Общая информация
ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅԱՆ ԽՈՒՄԲ ՈՒՆԵՑՈՂ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻՆ ԼՐԱՎՃԱՐ ՎՃԱՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հաշվի առնելով ԵՊՀ արհեստակցական կազմակերպության առաջարկությունը և ղեկավարվելով ԵՊՀ կոլեկտիվ պայմանագրի 7.2.-րդ կետի պահանջներով, Երևանի պետական համալսարանի հաշմանդամության խումբ ունեցող աշխատողների սոցիալական վիճակը բարելավելու նպատակով
հրամայում եմ.
1. 2017 թ. հունվարի 1-ից հաշմանդամության խումբ ունեցող ԵՊՀ-ի բոլոր աշխատողներին յուրաքանչյուր ամիս վճարել լրավճար՝ ըստ հաշմանդամության խմբերի հետևյալ չափերով.
1-ին խմբի հաշմանդամություն ունեցող աշխատողներին՝ 20.000 ՀՀ դրամի չափով,
2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող աշխատողներին՝ 15.000 ՀՀ դրամի չափով,
3-րդ խմբի հաշմանդամություն ունեցող աշխատողներին՝ 10.000 ՀՀ դրամի չափով:
2. Հաշմանդամության խումբ ունեցող աշխատողները պարտավոր են ԵՊՀ արհեստակցական կազմակերպությանը ներկայացնել ՀՀ բժշկասոցիալական փորձաքննության գործակալության կողմից իրենց տրված բժշկասոցիալական փորձաքննական որոշումը:
3. Սույն հրամանով սահմանված լրավճարը վճարվում է աշխատողի կողմից ՀՀ բժշկասոցիալական փորձաքննության գործակալության կողմից տրված բժշկասոցիալական փորձաքննական որոշումը ԵՊՀ արհեստակցական կազմակերպություն ներկայացնելու պահից մինչև որոշմամբ սահմանված հաշմանդամության ժամկետի ավարտը: Աշխատողի կողմից բժշկասոցիալական փորձաքննական որոշումն ուշ ներկայացնելու կամ չներկայացնելու դեպքում նախորդ ժամանակահատվածի (ամիսների) համար լրավճար չի վճարվում:
4. Հաշմանդամության խումբ ունեցող ԵՊՀ-ի աշխատողների հաշվառումը կատարում և հավաքագրված տվյալները ԵՊՀ-ի կադրերի բաժնին ներկայացնում է ԵՊՀ արհեստակցական կազմակերպությունը:
5. ԵՊՀ-ի կադրերի բաժնի վարիչին՝ ԵՊՀ արհեստակցական կազմակերպության կողմից ներկայացված տվյալների հիման վրա պատրաստել ԵՊՀ հաշմանդամության կարգ ունեցող աշխատողներին մինչև նրանց հաշմանդամության ժամկետի ավարտը լրավճար վճարելու մասին հրամանի նախագիծ՝ կցելով անվանական կազմը և այն ներկայացնել ԵՊՀ ռեկտորի հաստատմանը:
6. ԵՊՀ-ի գլխավոր հաշվապահին՝ ըստ ԵՊՀ ռեկտորի հրամանով հաստատված անվանական կազմի, հաշմանդամության խումբ ունեցող ԵՊՀ-ի աշխատողներին, յուրաքանչյուր ամիս մինչև բժշկասոցիալական փորձաքննական որոշմամբ սահմանված հաշմանդամության ժամկետի ավարտը, սույն հրամանի 1-ին կետում նշված չափով վճարել լրավճար:
7. ԵՊՀ-ի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներին՝ սույն հրամանի մասին պատշաճ կարգով տեղեկացնել ԵՊՀ-ի աշխատողներին:
8. 2017 թ. հունվարի 1-ից ուժը կորցրած ճանաչել ԵՊՀ ռեկտորի 2015 թ. դեկտեմբերի 2-ի թիվ 218§31 հրամանը:
9. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում 2017 թ. հունվարի 1-ից: