Общая информация
ԵՊՀ կանոնադրություն
1․ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
«Երևանի պետական համալսարան» հիմնադրամը (այսուհետ` ԵՊՀ) կրթական, գիտական, հետազոտական և մշակութային ինքնավար, բարձրագույն ուսումնական հաստատություն է, որի գործունեությունը նպատակաուղղված է բարձրագույն և ՀՀ օրենսդրությամբ սահմանված կրթական մակարդակներում և կրթական ծրագրերի միջոցով հայագիտական, բնագիտական, սոցիալ-տնտեսագիտական, հումանիտար գիտությունների և տեխնիկայի, մշակույթի տարբեր ուղղություններով կրթության, հիմնարար, կիրառական ու նորարար գիտական հետազոտությունների և ուսումնառության կազմակերպմանը:
ԵՊՀ-ն «Երևանի պետական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության (պետական գրանցման համարը՝ 273.210.03130) իրավահաջորդն է (փոխանցման ակտին համապատասխան):
ԵՊՀ-ն իր գործունեությունն իրականացնում է` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքին, «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին և կրթության, գիտության ոլորտները կարգավորող Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և սույն կանոնադրությանը համապատասխան:
ԵՊՀ հիմնադիրը Հայաստանի Հանրապետությունն է` ի դեմս Հայաստանի Հանրապետության կառավարության (այսուհետ՝ Հիմնադիր): Հայաստանի Հանրապետության անունից հանդես եկող պետական կառավարման լիազոր մարմինը Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն է (այսուհետ՝ Լիազոր մարմին):
ԵՊՀ անվանումն է`
հայերեն լրիվ` «Երևանի պետական համալսարան» հիմնադրամ,
հայերեն կրճատ` «ԵՊՀ» հիմնադրամ,
ռուսերեն լրիվ` фонд “Ереванский государственный университет”,
ռուսերեն կրճատ՝ фонд “ЕГУ”,
անգլերեն լրիվ` “Yerevan State University” foundation,
անգլերեն կրճատ` “YSU” foundation:
ԵՊՀ գտնվելու վայրն է` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0025, Ալեք Մանուկյան 1:
ԵՊՀ-ն ունի մասնաճյուղ, որի գտնվելու վայրն է՝ Հայաստանի Հանրապետություն, Տավուշի մարզ, ք. Իջևան, 4001, Ուսանողական 3:
2․ ԵՊՀ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ
ԵՊՀ-ն շահույթ ստանալու նպատակ չհետապնդող, անդամություն չունեցող իրավաբանական անձ է և գործում է անժամկետ:
ԵՊՀ-ն Հայաստանի Հանրապետությունում և դրանից դուրս կարող է ստեղծել մասնաճյուղեր, ներկայացուցչություններ ու հիմնարկներ, որոնք գործում են` ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի կողմից հաստատված կանոնադրություններին համապատասխան:
ԵՊՀ-ն ունի Հիմնադրի գույքից առանձնացված, ինքնուրույն հաշվեկշռում հաշվառվող գույք, կարող է իր անունից ձեռք բերել ու իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող:
ԵՊՀ-ն օրենքով սահմանված կարգով իրավունք ունի բացելու բանկային հաշիվներ Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա պետությունների բանկերում՝ Հայաստանի Հանրապետության դրամով և (կամ) արտարժույթով:
ԵՊՀ գործունեության ընթացքում ստացված ամբողջ շահույթը պետք է օգտագործվի իր կանոնադրական նպատակների իրականացման համար:
ԵՊՀ-ն իր կանոնադրությանը համապատասխան՝
անհատույց օգտագործման իրավունքով օգտագործում է Հիմնադրի կողմից ԵՊՀ-ին տրամադրված գույքը,
տնօրինում, օգտագործում և տիրապետում է սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքը:
ԵՊՀ-ն կարող է ունենալ Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և իր անվանումը պարունակող կլոր կնիք, դրոշմներ, ձևաթղթեր, ինչպես նաև անհատականացման այլ միջոցներ:
ԵՊՀ իրավունքները կարող են սահմանափակվել միայն օրենքով նախատեսված դեպքերում:
Հիմնադիրը պատասխանատվություն չի կրում ԵՊՀ պարտավորությունների, իսկ ԵՊՀ-ն՝ Հիմնադրի պարտավորությունների համար: ԵՊՀ-ն իր պարտավորությունների համար պատասխանատվություն է կրում իրեն պատկանող գույքով:
3․ ԵՊՀ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆԸ
ԵՊՀ գործունեության նպատակն է՝
անձի մտավոր, հոգևոր և բարոյական զարգացման պահանջմունքների բավարարումը` բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթություն ստանալու միջոցով,
գիտության տարբեր բնագավառներում գիտական, ուսումնամեթոդական և գիտամանկավարժական հետազոտությունների իրականացումը, հայագիտության բազմակողմանի զարգացումը,
գիտության, կրթության, տնտեսության և արվեստի զարգացումը` գիտամանկավարժական աշխատողների ու սովորողների գիտական հետազոտությունների և ստեղծագործական գործունեության միջոցով, ստացված արդյունքների օգտագործումը տնտեսության մեջ, հետազոտական և կրթական գործընթացում,
բարձրագույն կրթությամբ գիտամանկավարժական աշխատողների պատրաստումը և վերապատրաստումը,
կրթության որակի ապահովումը և բարելավման համապատասխան համակարգի ներդրումը,
կրթության և գիտության ինտեգրացման հիման վրա ուսուցման բովանդակության կատարելագործումը, մասնագիտությունների ու մասնագիտացումների համակարգերի մշակումը և արմատավորումը,
կրթական գործընթացի անընդհատության, թափանցիկության և հրապարակայնության ապահովումը,
սովորողին ազգային, բարոյական և համամարդկային արժեքների ոգով դաստիարակելը,
բնակչության շրջանում գիտելիքների տարածումը, դրա կրթական և մշակութային մակարդակի բարձրացումը,
սովորողների մեջ քաղաքացիական դիրքորոշման, հմտությունների և աշխատանքի նկատմամբ պատասխանատվության արմատավորումը ժողովրդավարական ու քաղաքացիական հասարակության կառավարման պայմաններում,
սովորողների ու աշխատողների առողջության պահպանման, կենցաղի, սննդի, հանգստի, ֆիզիկական ու հոգևոր զարգացման անհրաժեշտ պայմանների ստեղծումը:
ԵՊՀ-ն իր կանոնադրական նպատակներն իրականացնելու համար օրենքով և սույն կանոնադրությամբ սահմանված կարգով իրավունք ունի`
իրականացնել բարձրագույն կրթություն, ինչպես նաև ՀՀ օրենսդրությամբ սահմանված մակարդակների կրթական ծրագրեր, այդ թվում՝ լրացուցիչ,
շահակիցների (այդ թվում՝ գործատուներ) ներգրավմամբ մշակել ու հաստատել բարձրագույն մասնագիտական կրթության մասնագիտությունների և մասնագիտացումների ուսումնական պլաններն ու առարկայական ծրագրերը, հրատարակել ուսումնական գրականություն և ուսումնամեթոդական ձեռնարկներ,
ինքնուրույն որոշել ուսումնական գործընթացի կազմակերպման, կրթական տեխնոլոգիաների ու սովորողների ընթացիկ ատեստավորման ձևերի, կարգի ու պարբերականության ընտրության հարցերը,
ըստ կրթական մակարդակների ու կրթական ծրագրերի` կազմակերպել դիմորդների, այդ թվում` օտարերկրյա քաղաքացիների ընդունելությունը և ուսումնական գործընթացը,
կազմակերպել ակադեմիական, գիտական ու վարչական կազմի մասնագիտական զարգացմանն ուղղված գործողություններ (դասընթացներ, վերապատրաստումներ, ատեստավորում),
որոշել իր կառուցվածքը, կառուցվածքային ստորաբաժանումների ձևավորման, գործունեության ու կառավարման կարգը, օրենքով և սույն կանոնադրությամբ սահմանված կարգով ստեղծել, վերակազմակերպել և լուծարել ինստիտուտներ, ֆակուլտետներ, ամբիոններ, գիտահետազոտական կենտրոններ, լաբորատորիաներ, քոլեջներ, դպրոցներ, կառուցվածքային այլ ստորաբաժանումներ, ինչպես նաև ստեղծել տնտեսական ընկերություններ կամ լինել դրանց մասնակիցը,
մշակել ու հաստատել ընտրովի պաշտոնների ընտրության ընթացակարգերն ու անցկացնել դրանց ընտրությունները, գիտական պաշտոնների զբաղեցման կարգերը,
ինքնուրույն որոշել բոլոր տարակարգերի աշխատողների հաստիքացուցակը, իրականացնել աշխատողների ընտրություն, նշանակում, բաշխում, համալրում և ատեստավորում,
սահմանել և շնորհել ԵՊՀ պատվավոր կոչումներ, շքանշաններ, մեդալներ, մրցանակներ, անվանական կրթաթոշակներ,
գիտական ու հետազոտական աշխատանքներում, այդ թվում՝ դրամաշնորհային ծրագրերում ներգրավել ԵՊՀ սովորողներին,
իրականացնել հրատարակչական, տպագրական գործունեություն,
իր կողմից կնքված հուշագրերի, պայմանագրերի ու համաձայնագրերի հիման վրա երկկողմանի ու բազմակողմանի ուղղակի կապեր հաստատել Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա համալսարանների, գիտական կազմակերպությունների, պետական մարմինների, իրավաբանական և ֆիզիկական անձանց հետ, օտարերկրյա պետություններում ստեղծել ստորաբաժանումներ և այլն,
ապահովել մատչելի միջավայր խելամիտ հարմարեցումներով կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց համար՝ մյուսների հետ հավասար հիմունքներով կրթությունը կազմակերպելու նպատակով,
իրականացնել գիտական, գիտատեխնիկական և նորարարական գործունեություն, ինչպես նաև աշխատանքներ տանել ստացված արդյունքների առևտրայնացման և միջազգայնացման ուղղությամբ,
ԵՊՀ հիմնական ու ձեռնարկատիրական գործունեության ընդլայնման նպատակով պայմանագրային կարգով ներգրավել այլ անձանց կողմից տրամադրվող միջոցները,
իրեն անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված գույքը հանձնել վարձակալության` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով,
կառավարել իր ֆինանսները, ինքնուրույն որոշել իր ֆինանսական միջոցների օգտագործման ուղղությունները, ներառյալ՝ իր աշխատողների վարձատրության և նյութական խրախուսման կարգն ու չափերը, սահմանել կրթաթոշակներ,
իրականացնել օրենքով և սույն կանոնադրությամբ չարգելված այլ գործունեություն:
Արգելվում է ԵՊՀ-ում քաղաքական, հասարակական, կուսակցական ու կրոնական կազմակերպությունների և միավորումների գործունեությունը՝ բացառությամբ արհեստակցական, մասնագիտական, մշակութային, մարզական և շրջանավարտների կազմակերպությունների ու միությունների:
4․ ԵՊՀ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
ԵՊՀ-ն կարող է անձամբ զբաղվել ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակներով՝
1) բարձրագույն և ՀՀ օրենսդրությամբ սահմանված կրթական ծրագրերով, այդ թվում՝ լրացուցիչ կրթության կազմակերպում,
2) դիմորդների նախապատրաստական կրթության կազմակերպում,
3) մշակույթի բնագավառում կրթական գործունեության իրականացում,
4) մասնագետների պատրաստում, վերապատրաստում, որակավորման բարձրացում,
5) գիտական, հետազոտական, գիտաարտադրական, գիտատեխնիկական ու նորարարական աշխատանքների իրականացում, դրանց արդյունքների առևտրայնացում,
6) խորհրդատվական, փորձագիտական ծառայությունների մատուցում,
7) հրատարակչական, տպագրական գործունեության ծավալում, դրա արդյունքների իրացում, գրքերի ու տպագրական այլ նյութերի վաճառքի իրականացում,
8) իր կողմից հրատարակվող տպագիր և էլեկտրոնային միջոցներով գովազդի իրականացում,
9) կրթական և ուսումնական վճարովի դասընթացների կազմակերպում,
10) միջազգային ուսումնական, գիտատեխնիկական ու հետազոտական ծրագրերի իրականացում,
11) աշխատողների, սովորողների և այլ անձանց հանրային սննդի, հանգստի, բուժման, կենցաղի կազմակերպում ու սպասարկում:
21․ ԵՊՀ-ն կարող է իրականացնել կանոնադրական նպատակներից բխող ձեռնարկատիրական գործունեության այլ տեսակներ:
5․ ԵՊՀ ՇԱՀԱՌՈՒՆԵՐԸ
22․ ԵՊՀ շահառուները կրթական, գիտական, մշակութային, գիտաարտադրական և սույն կանոնադրությամբ նախատեսված բնագավառներին առնչվող ֆիզիկական ու իրավաբանական անձինք են:
6․ ԵՊՀ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
23․ ԵՊՀ-ն պարտավոր է՝
1) գործել Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը, միջազգային իրավունքի նորմերին և սկզբունքներին, ինչպես նաև իր կանոնադրությանը համապատասխան,
2) հրապարակել իր գործունեության մասին ամենամյա հաշվետվություն, օրենքով նախատեսված դեպքում՝ նաև ֆինանսական հաշվետվությունների աուդիտի եզրակացությունը,
3) օրենքով սահմանված կարգով վարել գործավարություն և հաշվապահական հաշվառում,
4) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում և կարգով տեղեկատվություն ու հաշվետվություններ ներկայացնել պետական մարմիններին,
5) ապահովել սույն կետում նշված հաշվետվություններին ծանոթանալու մատչելիությունը,
6) իր կայքում հրապարակել ընդունելությանն ու ուսումնառությանն առնչվող իր ներքին կանոնակարգերը, լիցենզիաների և հավատարմագրումների վերաբերյալ տեղեկությունները,
7) բացառել Հիմնադրի կողմից ԵՊՀ օգտագործմանը հանձնված գույքի, այդ թվում՝ շենքերի, շինությունների և հողատարածքների՝ առանց Հիմնադրի որոշման գրավադրումը, օտարումը կամ անհատույց օգտագործման հանձնումը,
8) իրականացնել օրենքով սահմանված այլ պարտականություններ:
7․ ԵՊՀ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ
24․ ԵՊՀ-ն ինքնակառավարվող մարմին է, որը գործունեություն է ծավալում՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և սույն կանոնադրությանը համապատասխան:
25․ ԵՊՀ կառավարումը հիմնված է իր ինքնավարության վրա` միանձնյա և կոլեգիալ կառավարման սկզբունքների զուգակցմամբ։
26․ ԵՊՀ կառավարման մարմիններն են`
Հոգաբարձուների խորհուրդը,
Գիտական խորհուրդը,
Ռեկտորը։
27․ ԵՊՀ-ն գործունեությունն իրականացնում է իր մարմինների միջոցով:
28․ ԵՊՀ կառավարման բարձրագույն և հսկողություն իրականացնող մարմինը ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդն է, որի լիազորությունների ժամկետը 5 տարի է: ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդը ձևավորվում է ԵՊՀ-ի պրոֆեսորադասախոսական կազմի, սովորողների, Հիմնադրի և Լիազոր մարմնի ներկայացուցիչներից: ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի անդամների թիվը 20 է։ ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդը համարվում է ձևավորված, եթե հաստատվել են անդամների կեսից ավելին:
29․ ԵՊՀ պրոֆեսորադասախոսական կազմից ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի անդամության թեկնածուներ են առաջադրում ԵՊՀ կառուցվածքային ստորաբաժանումները: ԵՊՀ կառուցվածքային ստորաբաժանումներից առաջադրված թեկնածուներն ընտրվում են ԵՊՀ գիտական խորհրդում և ներկայացվում Լիազոր մարմին: Պրոֆեսորադասախոսական կազմից ընտրված ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի անդամները կազմում են ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի անդամների 25 տոկոսը: Պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներին ներկայացվող պահանջները և ընտրության ընթացակարգը սահմանում է ԵՊՀ գիտական խորհուրդը:
30․ ԵՊՀ սովորողների ներկայացուցիչներից ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի անդամության թեկնածուներ են առաջադրում ֆակուլտետների, մասնաճյուղի ուսանողական խորհուրդները: Ուսանողական խորհուրդների կողմից ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի անդամության թեկնածու կարող է առաջադրվել բարձր առաջադիմություն և ակտիվ հասարակական դիրքորոշում ունեցող ցանկացած սովորող: Ուսանողական խորհուրդն ընտրում է ստորաբաժանումներից առաջադրված թեկնածուներին և ներկայացնում Լիազոր մարմնին: Սովորողների կողմից ընտրված ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի անդամները կազմում են ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի անդամների 25 տոկոսը:
31․ Հիմնադրի անունից ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի անդամներ է առաջադրում Հայաստանի Հանրապետության վարչապետը՝ պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանցից (ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի կազմի 25 տոկոսը):
32․ Լիազոր մարմնի կողմից ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի անդամներ են առաջադրվում կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և տնտեսության տարբեր ոլորտների ճանաչված ներկայացուցիչներ, ինչպես նաև ԵՊՀ-ի հետ համագործակցող գործատուներ (ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի կազմի 25 տոկոսը):
33․ Առաջադրված անձանց թեկնածությունների հիման վրա ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի կազմը, Լիազոր մարմնի ներկայացմամբ, հաստատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը։
34․ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի անդամ չի կարող լինել այն անձը, որը՝
դատապարտվել է դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռի հիման վրա, և դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ,
դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ,
ԵՊՀ գիտական խորհրդի անդամ է:
35․ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահին իրենց կազմից ընտրում են ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի անդամները՝ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: ԵՊՀ սովորողների ներկայացուցիչներից ընտրված անդամները չեն կարող առաջադրվել ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահի թեկնածուի պաշտոնում։
36․ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի անդամներն իրենց պարտականությունները կատարում են առանց վարձատրության՝ հասարակական հիմունքներով: ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի անդամների համար կարող է սահմանվել փոխհատուցում նրանց այն ծախսերի համար, որոնք կապված են ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի անդամի պարտականությունների կատարման հետ: Փոխհատուցման վճարման կարգը սահմանում է ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդը:
37. ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի անդամներն իրավունք ունեն՝
ներկայացնել առաջարկություններ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստի օրակարգի և քննարկվող հարցերի վերաբերյալ,
նախապատրաստել և ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի քննարկմանը ներկայացնել հարցեր, առաջարկություններ, նախագծեր, այդ թվում՝ կառուցվածքային ստորաբաժանումներ ստեղծելու, վերակազմակերպելու և լուծարելու վերաբերյալ,
ստանալ տեղեկություններ ԵՊՀ գործունեությանը վերաբերող ցանկացած հարցի մասին,
ներկայացնել առաջարկություններ սույն կանոնադրության մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու, նոր խմբագրությամբ կանոնադրություն հաստատելու վերաբերյալ,
իրենց հնարավորությունների և իրավասությունների շրջանակում նպաստել ԵՊՀ գործունեության արդյունավետության բարձրացմանը,
ակտիվորեն մասնակցել և նպաստել ֆոնդահայթայթումների գործընթացին:
38․ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի անդամները պարտավոր են՝
մասնակցել ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստերին,
իրենց պարտականություններն իրականացնելիս գործել՝ ելնելով օրենքներից, ենթաօրենսդրական ակտերից, սույն կանոնադրությունից, իրավական այլ ակտերից, ինչպես նաև ԵՊՀ շահերից։
39․ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի անդամի լիազորությունը դադարում է՝
ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահին տրված գրավոր դիմումի հիման վրա,
լիազորությունների ժամկետի ավարտման դեպքում,
դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռով անգործունակ ճանաչվելու դեպքում,
եթե դադարել են ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի անդամների ընդհանուր թվի կեսի կամ կեսից ավելիի լիազորությունները,
որպես սովորող առաջադրվելու դեպքում՝ սովորողի կարգավիճակը կորցնելու հետևանքով,
նրա կողմից իր պարտականությունները պատշաճ չկատարելու դեպքում՝ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի մնացած անդամների ձայների առնվազն 3/4-ով,
նրան առաջադրած մարմնի որոշմամբ, եթե նրան առաջադրել է Հայաստանի Հանրապետությունը կամ համայնքը,
նրա մահվան դեպքում։
40․ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի անդամի լիազորությունը դադարելու դեպքում նրա փոխարեն նոր անդամ նշանակվում է «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված ընթացակարգով:
41․ ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդն իր գործունեությունն իրականացնում է նիստերի միջոցով: ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստերը գումարվում են տարեկան առնվազն մեկ անգամ՝ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահի կողմից: ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստերը կարող են հրավիրվել նաև ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի անդամների 1/3-ի պահանջով՝ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահին համապատասխան պահանջը ներկայացվելուց հետո 30 օրվա ընթացքում: ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստերը կարող են անցկացվել առկա, հեռավար կամ համակցած (առկա և հեռավար եղանակների զուգակցմամբ) եղանակով՝ տեղեկատվական տեխնոլոգիաների և հեռահաղորդակցության այլ միջոցների կիրառմամբ, ինչպես նաև հարցման կարգով: ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի որոշումներն ընդունվում են «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և սույն կանոնադրությամբ սահմանված կարգով: ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստն իրավազոր է, եթե մասնակցում է դրա անդամների կեսից ավելին: Քվեարկության ժամանակ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի յուրաքանչյուր անդամ ունի մեկ ձայնի իրավունք: Եթե ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստում քննարկվում է ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի որևէ անդամի կամ նրա հետ փոխկապակցված անձի վերաբերյալ հարց, ապա ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի տվյալ անդամը քվեարկությանը չի մասնակցում:
42․ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստերն արձանագրվում են: Առկա, հեռավար կամ համակցված եղանակով անցկացված նիստերը նաև ձայնագրվում են:
43․ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի իրավասություններն են`
իր աշխատակարգի հաստատումը,
նախագահ ընտրելը,
Ռեկտորի, մասնաճյուղի տնօրենի ընտրության կանոնակարգերի մշակումը, հաստատումը, ընտրության կազմակերպումը, Ռեկտորի, մասնաճյուղի տնօրենի ընտրության մասին որոշումների ընդունումը, Ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի նշանակումը, Ռեկտորի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման որոշման ընդունումը,
Ռեկտորի տարեկան գործունեության և ռազմավարական ծրագրի կատարման տարեկան հաշվետվությունների լսումն ու գնահատումը, քննարկում և քվեարկում է Ռեկտորին անվստահություն հայտնելու հարցը,
ԵՊՀ գործունեության զարգացման ռազմավարական ծրագրերի հաստատումը,
ԵՊՀ կառուցվածքի, կառուցվածքում փոփոխությունների հաստատումը, կառուցվածքային ստորաբաժանումների ստեղծման, վերակազմակերպման և լուծարման հաստատումը,
ԵՊՀ հաստիքացուցակի, հաստիքացուցակում լրացումների և փոփոխությունների հաստատումը,
ԵՊՀ եկամուտների և ծախսերի տարեկան նախահաշվի, դրա փոփոխությունների, տարեկան ֆինանսական հաշվետվությունների, ԵՊՀ գործունեության մասին տարեկան հաշվետվությունների և տարեկան հաշվեկշռի հաստատումը,
տնտեսական ընկերությունների ստեղծման կամ դրանցում մասնակցության, ինչպես նաև մասնաճյուղերի, ներկայացուցչությունների և հիմնարկների ստեղծման ու դրանց կանոնադրությունների հաստատման մասին որոշումների ընդունումը,
ԵՊՀ գործունեության, այդ թվում՝ ֆինանսատնտեսական գործունեության վերահսկողությունը,
ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի անդամների լիազորությունների վաղաժամկետ դադարեցման մասին որոշումների ընդունումը,
Ռեկտորի՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը հակասող հրամանների, հրահանգների և ցուցումների կասեցումը կամ դրանք ուժը կորցրած ճանաչելը,
իր որոշումների կատարման ընթացքի վերահսկումը,
ԵՊՀ լուծարման հարցով դատարան դիմելու մասին որոշում ընդունելը,
ԵՊՀ լուծարման հանձնաժողովի (լուծարողի) նշանակումը, լուծարման կարգի ու ժամկետի սահմանումը, լուծարման միջանկյալ հաշվեկշռի և լուծարման հաշվեկշռի հաստատումը,
ԵՊՀ կանոնադրության մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու, նոր խմբագրությամբ կանոնադրություն հաստատելու մասին որոշումների ընդունումը,
ԵՊՀ վերակազմակերպման մասին որոշման ընդունումը,
ԵՊՀ գույքի տնօրինման կարգի հաստատումը,
ԵՊՀ-ին անհատույց օգտագործման տրամադրված գույքը Ռեկտորի առաջարկությամբ ուղղակի ձևով, մրցույթով կամ աճուրդով վարձակալության տրամադրելու հայտի ներկայացումը պետական լիազոր մարմին,
հարյուր միլիոն դրամի կամ դրան համարժեք այլ արտարժույթի սահմանաչափը գերազանցող պայմանագրերի հաստատումը,
ԵՊՀ հոգաբարձուների խորհրդին կից բարեվարքության հանձնախմբի կանոնակարգի, ԵՊՀ վարչակազմի բարեվարքության կանոնագրքի հաստատումը,
ԵՊՀ վարչակազմի բարեվարքության կանոնագրքով սահմանված դեպքերում և ԵՊՀ հոգաբարձուների խորհրդին կից բարեվարքության հանձնախմբի կանոնակարգով սահմանված կարգով ներկայացված բարեվարքության կանոնների խախտման առկայության վերաբերյալ եզրակացության հիման վրա և փակ, գաղտնի քվեարկությամբ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդին կից բարեվարքության հանձնախմբում չընդգրկված անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ ԵՊՀ վարչակազմի աշխատողի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու վերաբերյալ որոշում կայացնելը,
օրենքով, սույն կանոնադրությամբ նախատեսված, ինչպես նաև ԵՊՀ մյուս մարմիններին օրենքով չվերապահված այլ լիազորությունների իրականացումը:
44․ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի իրավասությանը պատկանող հարցերը չեն կարող փոխանցվել այլ մարմնի:
45․ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահը՝
հրավիրում և վարում է ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստերը,
ստորագրում է ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի որոշումներն ու նիստերի արձանագրությունները,
ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի համաձայնությամբ կարող է ստեղծել ժամանակավոր հանձնախմբեր և նշանակել դրանց նախագահներին, մասնավորապես, սույն կանոնադրությամբ նախատեսված ԵՊՀ ֆինանսատնտեսական գործունեությունը վերահսկելու (ստուգում, ուսումնասիրում և այլն), ինչպես նաև սույն կանոնադրության 43-րդ կետի 8-րդ, 9-րդ, 10-րդ, 16-րդ, 18-րդ, 20-րդ և 22-րդ ենթակետերով նախատեսված հարցերի նախնական քննարկում կամ ուսումնասիրություն իրականացնելու և դրանց վերաբերյալ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդին եզրակացություններ (տեղեկանքներ) ներկայացնելու համար,
կազմակերպում է ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստերի արձանագրության վարումը,
ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի քննարկմանն է ներկայացնում ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի անդամի լիազորությունների դադարեցման մասին որոշման նախագիծը սույն կանոնադրության 39-րդ կետի 6-րդ ենթակետով նախատեսված դեպքում, սույն կանոնադրության մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու, նոր խմբագրությամբ կանոնադրություն հաստատելու մասին որոշումների նախագծերը,
ԵՊՀ անունից Ռեկտորի հետ կնքում է աշխատանքային պայմանագիր,
իրականացնում է սույն կանոնադրությամբ սահմանված այլ լիազորություններ:
46․ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահի բացակայության դեպքում նրա պարտականությունները, ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի որոշմամբ, կատարում է ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի անդամներից մեկը:
47․ ԵՊՀ գիտական խորհուրդը ձևավորվում է՝ սույն կանոնադրության և իր աշխատակարգին համաձայն: ԵՊՀ գիտական խորհուրդը ԵՊՀ ուսումնամեթոդական, գիտահետազոտական ու գիտատեխնիկական գործունեությունը պլանավորող, համակարգող և կարգավորող կոլեգիալ մարմին է:
48․ ԵՊՀ գիտական խորհուրդը գործում է Ռեկտորի նախագահությամբ: ԵՊՀ գիտական խորհրդի լիազորությունների ժամկետը 5 տարի է: ԵՊՀ գիտական խորհրդի նիստերը գումարվում են ուսումնական տարվա ընթացքում առնվազն 8 անգամ:
49․ ԵՊՀ գիտական խորհուրդը՝
հաստատում է իր աշխատակարգը,
Ռեկտորի միջոցով ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդ կարող է ներկայացնել առաջարկություն կառուցվածքային ստորաբաժանումներ ստեղծելու, վերակազմակերպելու կամ լուծարելու վերաբերյալ,
հաստատում է կառուցվածքային ստորաբաժանումների գործունեության օրինակելի կանոնակարգերը և ներքին իրավական այլ ակտերը,
հաստատում է ԵՊՀ էթիկայի կանոնագիրքը, ԵՊՀ ներքին կարգապահական կանոնները, ԵՊՀ կառուցվածքային ստորաբաժանումների հիմնական գործունեությունը, ինչպես նաև ուսումնական գործընթացը կանոնակարգող ներքին իրավական այլ ակտեր,
քննարկում և հաստատում է մասնագիտությունների կրթական ծրագրերը, ըստ մասնագիտությունների՝ սահմանում է վճարաչափերը,
քննարկում է գիտական գործունեության գլխավոր և հեռանկարային ուղղությունները, լսում է գիտական հաղորդումներ ԵՊՀ-ում կատարվող կարևորագույն գիտահետազոտական ու գիտամեթոդական աշխատանքների արդյունքների մասին,
ընդունում է պատվավոր կոչումներ շնորհելու, մրցանակներ, անվանական և այլ կրթաթոշակներ տալու, ԵՊՀ շքանշանով և մեդալով պարգևատրելու, հանրապետական ու միջազգային պարգևների և կոչումների համար թեկնածություններ ներկայացնելու մասին որոշումներ,
հաստատում է ինստիտուտների տնօրենների (այսուհետ՝ Տնօրեն), ֆակուլտետների դեկանների (այսուհետ՝ Դեկան), գիտահետազոտական կենտրոնների ղեկավարների, ամբիոնների վարիչների և պրոֆեսորադասախոսական համակազմի ընտրությունների ընթացակարգերը,
շնորհում է գիտական կոչումներ,
ընտրում է Տնօրեններ, Դեկաններ, բաց քվեարկությամբ հաստատում գիտահետազոտական կենտրոնների ղեկավարների, ամբիոնների վարիչների, պրոֆեսորների թափուր պաշտոնների տեղակալման մրցույթների արդյունքները,
լսում է Տնօրենների, Դեկանների ամենամյա հաշվետվությունները, դրանց հիման վրա փակ, գաղտնի քվեարկությամբ գնահատում նրանց գործունեությունը: Քվեարկության արդյունքներով անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ Տնօրենի, Դեկանի գործունեությունը դրական գնահատականի չարժանանալու դեպքում որոշում է կայացնում նրանց անվստահություն հայտնելու և լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու վերաբերյալ,
ԵՊՀ գործունեության նպատակներին հակասող կամ սույն կանոնադրությամբ արգելված արարք կատարելու կամ ԵՊՀ էթիկայի կանոնագրքով, ներքին կարգապահական կանոններով, ԵՊՀ կոլեկտիվ պայմանագրով և ներքին իրավական այլ ակտերով (բացառությամբ ԵՊՀ վարչակազմի բարեվարքության կանոնագրքի) ամրագրված պահանջների կոպիտ կամ պարբերական խախտման դեպքում Ռեկտորի կամ ԵՊՀ գիտական խորհրդի անդամների 1/3-ի առաջարկությամբ փակ, գաղտնի քվեարկությամբ և անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ որոշում է կայացնում Տնօրենի, Դեկանի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու վերաբերյալ,
հաստատում է Տնօրենի, Դեկանի կատարողականի արդյունքային ցուցանիշները և անվստահություն հայտնելու հիմքերը,
ԵՊՀ գործունեության բնագավառներին, նպատակներին և խնդիրներին համապատասխան` Լիազոր մարմնին ներկայացնում է առաջարկություններ ԵՊՀ գործունեության հիմնական ուղղությունների, այդ թվում` նոր մասնագիտություններով կրթական ծրագրեր իրականացնելու վերաբերյալ,
Ռեկտորին կարող է ներկայացնել առաջարկություններ ԵՊՀ եկամուտների և ծախսերի տարեկան նախահաշվի նախագծի վերաբերյալ,
քննարկում է հանրապետության հասարակական, կրթական, գիտական և մշակութային կյանքին ու կարևորագույն իրադարձություններին վերաբերող խնդիրներ, ըստ անհրաժեշտության՝ ընդունում է հայտարարություններ,
քննարկում և հրատարակության է երաշխավորում մենագրություններ, դասագրքեր, ուսումնական ձեռնարկներ, ժողովածուներ և այլ նյութեր, ինչպես նաև հաստատում է ֆակուլտետների գիտական խորհուրդների երաշխավորությունները,
ըստ անհրաժեշտության՝ ստեղծում է ԵՊՀ գիտական խորհրդին կից գործող մշտական և ժամանակավոր հանձնաժողովներ, սահմանում դրանց կառուցվածքը, կազմերի ձևավորման կարգն ու աշխատակարգը,
իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությունից և սույն կանոնադրությունից բխող այլ լիազորություններ:
50․ ԵՊՀ գիտական խորհրդի անդամների ընդհանուր թիվը չի կարող գերազանցել 80-ը, որի առնվազն 50 տոկոսն ընտրովի անդամներ են: Սույն կանոնադրությունն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ գործող ԵՊՀ գիտական խորհրդի լիազորությունները դադարում են և ԵՊՀ գիտական խորհրդի նոր կազմը ձևավորվում է սույն կանոնադրությունն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում:
51․ ԵՊՀ գիտական խորհրդի կազմում ի պաշտոնե ընդգրկվում են Ռեկտորը (ԵՊՀ գիտական խորհրդի նախագահ), պրոռեկտորները, գիտական քարտուղարը (ԵՊՀ գիտական խորհրդի քարտուղար), մասնաճյուղերի, ինստիտուտների, ֆակուլտետների ղեկավարները, Ռեկտորի նշանակմամբ ԵՊՀ աշխատակիցներ, ինչպես նաև ընտրովի անդամներ՝ ԵՊՀ գիտական խորհրդի աշխատակարգին համապատասխան: ԵՊՀ գիտական խորհրդի անդամների թվի 25 տոկոսը սովորողներ են, որոնց առաջադրում են ստորաբաժանումների ուսանողական խորհուրդները, իսկ ընտրությունն իրականացնում է ԵՊՀ ուսանողական խորհուրդը:
52․ ԵՊՀ գիտական խորհրդի նիստը համարվում է իրավազոր, եթե ներկա են անդամների ընդհանուր թվի կեսից ավելին։ Որոշումներն ընդունվում են խորհրդի անդամների բաց քվեարկությամբ ու նիստին ներկա անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ, եթե փակ, գաղտնի քվեարկության մասին որոշում չի ընդունվում: ԵՊՀ գիտական խորհրդի նիստերը կարող են անցկացվել առկա, հեռավար կամ համակցված (առկա և հեռավար զուգացմամբ) եղանակով՝ տեղեկատվական տեխնոլոգիաների և հեռահաղորդակցության այլ միջոցների կիրառմամբ, ինչպես նաև հարցման միջոցով:
53․ ԵՊՀ գիտական խորհրդի արտահերթ նիստերը կարող են հրավիրվել ԵՊՀ գիտական խորհրդի նախագահի առաջարկով, ինչպես նաև ԵՊՀ գիտական խորհրդի անդամների 1/3-ի պահանջով: ԵՊՀ գիտական խորհրդի նախագահն արտահերթ նիստ հրավիրելու վերաբերյալ պահանջը ստանալուց հետո 10-օրյա ժամկետում պարտավոր է հրավիրել ԵՊՀ գիտական խորհրդի նիստ:
54․ ԵՊՀ գիտական խորհրդի նիստերն արձանագրվում են։
55․ ԵՊՀ ընթացիկ գործունեությունը ղեկավարում է Ռեկտորը: Ռեկտորն իր իրավասության սահմաններում, Հայաստանի Հանրապետության օրենսդրությանն ու սույն կանոնադրությանը համապատասխան, գործում է միանձնյա և լրիվ պատասխանատվություն է կրում ԵՊՀ աշխատանքի արդյունքների համար:
56․ Ռեկտորի իրավունքներն ու պարտականությունները սահմանվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, սույն կանոնադրությամբ և նրա հետ կնքված աշխատանքային պայմանագրով:
57․ Ռեկտորը՝
ղեկավարում է ԵՊՀ կրթական, գիտական, հետազոտական, արտադրական, տնտեսական, վարչական, ֆինանսական, միջազգային ու այլ գործունեությունը,
կազմակերպում է ԵՊՀ գիտական խորհրդի, կառուցվածքային ստորաբաժանումների աշխատանքները` ապահովելով դրանց ներդաշնակ գործունեությունը,
ըստ անհրաժեշտության՝ հրավիրում և նախագահում է ԵՊՀ գիտական խորհրդի, ռեկտորին կից խորհրդակցական մարմինների (ռեկտորատ, մասնագիտական խորհրդակցական մարմիններ) նիստերը,
տարեկան հաշվետվություն է ներկայացնում ԵՊՀ հոգաբարձուների խորհրդին,
ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի հաստատմանն է ներկայացնում ԵՊՀ եկամուտների և ծախսերի տարեկան նախահաշիվը, զարգացման ռազմավարական և տարեկան ծրագրերը, ԵՊՀ կանոնադրությունը նոր խմբագրությամբ հաստատելու կամ դրանում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին որոշումների նախագծերը, ԵՊՀ կառուցվածքը և հաստիքացուցակը կամ դրանց փոփոխությունները,
ապահովում է ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի և ԵՊՀ գիտական խորհրդի որոշումների կատարումը,
իր նախաձեռնությամբ կամ ԵՊՀ գիտական խորհրդի առաջարկությամբ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի հաստատմանն է ներկայացնում կառուցվածքային ստորաբաժանումներ ստեղծելու, վերակազմակերպելու կամ լուծարելու վերաբերյալ նախագծերը,
ԵՊՀ գիտական խորհրդի հաստատմանն է ներկայացնում կառուցվածքային ստորաբաժանումների՝ ինստիտուտների, ֆակուլտետների, գիտահետազոտական կենտրոնների, ամբիոնների ու այլ ստորաբաժանումների օրինակելի կանոնակարգերը, ընթացակարգերը, ԵՊՀ ներքին կարգապահական կանոնները, ԵՊՀ էթիկայի կանոնագիրքը և ներքին իրավական այլ ակտեր,
սույն կանոնադրությանը համապատասխան` կազմավորում է ԵՊՀ գիտական խորհուրդը և կառուցվածքային ստորաբաժանումների կոլեգիալ կառավարման մարմինները, սահմանում է աշխատողների լիազորությունները, պաշտոնական պարտականությունները,
արձակում է ուսանողների ընդունելության, հեռացման, վերականգնման, համապատասխան արձակուրդ ձևակերպելու, խրախուսման միջոցներ և կարգապահական տույժեր կիրառելու, որակավորման աստիճան շնորհելու, ուսանողական նպաստ հատկացնելու և ԵՊՀ ուսումնական, գիտական ու ընթացիկ գործունեությանը վերաբերող այլ հրամաններ,
աշխատանքի է ընդունում և աշխատանքից ազատում պրոռեկտորներին և վարչական ստորաբաժանումների ղեկավարներին, որոշում նրանց գործունեության ոլորտները և իրավասությունը, սահմանում է պրոռեկտորների կատարողական արդյունքային ցուցանիշները,
պաշտոնի է նշանակում և պաշտոնից ազատում ներկայացուցչությունների, մասնաճյուղերի (ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի ընտրության արդյունքների հիման վրա) և հիմնարկների տնօրեններին, նրանց հետ կնքում աշխատանքային պայմանագրեր,
աշխատանքի է ընդունում և աշխատանքից ազատում աշխատողներին, նրանց նկատմամբ կիրառում է խրախուսման միջոցներ և կարգապահական տույժեր, կազմակերպում է աշխատողների ատեստավորումը, շարունակական վերապատրաստումը,
աշխատանքային պայմանագրեր է կնքում ընտրված Տնօրենների, Դեկանների, գիտահետազոտական կենտրոնների ղեկավարների, ամբիոնների վարիչների և պրոֆեսորադասախոսական համակազմի աշխատողների հետ, սույն կանոնադրությամբ սահմանված կարգով Տնօրենների, Դեկանների, գիտահետազոտական կենտրոնների ղեկավարների, ամբիոնների վարիչների լիազորությունների վաղաժամկետ դադարեցման դեպքում լուծում է կնքված աշխատանքային պայմանագրերը: Տնօրենի, Դեկանի,գիտահետազոտական կենտրոնի ղեկավարի, ամբիոնի վարիչի հետ կնքված աշխատանքային պայմանագիրը լուծելու դեպքում Ռեկտորն իրավունք ունի այդ պաշտոնում մինչև վեց ամիս ժամկետով հրամանագրել անձի, որն ունի կառուցվածքային ստորաբաժանման ուղղությանը համապատասխան գիտական աստիճան,
կնքում է մինչև հարյուր միլիոն դրամի կամ դրան համարժեք այլ արտարժույթի չափով պայմանագրեր,
արհեստակցական կազմակերպության նախագահի հետ կնքում է կոլեկտիվ պայմանագիր,
կասեցնում է ԵՊՀ գիտական խորհրդի, ինչպես նաև կառուցվածքային ստորաբաժանումների կառավարման մարմինների այն որոշումները, որոնք հակասում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությանն ու սույն կանոնադրությանը, նշանակում է դրանց վերաքննարկում,
իր բացակայության ժամանակ Ռեկտորի պարտականությունների կատարումը հանձնարարում է պրոռեկտորներից մեկին,
տալիս է ԵՊՀ անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` վերալիազորման իրավունքով, բանկերում բացում է հաշվարկային հաշիվներ,
իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը չհակասող և ԵՊՀ կառավարման այլ մարմիններին չվերապահված լիազորություններ:
58․ Ռեկտոր կարող է ընտրվել այն անձը, որն ունի գիտական աստիճան և առնվազն 5 տարվա ակադեմիական ու գիտական գործունեության ստաժ: Նույն անձը չի կարող ավելի քան 2 անգամ անընդմեջ ընտրվել Ռեկտորի պաշտոնում:
59․ Ռեկտորն ընտրվում է բաց մրցույթով՝ փակ, գաղտնի քվեարկությամբ, ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստում, 5 տարի ժամկետով: Ռեկտորի պաշտոնում ընտրված է համարվում այն թեկնածուն, որին կողմ է քվեարկել ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:
60․ Ռեկտորի ընտրության արդյունքները հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
61․ Ռեկտոր ընտրված անձի լիազորությունները դադարեցվում են օրենքով և սույն կանոնադրությամբ սահմանված կարգով՝ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի որոշմամբ:
62․ Պրոռեկտորները նշանակվում են Ռեկտորի հրամանով և իրականացնում են ԵՊՀ գործունեության որոշակի ոլորտի անմիջական ղեկավարումը` Ռեկտորի հանձնարարություններին, հրամաններին և կարգադրություններին համապատասխան:
63․ ԵՊՀ ռեկտորատը Ռեկտորին կից խորհրդակցական մարմին է, որը ձևավորվում է Ռեկտորի հրամանով և քննարկում է իր աշխատակարգով սահմանված հարցեր ու դրանց վերաբերյալ ներկայացնում խորհրդատվական եզրակացություններ: ԵՊՀ ռեկտորատի անվանական կազմը հաստատում է Ռեկտորը: Ռեկտորատի նիստերն արձանագրվում են:
64․ Ըստ անհրաժեշտության՝ Ռեկտորի հրամանով կարող են ստեղծվել Ռեկտորին կից մասնագիտական խորհրդակցական ժամանակավոր մարմիններ: Խորհրդակցական մարմինները, ըստ ԵՊՀ ուղղությունների, տալիս են մասնագիտական կարծիք:
8․ ԵՊՀ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼԸ
65․ ԵՊՀ կանոնադրության մեջ փոփոխություններ և լրացումներ կատարել կարող է ինչպես ԵՊՀ հիմնադիրը, այնպես էլ ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդը սույն կանոնադրությամբ սահմանված կարգով:
66․ ԵՊՀ կանոնադրության մեջ կատարվող փոփոխությունները չեն կարող վերաբերել ԵՊՀ նպատակներին կամ շահառուներին:
9․ ԵՊՀ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
67․ ԵՊՀ-ն ինքնուրույն է պլանավորում իր գործունեությունը, մշակում զարգացման հեռանկարները և ընդունում իր գործունեության վերաբերյալ որոշումներ:
68․ ԵՊՀ-ն ինքնուրույն է ընտրում իր կողմից կնքվող պայմանագրերի առարկան և պայմանները:
69․ Իր կանոնադրական գործունեությունն իրականացնելիս ԵՊՀ-ն իրավունք ունի սեփական նախաձեռնությամբ ընդունել Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը չհակասող ցանկացած որոշում:
