Общая информация
ՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԲՈՂՈՔԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Քննության արդյունքների բողոքարկման գործընթացը կանոնակարգելու նպատակով և ղեկավարվելով «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի կանոնադրության 57-րդ կետի 10-րդ ենթակետով.
հրամայում եմ՝
1. Սահմանել, որ
1.1. Ընթացիկ քննության, ընթացիկ ստուգման, ինքնուրույն աշխատանքի, ստուգարքի և եզրափակիչ քննության գնահատականը ուսանողի համալսարանական էլեկտրոնային փոստին ուղարկվելուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում տեխնիկական վրիպակ (քննության ժամանակ ստացած գնահատականի և Ռեգիստրար (Registrar) համակարգում ամրագրված գնահատականի տարբերություն) հայտնաբերելու դեպքում ուսանողը այդ մասին տեղեկացնում է գնահատումն իրականացրած դասախոսին կամ ուսումնական ստորաբաժանման գրասենյակի ղեկավարին:
1.2. Ուսանողն իրավունք ունի բողոքարկելու իր գնահատականը ընթացիկ քննության, ընթացիկ ստուգման, ինքնուրույն աշխատանքի, ստուգարքի և եզրափակիչ քննության գնահատականը հրապարակելու օրը (պատասխանի բովանդակություն և նշանակված գնահատականի առերևույթ անհամապատասխանություն)՝ դիմելով գնահատումն իրականացրած դասախոսին կամ քննական հանձնաժողովին: Վերջիններիս որոշման հետ անհամաձայնության դեպքում՝ նույն օրը ուսանողը գրավոր կամ էլեկտրոնային եղանակով (համալսարանական էլեկտրոնային փոստով) կարող է դիմել դասընթացը կազմակերպող ամբիոնի վարիչին կամ ուսումնական ստորաբաժանման (ֆակուլտետ, կենտրոն, ինստիտուտ) ղեկավարին:
Առցանց եղանակով անցկացվող քննության արդյունքի բողոքարկման դիմումն ուղարկվում է համալսարանական էլեկտրոնային փոստով:
1.3. Գրավոր քննության բողոքարկման դիմումի քննարկումը կազմակերպվում է մեկօրյա ժամկետում: Քննարկմանը մասնակցում են գնահատումն իրականացրած դասախոսը կամ քննական հանձնաժողովը, ըստ անհրաժեշտության՝ նաև ուսումնական ստորաբաժանման ղեկավարը կամ գրասենյակի ղեկավարը:
1.4. Բանավոր քննության բողոքարկումը կազմակերպվում է առանց լսարանից դուրս գալու: Բողոքարկմանը մասնակցում են գնահատումն իրականացրած դասախոսը կամ քննական հանձնաժողովը, ըստ անհրաժեշտության՝ նաև ուսումնական ստորաբաժանման ղեկավարը կամ գրասենյակի ղեկավարը:
1.5. Բողոքարկման արդյունքում՝
1) գնահատականը կարող է մնալ անփոփոխ,
2) գնահատականը կարող է բարձրացվել,
3) գնահատականը կարող է իջեցվել:
1.6. Բողոքարկման արդյունքում ընդունված որոշումն ուսումնական ստորաբաժանման գրասենյակի կողմից ուղարկվում է ուսանողի և Ուսումնամեթոդական վարչության համալսարանական էլեկտրոնային փոստերին:
1.7. Քննության արդյունքի բողոքարկումից, ինչպես նաև սույն հրամանի 1.1 և 1.2 կետերում նշված ժամկետների ավարտից հետո ուսանողի գնահատականը փոփոխման ենթակա չէ:
2. Սույն հրամանի մասին տեղեկացնել ԵՊՀ աշխատողներին և սովորողներին:
3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից: