդունելության քննությունների շարքում նախատեսվեց նաև «Հասարակագիտություն» առարկան։
Այս փոփոխություններն էլ հիմք դարձան Իրավագիտության ֆակուլտետի նախաձեռնությամբ և «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի աջակցությամբ շտեմարանի ստեղծման համար։ «Հասարակագիտություն» դասագրքերի տարբեր տարիների համահեղինակներ Արթուր Վաղարշյանն ու Տարոն Սիմոնյանը ստանձնեցին այդ աշխատանքը և հաջողությամբ ավարտեցին այն։
Շտեմարանը դիմորդներին հնարավորություն է տալիս ինքնուրույն պատրաստվելու, գնահատելու և հետևողականորեն լրացնելու սեփական գիտելիքները։ Այն նաև կօգնի գնահատելու դիմորդների և առաջին կուրսի ուսանողների պատրաստվածությունը՝ բուհական ուսուցումն առավել նպատակային կազմակերպելու համար։
Շտեմարանի վերլուծական ուղղվածությունը կարևոր է ոչ միայն փաստական գիտելիքների ստուգման, այլև իրավական երևույթները տարբերակելու, դրանց միջև կապերը բացահայտելու և հիմնավորված եզրահանգումներ կատարելու կարողությունների զարգացման տեսանկյունից։ Այն միտված է լրացնելու այդ բացը և իրավունքի ճյուղերի ու իրավաբանական գիտությունների հետագա ուսումնասիրման համար ամուր հիմք ստեղծելու։
Հարություն Խաչիկյանը կարևորեց Արթուր Վաղարշյանի և Տարոն Սիմոնյանի կատարած աշխատանքը՝ նշելով, որ առաջադրանքները կազմվել են դպրոցական դասագրքերի բովանդակության մանրակրկիտ ուսումնասիրության և համադրման հիման վրա՝ հաշվի առնելով իրավաբանական կրթության սկզբնական փուլում անհրաժեշտ գիտելիքների ու կարողությունների շրջանակը։ Արդյունքում ստեղծվել է ուսումնական գործիք, որը համապատասխանում է դպրոցական դասընթացի բովանդակությանը և նպաստում բուհական ուսուցման համար անհրաժեշտ նախապատրաստությանը։
Շտեմարանը նախատեսված է «Հասարակագիտություն» առարկայի ուսուցիչների, աշակերտների, իրավաբանական կրթություն ստանալու ձգտող դիմորդների և իրավագիտության ֆակուլտետի դասախոսների համար։ Այն կծառայի գիտելիքների ու կարողությունների գնահատմանը, կնպաստի իրավական մտածողության զարգացմանը և ապագա իրավաբանների մասնագիտական կայացման առաջին քայլերին։
Նախատեսվում են նաև շարունակական վերապատրաստման դասընթացներ Երևանի և ՀՀ մարզերի ուսուցիչների համար։
Շտեմարանի համահեղինակ Արթուր Վաղարշյանը ընդգծեց, որ ձեռնարկը միտված է ԵՊՀ կրթության որակի բարելավմանը։ Նա նշեց, որ շտեմարանի հիմնական նպատակը իրավագիտության մասնագիտությունն ընտրողների նախնական պատրաստվածության ապահովումն է։ Նրա խոսքով՝ եթե ընդունելության քննությունն անցկացվի շտեմարանի միջոցով, ապա առաջին կուրսի ուսանողները կունենան իրավագիտությունն ընկալելու, յուրացնելու և գիտելիքները կիրառելու անհրաժեշտ հիմքը։ Բուհական դասավանդման փորձը ցույց է տալիս, որ առաջին կուրսի ուսանողների դժվարությունները հաճախ պայմանավորված են ոչ այնքան փաստական գիտելիքների պակասով, որքան իրավական մտածողության տարրական հմտությունների և հիմնական հասկացությունների անբավարար ընկալմամբ ու յուրացմամբ։
Արթուր Վաղարշյանը կարևորեց դպրոցական ուսուցիչների դերը՝ ընդգծելով նրանց մասնագիտական վերապատրաստման անհրաժեշտությունը։
Տարոն Սիմոնյանը նշեց, որ շտեմարանը ստեղծվել է երկու փոխկապակցված նպատակով՝ օբյեկտիվորեն գնահատելու հանրակրթական դպրոցում «Հասարակագիտություն» առարկայի շրջանակում սովորողների ձեռք բերած գիտելիքները և ստուգելու բուհական իրավագիտական կրթության համար անհրաժեշտ նախնական պատրաստվածությունը։ Այս նպատակներն արտահայտում են կրթության շարունակականության գաղափարը. դպրոցում ձևավորված գիտելիքներն ու մտածողության հմտությունները պետք է դառնան բուհական ուսուցման հուսալի հիմք։
Շնորհանդեսի ավարտին հեղինակները պատասխանեցին ներկաներին հետաքրքրող հարցերին։



