70․ ԵՊՀ-ն ձեռնարկատիրական գործունեություն իրականացնում է միայն այն դեպքերում, երբ դա համապատասխանում է իր կանոնադրությանը կամ ծառայում է իր կանոնադրական նպատակների իրականացմանը: ԵՊՀ-ն կարող է ձեռնարկատիրական գործունեություն իրականացնել ինքնուրույն կամ այդ նպատակով ստեղծել տնտեսական ընկերություններ կամ լինել դրանց մասնակից: ԵՊՀ-ի կողմից իրականացվող (այդ թվում՝ անձամբ) ձեռնարկատիրական գործունեության տեսակները սահմանվում են ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի որոշմամբ:
71․ ԵՊՀ-ն՝ որպես սեփականություն, ունի առանձնացված գույք և իր պարտավորությունների համար պատասխանատու է այդ գույքով:
72․ Հիմնադրի կողմից ԵՊՀ-ին որպես Հիմնադրի ներդրում հանձնված գույքը ԵՊՀ սեփականությունն է, ԵՊՀ-ն այդ գույքն օգտագործում է իր կանոնադրությամբ սահմանված կարգով:
73․ ԵՊՀ սեփական միջոցներով ձեռք բերված գույքը և օրենքով սահմանված այլ աղբյուրներից ձևավորված գույքը ԵՊՀ սեփականությունն են: ԵՊՀ-ն այդ գույքն օգտագործում է իր կանոնադրությամբ սահմանված կարգով:
74․ Այլ քաղաքացիների, կազմակերպությունների կողմից որպես կամավոր գույքային ներդրում հանձնված գույքը, ներառյալ՝ դրամական միջոցները, բաժնետոմսերը, այլ արժեթղթերն ու մտավոր սեփականության նկատմամբ իրավունքները ԵՊՀ սեփականությունն են:
75․ ԵՊՀ սեփականությունը հանդիսացող և նրան օգտագործման հանձնված ընդհանուր ակտիվների արժեքի 20 տոկոսը գերազանցող գործարքները կնքվում են Հիմնադրի համաձայնությամբ:
76․ ԵՊՀ սեփականությունը չի կարող օգտագործվել ի շահ ԵՊՀ մարմինների անդամների՝ բացառությամբ աշխատողների աշխատավարձի և պարտականությունների կատարմամբ պայմանավորված փոխհատուցման ենթակա ծախսերի։
10․ ԵՊՀ-ՈՒՄ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԵՎ ԳԻՏԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄՆ ՈՒ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ
77․ Սովորողների` ԵՊՀ ընդունելությունը և ուսուցման մեկ մակարդակից մյուսին անցումը կատարվում են՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և իրավական այլ ակտերին համապատասխան:
78․ ԵՊՀ-ում բարձրագույն կրթությունն իրականացվում է՝ պետական կրթական պահանջներին համապատասխան: ԵՊՀ-ն կարող է իրականացնել նաև հանրակրթական, միջին մասնագիտական, ինչպես նաև լրացուցիչ կրթական ծրագրեր:
79․ Օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց վճարովի հիմունքներով ուսուցումն իրականացվում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:
80․ ԵՊՀ-ում կիրառվում է բարձրագույն կրթության աստիճանական համակարգ: Ուսուցման յուրաքանչյուր աստիճանի շրջանավարտին տրվում է համապատասխան որակավորում և ավարտական վկայական։
81․ Լրացուցիչ կրթական ծրագիրն ավարտած և ամփոփիչ ատեստավորումն անցած անձանց տրվում է ԵՊՀ-ի կողմից սահմանված նմուշի ավարտական փաստաթուղթ (վկայագիր, հավաստագիր):
82․ ԵՊՀ-ում ուսուցումը կարող է իրականացվել առկա, հեռակա, դրսեկության և հեռավար ձևերով: Թույլատրելի է կրթություն ստանալու տարբեր ձևերի զուգակցումը:
83․ ԵՊՀ հիմնական կրթական ծրագրերով ուսումնառությունն իրականացվում է՝ կրեդիտների կուտակման և փոխանցման համաեվրոպական համակարգի դրույթներին և Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:
84․ ԵՊՀ-ում գործում է ուսանողների գիտելիքների, հմտությունների և կարողությունների պարբերական ստուգման և գնահատման բազմագործոն համակարգ:
85․ ԵՊՀ-ում գործում է որակի ներքին ապահովման և վերահսկման համակարգ, որի նպատակը կրթության որակի շարունակական բարելավումն է:
86․ ԵՊՀ ասպիրանտուրա ընդունելությունը, դոկտորանտուրայի և հայցորդության ձևակերպումն իրականացվում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով։
87․ ԵՊՀ-ում իրականացվող գիտահետազոտական աշխատանքներին կարող են մասնակցել ԵՊՀ աշխատողները և սովորողները, ինչպես նաև պայմանագրային հիմունքներով հրավիրված այլ մասնագետներ:
88․ ԵՊՀ-ն կազմակերպում և անցկացնում է գիտաժողովներ, համաժողովներ, խորհրդակցություններ, սեմինարներ, հրատարակում է գիտական պարբերականներ, ժողովածուներ, մենագրություններ, դասագրքեր, ուսումնական ձեռնարկներ:
89․ ԵՊՀ-ում գործում են գիտական աստիճաններ շնորհող մասնագիտական խորհուրդներ: Գիտական աստիճանները շնորհվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
90․ ԵՊՀ կրթական և գիտական գործունեությունը ֆինանսավորվում է հետևյալ աղբյուրներից՝
Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից,
Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա հիմնարկների, կազմակերպությունների ու ֆիզիկական անձանց նվիրատվություններից, նվիրաբերություններից, դրամաշնորհներից,
վճարովի ծառայություններից ստացվող միջոցներից,
բարեգործական նպատակով տրամադրվող միջոցներից,
նախաձեռնողական հետազոտությունների համար նախատեսված միջոցներից,
Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրներից:
91․ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցներով իրականացվող գիտահետազոտական, նախագծային, կոնստրուկտորական, փորձարարական և այլ աշխատանքների պլանավորումը, ֆինանսավորումը, հաշվետվությունն իրականացվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
11․ ԵՊՀ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ
92․ ԵՊՀ-նունի առանձնացված և կառուցվածքային ստորաբաժանումներ: Առանձնացված ստորաբաժանումներն են մասնաճյուղերը և հիմնարկները: Կառուցվածքային ստորաբաժանումներն են վարչական, ակադեմիական (ուսումնական, գիտական, հետազոտական) և օժանդակ ստորաբաժանումները:
93․ Ինստիտուտը ԵՊՀ կառուցվածքային ստորաբաժանում է, որն իրականացնում է բարձրագույն կրթություն մեկ կամ մի քանի մասնագիտություններով (կրթական ծրագրեր) և գիտահետազոտական ուսումնասիրություններ:
94․ Ինստիտուտի կառավարման մարմիններն են ինստիտուտի գիտական խորհուրդը և Տնօրենը: Ինստիտուտի կառավարման կոլեգիալ մարմինը ինստիտուտի գիտական խորհուրդն է, որի իրավասությունները, կազմը, ձևավորման ու գործունեության կարգը սահմանվում են ինստիտուտի օրինակելի կանոնակարգով և ինստիտուտի կանոնակարգով:
95․ Ինստիտուտի ընթացիկ գործունեության կառավարումն ու համակարգումն իրականացնում է Տնօրենը, որը կարող է ընտրվել ինստիտուտի ուղղությանը համապատասխան գիտական աստիճան և կոչում ունեցող անձը:
96․ Տնօրենն ընտրվում է ԵՊՀ գիտական խորհրդում փակ, գաղտնի քվեարկությամբ 5 տարի ժամկետով: Տնօրենի պաշտոնում ընտրված է համարվում այն թեկնածուն, որը ստացել է ԵՊՀ գիտական խորհրդի ձայների ընդհանուր թվի մեծամասնությունը: Ընտրված Տնօրենին պաշտոնի է նշանակում Ռեկտորը և սահմանված կարգով կնքում է պայմանագիր՝ 5 տարի ժամկետով: Նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ ընտրվել Տնօրենի պաշտոնում։
97․ Տնօրենի ընտրության կազմակերպման և իրականացման կարգի մանրամասները սահմանվում են ԵՊՀ գիտական խորհրդի կողմից։
98․ Սույն կանոնադրությամբ սահմանված ինստիտուտին վերաբերող 93-97-րդ կետերը կիրառելի են նաև ֆակուլտետի դեպքում: Սույն կանոնադրության 49-րդ կետի 8-րդ, 10-13-րդ ենթակետերը և 93-97-րդ կետերը տարածվում են նաև բարձրագույն կրթության մեկ կամ մի քանի ծրագիր իրականացնող բոլոր ստորաբաժանումների վրա։
99․ Ֆակուլտետը ԵՊՀ կառուցվածքային ստորաբաժանում է, որն իրականացնում է բարձրագույն կրթություն մեկ մասնագիտություն (կրթական ծրագիր (եր)) և գիտահետազոտական ուսումնասիրություններ:
100․ Ֆակուլտետի կառավարման մարմիններն են ֆակուլտետի գիտական խորհուրդը և Դեկանը:
101․ Գիտահետազոտական կենտրոնները և ամբիոնները ԵՊՀ կառուցվածքային ստորաբաժանումներ են, որոնց իրավասությունները, ձևավորման և գործունեության կարգը, կազմը սահմանվում են օրինակելի կանոնակարգերով և իրենց կանոնակարգերով:
102․ ԵՊՀ ամբիոնները կարող են լինել նաև համահամալսարանական։
103․ Գիտահետազոտական կենտրոնները և ամբիոնները կառավարվում են կոլեգիալ և միանձնյա կառավարման միջոցով:
104․ Ամբիոնը ղեկավարում է վարիչը, որը ընտրվում է ԵՊՀ գիտական խորհրդի կողմից սահմանված կարգով՝ ամբիոնի վարիչի ընտրության ընթացակարգով, բաց մրցույթի հիման վրա՝ փակ, գաղտնի քվեարկությամբ և 5 տարի ժամկետով ինստիտուտի կամ ֆակուլտետի գիտական խորհրդում: Ընտրությունների արդյունքների հիման վրա ամբիոնի վարիչին պաշտոնի է նշանակում Ռեկտորը: Ամբիոնի վարիչի գործունեությունը համարվում է գիտամանկավարժական աշխատանք: Նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ ընտրվել ամբիոնի վարիչի պաշտոնում։
105․ Գիտահետազոտական կենտրոնի ղեկավարը ընտրվում է ԵՊՀ գիտական խորհրդի կողմից սահմանված կարգով՝ գիտահետազոտական կենտրոնի ղեկավարի ընտրության ընթացակարգով, բաց մրցույթի հիման վրա՝ փակ, գաղտնի քվեարկությամբ և 5 տարի ժամկետով ինստիտուտի կամ ֆակուլտետի գիտական խորհրդում: Ընտրությունների արդյունքների հիման վրա գիտահետազոտական կենտրոնի ղեկավարին պաշտոնի է նշանակում Ռեկտորը: Նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ ընտրվել գիտահետազոտական կենտրոնի ղեկավարի պաշտոնում:
106․ ԵՊՀ մասնաճյուղը ԵՊՀ առանձնացված ստորաբաժանում է, որը գործում է՝ իր կանոնադրության համաձայն:
107․ ԵՊՀ մասնաճյուղի ստեղծման և լուծարման կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
108․ ԵՊՀ մասնաճյուղի կառավարման մարմիններն են ԵՊՀ մասնաճյուղի գիտական խորհուրդը և տնօրենը, որոնք իրենց իրավասությունների սահմաններում ընդունում են ինքնուրույն որոշումներ, եթե դրանք չեն հակասում Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը, սույն կանոնադրությանը և մասնաճյուղի կանոնադրությանը:
109․ ԵՊՀ մասնաճյուղի գիտական խորհրդի` որպես կառավարման մարմնի կազմը, ձևավորման ու գործունեության կարգը սահմանվում են մասնաճյուղի կանոնադրությամբ: ԵՊՀ մասնաճյուղի գիտական խորհուրդը կազմված է ի պաշտոնե, հրավիրյալ և ընտրովի անդամներից: ԵՊՀ մասնաճյուղի գիտական խորհրդի ի պաշտոնե և հրավիրյալ անդամների թիվը չի կարող գերազանցել դրա կազմի 50 տոկոսը: ԵՊՀ մասնաճյուղի գիտական խորհրդի ընտրովի անդամների թեկնածությունները համամասնորեն առաջադրում են մասնաճյուղի կառուցվածքային ստորաբաժանումները, որոնց թիվը հաշվարկվում է՝ ըստ տվյալ ստորաբաժանման հաստիքների գումարային թվի:
110․ ԵՊՀ մասնաճյուղի գիտական խորհրդի անդամների թվի 25 տոկոսը սովորողներ են, որոնց առաջադրում և ընտրությունն իրականացնում է մասնաճյուղի ուսանողական խորհուրդը:
111․ ԵՊՀ մասնաճյուղի գիտական խորհրդի նախագահը մասնաճյուղի տնօրենն է:
112․ ԵՊՀ մասնաճյուղի տնօրեն կարող է ընտրվել այն անձը, որն ունի գիտական աստիճան։ Նույն անձը չի կարող ավելի քան 2 անգամ անընդմեջ ընտրվել ԵՊՀ մասնաճյուղի տնօրենի պաշտոնում։
113․ ԵՊՀ մասնաճյուղի տնօրենը ղեկավարում է դրա կրթական, գիտական, հետազոտական, արտադրական և այլ գործունեությունը, որի վերաբերյալ ներկայացնում է ամենամյա հաշվետվություն ԵՊՀ հոգաբարձուների խորհրդին, ապահովում է ԵՊՀ մասնաճյուղի գիտական խորհրդի որոշումների կատարումը, իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, սույն կանոնադրությամբ և մասնաճյուղի կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ:
114․ ԵՊՀ կառուցվածքային այլ ստորաբաժանումների ձևավորման և գործունեության կարգերը, իրավասությունները սահմանվում են իրենց կանոնակարգերով և ներքին իրավական այլ ակտերով:
115․ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդին կից բարեվարքության հանձնախումբը սույն կանոնադրության 43-րդ կետի 21-րդ ենթակետով նախատեսված կարգով ստեղծված ժամանակավոր հանձնախումբ է, որն ուսումնասիրում է ԵՊՀ վարչակազմի աշխատողի կողմից ԵՊՀ վարչակազմի բարեվարքության կանոնագրքով նախատեսված կանոնի ենթադրյալ խախտումների վերաբերյալ հաղորդումը։
116․ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդին կից բարեվարքության հանձնախմբի կազմավորման ու գործունեության մանրամասները սահմանվում են ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի կողմից հաստատված բարեվարքության հանձնախմբի կանոնակարգով:
117․ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդին կից բարեվարքության հանձնախմբի անդամները չեն մասնակցում սույն կանոնադրության 43-րդ կետի 22-րդ ենթակետով սահմանված որոշումների կայացմանը:
12․ ԵՊՀ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԸ ԵՎ ՍՈՎՈՐՈՂՆԵՐԸ
118․ ԵՊՀ աշխատողները բաժանվում են պրոֆեսորադասախոսական (ամբիոնի վարիչ, պրոֆեսոր, դոցենտ, դասախոս և ասիստենտ), գիտական, վարչական (Ռեկտոր, պրոռեկտորներ, ԵՊՀ կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներ և այլն), ուսումնաօժանդակ, ինժեներատեխնիկական, արտադրական և այլ տարակարգերի։
119․ ԵՊՀ սովորողներն են ուսանողները, ասպիրանտները, հայցորդները, ինչպես նաև աշակերտները:
120․ ԵՊՀ աշխատողների և սովորողների իրավունքներն ու պարտականությունները սահմանվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, սույն կանոնադրությամբ, ԵՊՀ կոլեկտիվ պայմանագրով և ներքին իրավական այլ ակտերով:
121․ ԵՊՀ աշխատողներն իրավունք ունեն`
ընտրել և ընտրվել ԵՊՀ պաշտոններում ու կառավարման մարմիններում, ընդգրկվել և մասնակցել կառավարման մարմինների աշխատանքներին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, ԵՊՀ կանոնադրությամբ և կոլեկտիվ պայմանագրով սահմանված կարգով,
մասնակցել ԵՊՀ գործունեությանն առնչվող բոլոր խնդիրների քննարկմանը և լուծմանը,
ընտրել ուսումնական գործընթացի դասավանդման մեթոդներ,
միավորվել արհեստակցական կազմակերպություններում,
օգտվել գրադարանների, տեղեկատվական պահոցների, ուսումնական և գիտական ստորաբաժանումների, ինչպես նաև սոցիալ-կենցաղային, բուժական ստորաբաժանումների, ուսումնաարտադրական և մարզաառողջարանային բազաների, և կառուցվածքային այլ ստորաբաժանումների վճարովի և անվճար ծառայություններից՝ ԵՊՀ կանոնադրությանը և կոլեկտիվ պայմանագրին համապատասխան,
Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով բողոքարկել ԵՊՀ կառավարման մարմինների և համապատասխան ստորաբաժանումների ղեկավարների կողմից ընդունված ակտերը,
նախատեսված ժամկետում և սահմանված չափով ստանալ աշխատավարձ, լրավճարներ, հավելավճարներ, ինչպես նաև պարգևատրումներ ու խրախուսանքներ (ներառյալ` դրամական) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, սույն կանոնադրությամբ և ԵՊՀ կոլեկտիվ պայմանագրով սահմանված դեպքերում և կարգով,
մասնագիտական ու աշխատանքային գործունեության համար ունենալ կազմակերպական և նյութատեխնիկական պայմաններ,
ըստ նախասիրությունների` կազմակերպել և մասնակցել ԵՊՀ-ում անցկացվող գիտահետազոտական աշխատանքներին, սեմինարներին ու գիտաժողովներին,
ԵՊՀ աշխատողներն ունեն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, սույն կանոնադրությամբ և իրավական այլ ակտերով նախատեսված այլ իրավունքներ,
ԵՊՀ պրոֆեսորադասախոսական համակազմը, գիտական աշխատողները և սովորողներն օժտված են ակադեմիական ազատություններով:
122․ ԵՊՀ-ում պրոֆեսորադասախոսական համակազմի, գիտական աշխատողների բոլոր թափուր պաշտոնները զբաղեցվում են՝ համաձայն սույն կանոնադրության և պրոֆեսորադասախոսական պաշտոնների տեղակալման կարգի:
123․ ԵՊՀ աշխատողները պարտավոր են`
պահպանել և կատարել սույն կանոնադրության, ԵՊՀ ներքին կարգապահական կանոնների, ԵՊՀ էթիկայի կանոնագրքի, ԵՊՀ վարչակազմի բարեվարքության կանոնագրքի և ներքին իրավական այլ ակտերի պահանջները,
պահպանել աշխատաժամանակի ռեժիմը, արդյունավետ և աշխատանքային նկարագրին համապատասխան օգտագործել աշխատանքային ժամերը,
կատարել ԵՊՀ ղեկավար մարմինների օրինական որոշումները,
ապահովել ուսումնական գործընթացի, անցկացվող գիտական հետազոտությունների արդյունավետությունը,
պահպանել և արդյունավետ ու խնայողաբար օգտագործել ԵՊՀ գույքը,
պարբերաբար բարձրացնել իրենց մասնագիտական որակավորումը, անցնել վերապատրաստում կամ որակավորման բարձրացում ներքին իրավական ակտերով սահմանված կարգով և ժամկետում,
կատարել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, ԵՊՀ կանոնադրությամբ, էթիկայի կանոնագրքով, վարչակազմի բարեվարքության կանոնագրքով, ներքին կարգապահական կանոններով և ներքին իրավական այլ ակտերով նախատեսված պարտականությունները:
124․ ԵՊՀ սովորողներն իրավունք ունեն`
սեփական հայեցողությամբ, ըստ հակումների և պահանջմունքների՝ ընտրել մասնագիտությունը, ուսուցման ձևը, զբաղվել հետազոտություններով, ցանկացած կրթական աստիճանում ընդհատել կամ շարունակել բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթությունը,
ստանալ կրթության, գիտության, տեխնիկայի և մշակույթի ժամանակակից մակարդակին համապատասխանող գիտելիքներ, հմտություններ և կարողություններ, հաճախել ԵՊՀ-ում կարդացվող դասախոսություններին,
մասնակցել իրենց կրթության բովանդակության ձևավորմանը (ուսումնական դասընթացների և մասնագիտացման ընտրությանը)` պահպանելով բարձրագույն մասնագիտական կրթության պետական պահանջները,
մասնակցել ուսուցման որակն ապահովող գործառույթներին, գնահատել պրոֆեսորադասախոսական, ուսումնաօժանդակ կազմերի գործունեության արդյունավետությունը,
բացի ընտրած մասնագիտության ուսումնական դասընթացներից` յուրացնել ուսումնական ցանկացած այլ դասընթաց, որը դասավանդվում է ԵՊՀ-ում` ըստ սահմանված կարգի,
ընտրել բարձրագույն մասնագիտական կրթության հիմնական կրթական ծրագրերի տարբեր ձևերով ուսուցմումը՝ առկա (ստացիոնար), հեռակա, հեռավար (դիստանցիոն) և դրսեկություն (էքստեռնատ),
Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, սույն կանոնադրությամբ և իրավական այլ ակտերով սահմանված կարգով ընդգրկվել ու մասնակցել ԵՊՀ կառավարման մարմինների աշխատանքներին,
օգտվել ԵՊՀ գրադարանից, լաբորատորիաներից, տեղեկատվական պահոցներից, ուսումնական, գիտական, բուժական, մարզական, առողջարանային, ուսումնաարտադրական և այլ ստորաբաժանումների ծառայություններից,
ըստ նախասիրությունների` մասնակցել ԵՊՀ-ում անցկացվող ուսանողական, գիտահետազոտական, նորարարական աշխատանքներին, սեմինարներին և գիտաժողովներին,
միավորվել ուսանողական խորհուրդներում, ուսանողական գիտական ընկերություններում և ուսանողական այլ կազմակերպություններում,
բողոքարկել ԵՊՀ ղեկավարության հրամաններն ու կարգադրությունները Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով,
օգտվել ուսանողական նպաստի ձևով ուսման վարձավճարի մասնակի կամ լրիվ փոխհատուցման իրավունքից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով,
Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և ԵՊՀ-ի կողմից սահմանված կարգով ստանալ սահմանված չափի (ներառյալ՝ անվանական) կրթաթոշակ,
ծանոթանալ ԵՊՀ կանոնադրությանը և իրավական այլ փաստաթղթերին,
Լիազոր մարմնի սահմանած կարգով անհրաժեշտության դեպքում ստանալ ակադեմիական արձակուրդ` մինչև մեկ տարի ժամկետով՝ բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերի,
ուսուցման առկա ձևով ուսումնառության դեպքում տվյալ ուսումնական տարվա ընթացքում առնվազն երկու անգամ գտնվել արձակուրդում` առնվազն յոթ շաբաթ ընդհանուր տևողությամբ,
հանրակացարանի առկայության և բնակելի տարածքի կարիք ունենալու դեպքերում ԵՊՀ սահմանած կարգով հանրակացարանում ստանալ համապատասխան տեղ,
սահմանված կարգով փոխադրվել մեկ այլ բարձրագույն ուսումնական հաստատություն, ներառյալ՝ օտարերկրյա պետությունների բարձրագույն ուսումնական հաստատություններ,
ուսման բարձր առաջադիմության, հասարակական ակտիվության ու գիտահետազոտական աշխատանքներին մասնակցելու համար ստանալ բարոյական և (կամ) նյութական խրախուսանք Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և ԵՊՀ սահմանած կարգով,
125․ ԵՊՀ սովորողներն ունեն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, սույն կանոնադրությամբ և իրավական այլ ակտերով սահմանված այլ իրավունքներ:
126․ Կրթությունն ընդհատած նախկին ուսանողը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրավունք ունի վերականգնվել ԵՊՀ-ում:
127․ Արգելվում է ուսանողներին արտաուսումնական աշխատանքում ներգրավելը` առանց նրանց և (կամ) նրանց օրինական ներկայացուցիչների համաձայնության:
128․ ԵՊՀ սովորողները պարտավոր են`
սահմանված ժամկետում կատարել ուսումնական բոլոր առաջադրանքները,
տիրապետել բարձր որակավորում ունեցող մասնագետի համար անհրաժեշտ գիտելիքներին, հմտություններին և կարողություններին,
անշեղորեն կատարել սույն կանոնադրության, ներքին կարգապահական կանոնների և ներքին իրավական այլ ակտերի պահանջները,
հաճախել ուսումնական ծրագրերով նախատեսված դասընթացներին,
հոգատար վերաբերվել ԵՊՀ գույքին,
պահպանել համակեցության, բարոյականության, սահմանված էթիկայի ու բարեվարքության նորմերը,
վճարովի հիմունքներով կրթություն ստացող ուսանողները պարտավոր են ժամանակին վճարել ուսման վարձավճարը: Ուսման վարձավճարը ժամանակին չվճարելու դեպքում այդ ուսանողները կարող են հեռացվել ԵՊՀ-ից,
կատարել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, սույն կանոնադրությամբ, էթիկայի կանոնագրքով, ներքին կարգապահական կանոններով, ներքին իրավական այլ ակտերով և ուսումնառության պայմանների վերաբերյալ կնքված պայմանագրով նախատեսված պարտականությունները:
129․ Այն սովորողները, որոնք չեն կատարում սույն կանոնադրությամբ, ԵՊՀ էթիկայի կանոնագրքով, ներքին կարգապահական կանոններով, ներքին այլ իրավական ակտերով սահմանված պարտականությունները, ցուցաբերում են անբավարար ակադեմիական առաջադիմություն, Ռեկտորի կամ նրա կողմից լիազորված անձի հրամանով կարող են ենթարկվել կարգապահական տույժերի` ընդհուպ մինչև հեռացվել ԵՊՀ-ից ներքին իրավական ակտերով սահմանված դեպքերում և կարգով:
130․ ԵՊՀ ուսանողական խորհուրդը ԵՊՀ-ում գործող ուսանողական կազմակերպություն է, որը սովորողների ինքնակառավարման, ընտրովի ներկայացուցչական մարմին է: Ուսանողական խորհրդի գործունեությունը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, ԵՊՀ կանոնադրությամբ և ուսանողական խորհրդի կանոնադրությամբ: ԵՊՀ ուսանողական խորհրդի կանոնադրությունն ընդունվում է ուսանողական խորհրդի բարձրագույն ղեկավար մարմնի կողմից և հաստատվում Լիազոր մարմնի կողմից:
131․ ԵՊՀ ուսանողական գիտական ընկերությունը ԵՊՀ-ում գործող ուսանողական կազմակերպություն է, որի նպատակը սովորողների գիտական, ստեղծագործական և հոգևոր զարգացմանը նպաստելն է: Ուսանողական գիտական ընկերության ստեղծման և գործունեության կարգը հաստատվում է Լիազոր մարմնի կողմից:
13. ԵՊՀ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀՐԱՊԱՐԱԿԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ
132․ ԵՊՀ գործունեության նկատմամբ վերահսկողությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
133․ ԵՊՀ-ի՝ «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պահանջների կատարման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության Պետական եկամուտների կոմիտեն, իսկ օրենքով սահմանված դեպքում՝ նաև պետական իրավասու այլ մարմիններ՝ ըստ իրենց իրավասությունների, ստուգումների և ուսումնասիրությունների՝ օրենքով նախատեսված ընթացակարգերի համաձայն: ԵՊՀ ֆինանսական գործունեությունը վերստուգվում է անկախ աուդիտորի կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ անձի կողմից՝ առնվազն տարեկան մեկ անգամ: ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի անդամների 1/3-ի պահանջով կարող է իրականացվել արտահերթ աուդիտ: Աուդիտ իրականացնող անձն ընտրվում է ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի կողմից` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջներին համապատասխան:
134․ ԵՊՀ գործունեության նկատմամբ վերահսկողությունը և հրապարակայնությունը կարգավորվում է «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 38-րդ և 39-րդ հոդվածներով:
14. ԵՊՀ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄՆ ՈՒ ԼՈՒԾԱՐՈՒՄԸ
135․ ԵՊՀ-ն կարող է վերակազմակերպվել միայն հիմնադրամի այլ հիմնադրամին միացման կամ այլ հիմնադրամի հետ միաձուլման ձևով։
136․ ԵՊՀ-ն կարող է վերակազմակերպվել Հիմնադրի կամ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի որոշմամբ՝ օրենքով սահմանված կարգով:
137․ ԵՊՀ լուծարումը նրա գործունեության դադարումն է՝ առանց նրա իրավունքներն ու պարտականություններն իրավահաջորդության կարգով այլ անձանց անցնելու:
138․ ԵՊՀ լուծարման մասին որոշում կարող է ընդունել միայն դատարանը շահագրգիռ անձանց դիմումի հիման վրա: ԵՊՀ անունից որպես շահագրգիռ անձ կարող է հանդես գալ ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդը:
139․ ԵՊՀ-ն կարող է լուծարվել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
140․ ԵՊՀ-ն կարող է լուծարվել նաև «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված այլ դեպքերում:
141. Հիմնադրամի լուծարման դեպքում պարտատերերի պահանջները բավարարելուց հետո, ինչպես նաև այն դեպքում, երբ լուծարման միջանկյալ հաշվեկշիռը հաստատելու պահին հիմնադրամը չունի պարտավորություններ պարտատերերի նկատմամբ, գույքն ուղղվում է հիմնադրամի կանոնադրությամբ նախատեսված նպատակներին, դրա անհնարինության դեպքում դրամական միջոցները փոխանցվում են պետական բյուջե, իսկ այլ գույքը սեփականության իրավունքով փոխանցվում է Հայաստանի Հանրապետությանը՝ ի դեմս Կառավարության, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի: